Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՐԿԱԹԵ ԳՄԲԵԹԸ» ԿՊԱՇՏՊԱՆԻ ԻՍՐԱՅԵԼԸ



Իսրայելի օդուժը փորձնական հերթապահության է կանգնեցրել հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» (Iron Dome) նոր համակարգը: Տեխնիկական տվյալների համաձայն, իսրայելական Rafael ընկերության արտադրանքը կարող է որսալ 4-70 կմ հեռավորությունից արձակված հրթիռները: Ընդ որում, համակարգն ունակ է հաշվարկել, թե որտեղ կընկնի հակառակորդի հրթիռը, և եթե տեղանքը մարդաբնակ չէ, հակահրթիռ չի արձակվի: Զինատեսակի մեկ մարտկոցը բաղկացած է մեկնարկային երեք կայանից` յուրաքանչյուրը քսան Tamir հակահրթիռով, կրակի կառավարման կետից և բազմաֆունկցիոնալ ռադիոտեղորոշիչ կայանից: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հակահրթիռային համակարգերի տեղակայման ծրագրերի մասին, համաձայն որոնց դրանք առաջնահերթ կփակեն Գազայի հատվածը, ապա Լիբանանի հետ սահմանը: Հյուսիսային և հարավային սահմանների լիարժեք պաշտպանության համար բանակին անհրաժեշտ կլինի քսան մարտկոց:
Երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն նշել է, որ «Երկաթե գմբեթ»-ը դեռևս փորձնական փուլում է և առայժմ չի կարող լիովին պաշտպանել երկրի տարածքը հրթիռային հարձակումից: Իսրայելում նախատեսում են ձևավորել հակահրթիռային պաշտպանության լայնաշերտ համակարգ, որի մեջ «Երկաթե գմբեթ»-ից բացի կմտնեն նաև հակաբալիստիկ հրթիռներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


28/03/2011