ԻՍԿ ՀԵՐՈՍՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ
Մինչև գոտկատեղը թաղվել էր ձյան մեջ։ Գնալով դժվարանում էր ոտքը ոտքի հետևից գցելը։ Առջևից փորձառու տղաներն էին քայլում, իրենց ոտնահետքերով բացում ճանապարհը։ Ինքը առաջին անգամ էր մասնակցում մարտական առաջադրանքի կատարմանը։ Շահումյանի անտառներում էին, թշնամու թիկունքում։ Լավ էր, ամեն ինչ բարեհաջող անցավ, ու հիմա վերադառնում էին Մռավի փեշերին տեղակայված իրենց կացարան-շտաբը։ Հարկավոր էր շտապել։ Ամեն քայլ գցելիս մտքում աղոթում էր, որ Աստված իրեն ուժ տա, որ հետ չմնա ընկերներից։ Քայլում էր ու մտովի հիշում այս մի քանի ամիսների իր ապրածը, որն ասես շատ էր խտացած, երկարած ու մի տարվա, նույնիսկ տարիների շարան էր դարձել…
…18-ը նոր էր բոլորել։ Պատանության շեմը նոր-նոր էր հաղթահարել, երբ «Արամ Մանուկյան» ջոկատի հետ 1992 թ.-ի գարնանը եկավ Մարտունի։ Իրենց ջոկատի կացարանի կողքին ապրում էր Մոնթե Մելքոնյանը։
Տունը, որը ծառայում էր և՛ որպես կացարան, և՛ որպես շտաբ, միշտ լիքն էր լինում ազատամարտիկներով։ Մոնթեի շունը ձագեր էր հանել, ու ինքը ազատ ժամերին նրանց հետ խաղում էր։ Մեկ-մեկ նկատում էր, որ պատուհանից ժպիտը դեմքին իրեն է նայում Մոնթեն։ Ու մի օր էլ ցած իջավ ու իր հետ խոսեց։ Սկզբում ասաց.
-Աս մանչն ո՞վ է,- ու չսպասելով պատասխանի, հարցրեց,- ճուտո՛, քանի՞ տարեկան ես, որտեղացի՞ ես, ո՞վ ունես տանը։
Եվ այսպես բազմաթիվ հարցեր, որոնց ինքը պատասխանում էր ամոթխածորեն… «Մոնթեի մասին բոլորը պատկառանքով էին խոսում և շատ էին սիրում նրան։ Լսել էի, որ Մոնթեն կենդանիներ շատ է սիրում։ Երբ արդեն պատրաստվում էի վերադառնալ կացարան, Մոնթեն ձայն տվեց.
-Ճուտո՛, երևում է` կենդանիներ շատ ես սիրում, աս մի լակոտը վերցրու քեզ։
Երբ փոքրիկ շան ձագին գրկած շնչակտուր ներս մտավ, տղաները ուրախությամբ ու զարմացած իրեն դիմավորեցին։ Ու շունը, որին Ջեսի կոչեցին, դարձավ բոլորի սիրելին։ Ու այսպես մտքով Ջեսիի հետ, որը հիմա իրեն սպասում է, դժվարությամբ առաջ էր շարժվում ձյան միջով։
«Միայն ամոթով չմնամ տղաների մոտ»,- մտածում էր։ Ու հանկարծ այդ պահին Նովիկը հայացքը հետ գցեց, նայեց իրեն ու բեռնավորված ձին մոտեցնելով, պոչը տվեց իրեն.
-Ամեն ինչ լավ է, ամուր բռնիր ձիու պոչից, նա քեզ դուրս կբերի, ապահով կհասնեք շտաբ։
Որքա՜ն թեթևացան քայլերը, որքա՜ն գեղեցկացավ աշխարհը։ Երկար-երկար տարիներ հետո նա հիշելով այդ պահը՝ ասում է.
-Այդ պահը վճռորոշ դարձավ իմ հետագա կյանքի համար. Նովիկն իր նրբանկատ արարքով փրկեց իմ արժանապատվությունը, իմ ինքնասիրությունը, թույլ չտվեց ամոթով մնամ իմ ընկերների առաջ։
Այս փոքրիկ վերհուշը Արկադյա Բաղդասարյանի ապրած հարուստ, հետաքրքիր կենսագրությունից է։ Նրա մտքերը լուսավոր են, միտքը պայծառը…, Թերթում եմ գրառումներս ու զարմանում` ասես թևավոր խոսքեր լինեն.
-Մենք ենք կերտում մեր հերոսներին, երբեմն հաջողությունները վերագրում ենք մեզ, անհաջողությունները թողնում ենք անհասցե։ Իսկ հերոսները լռում են…
-Հոգեպես ուժեղ մարդիկ են բարի լինում, նրա՛նք կհասկանան՝ ինչ է քաջությունը։
-Հայրենիքը կորցնում ենք, դրսում հայրենիք ենք երգում։
-Մերձավորին կորցնում ենք՝ մխիթարվում շքեղ տապանաքարով։
-Գեղեցիկն ընկալելու համար մաքուր, անաղարտ հոգի է պետք։
-Հերոսը միշտ ջահել է մնում, որովհետև անցնում է անմահության սահմանը։
-Հերոսը նա է, ով չի ստիպում իրեն լսել, այլ դու ես նրան ուզում լսել ու լսել։
-Իրենց կյանքից բողոքողները շատ են. դու ի՞նչ ես արել այդ հուսահատությունը ցրելու համար,- հարցնում եմ ես։
Արկադյան ծնվել է 1972թ. Հրազդանում։ Սակայն հայրը սերում է Մուշի Ալաջաղ գյուղից, իսկ մայրը Անիի Արծափ բնակավայրից է։ Քույրը` Աննան, ճանաչված լրագրողուհի է, եղբայրը՝ Արսենը, գեղանկարիչ։ Ապրում է Սանկտ Պետերբուրգում։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բացված Արսենի անհատական նկարչական ցուցահանդեսներում գերիշխում են հայկական գույնն ու պատկերները։
Արկադյան ամուսնացած է, ունի Սուրեն և Սոնա անուններով հրաշալի երեխաներ։ Կինը՝ Մարինեն, մանկավարժ է։
-Ես իմ երեխաներին չեմ փորձում դնել կաղապարների մեջ, նրանք ազատ են իրենց մտածումներով, իրենց արարքներով։ Չեմ ուզում նրանք իմ նմանակը լինեն, թող լինեն ինքնուրույն, սկզբունքային։ Դժվար թե նրանք սխալներ գործեն, որովհետև ամենամեծ դաստիարակությունն ընտանիքն է՝ տատիկ-պապիկները, ծնողները… Ես իմ պատերազմական օրերի պատմությունները պատմում եմ այն ժամանակ, երբ նրանք ցանկություն ունեն լսելու։ Ես պատմում եմ իմ ընկերներից, մեր հաղթական օրերից: Եթե իմ վերքերով են հետաքրքրվում, ես լռում եմ… Բայց նրանք գիտեն իմ ցավերի մասին։ Գիտեն ու երբեմն զարմացած ասում են. «Այսքան լույս, այսքան ժպիտ, այսքան բարություն կա քո հոգում, որովհետև դու սիրում ես կյանքը, սիրում ես ընտանիքը, սիրում ես մեզ..»:
-Պատերազմական օրերից անչափ շատ լուսանկարներ են պահպանվել։ Ես երջանիկ եմ, որ ճանաչում եմ լուսանկարի տղաներին, նրանք իմ հարստությունն են, իմ երջանկությունը։ Տարիքով փոքր էի, ինձ Ճուտո էին ասում, ու ամեն անգամ, երբ կռվի էի դուրս գալիս, մտքումս աղոթում էի. «Աստված իմ, չվախենամ, ամոթով չմնամ իմ ընկերների մոտ»։ Տոնաշենի դիրքերում հանդիպեցի մի ադրբեջանցու՝ անմեղ, վախեցած հայացք ուներ՝ պարզվեց, որ լեզգի է։ Միշտ դժվարին տեղեր նրանք լեզգիներին էին ուղարկում։ Մի անգամ էլ գյուղի նախագահն իր երկու տղաների հետ գերի հանձնվեց: Միայն պետք էր տեսնել ծնողի հայացքը, սարսափ կար, և աչքը չէր կարողանում կտրել իր տղաներից։ Մեր հրամանատար Նովիկ Գյուլումյանը, երբ զրուցեց գերու հետ, նրա մութ աչքերը բացվեցին ու նայելով մեր հրամանատարի պարզ աչքերին՝ ասաց.
-Մերոնցից շատերն են ուզում գերի հանձնվել…
Ու երբ երեկոյան տղաներով զրուցում էինք, քննարկում գերու ասած այս խոսքերը, հիշում էինք մեր գերի ընկած, խոշտանգված ընկերներին.
-Թուրքը հեշտությամբ է գերի հանձնվում, որովհետև մենք պահպանել ենք մեր ցեղի արիականությունը, ազնվությունը…
Մեր լուսահոգի Վահեն թուրքի 4 տարեկան երեխային Գևորգ էր կոչել ու ազատ ժամերին հետը խաղում էր։
Հաճախ ինձ թվում է, թե այս ամենը երազ է՝ չեմ հավատում, որ ապրել եմ նրանց հետ՝ Ֆեդյայի, Յուրայի, Զարզանդի, Նվերի, օպերատոր Հակոբի, Թաթուլի, Գևորգի, Աբոյի (հիմա ԱՄՆ-ում է), Մամիկի, բյուրեղավանցի Ստյոպի, ֆրանսահայ Ժորժի, առավելապես չեմ հավատում, որ զոհվել են Դավիթ Խուդոյանը, Սևակ Նահապետյանը, Վահե Բաղդասարյանը, Վալերի Ջիլավյանը, Հովիկ դային, Շուրա Կիզիրյանը… Երանի ես գրիչ ունենայի ու կարողանայի նկարագրել իմ ընկերների ապրած կարճ կյանքը, նրանց մտորումները, նրանց կռիվները։ Նրանք հայրենասիրական բարձրագոչ ճառ չէին ասում… Ա՜յ, գրիչ ունենայի ու այդ ամենի մասին պատմեի…
Բժիշկ Արտակը և Արմինեն նոր էին ավարտել բժշկականը, նոր էին ամուսնացել ու եկել Եղնիկներ։ Դեռ նրանց մեղրամիսը չէր ավարտվել, որ Արտակը զոհվեց։ Արմինեն, մեր քույր Արմինե Նավասարդյանը, երդվեց ու մինչև պատերազմի ավարտը մնաց ջոկատի տղաների հետ։ Հիմա հանրապետական հիվանդանոցում բժշկուհի է: Մեր քույրը քանի՜ քանիսին կյանք պարգեւեց…
Եվ «Եղնիկներ» փաղաքուշ անունով ջոկատում միավորվել ու կռվում էին տղաներ, որոնց ծննդավայրերը գերության մեջ էին` Շահեն Մեղրյան, Սերգեյ Չալյան, Նովիկ Գյուլումյան։ Հիշում եմ Մոնթեի խոսքերը, որ նա ասաց, երբ իմացավ, որ Մարտունիից մի ընտանիք գիշերով հեռացել է. «Ո՞ւր եք գնում, աս տները, շեները Էլչիբե՞յը պիտի գա պաշտպանի»։
…Հրադադարից հետո Արկադյա Բաղդասարյանը ամուսնացավ, ընտանիք կազմեց, սակայն սիրտը չէր կտրվում սահմաններից, լեռներից։ Երեք անգամ վիրահատվել է, ունի շաքարախտ։ Անցել է պայմանագրային ծառայության։ Սիրով է տալիս անուններ, որոնք արդեն հրադադարի օրերի զինվորներ են՝ Արմեն Զաքարյան, Լյովա Մաթևոսյան, գնդապետ Արմեն Օհանյան, սերժանտ Արմեն Էդիլյան, եղբայրներ Գագիկ և Գուրգեն Էլլարյաններ, Արա Պողոսյան, Զավեն Զաքարյան, Արմեն Սահակյան, Անդրանիկ Գևորգյան, Ռուբեն Սանամյան, Արմեն Բաղրամյան, որը վիրավորվեց ականապատ դաշտից ընկերոջը դուրս բերելուց, կապիտան Հովիկ Առաքելյան, հրազդանցի տղաները։ Թվարկածս տղաները բոլորն էլ նվիրյալ զինվորներ են։ Ես մի բան գիտեմ, որ եթե կռիվ լինի՝ մենք միասին ենք լինելու, ես լինելու եմ նրանց կողքին…
Սակայն Արկադյա Բաղդասարյանն ապրում է նաև իր ուրույն աշխարհում. դա տան փոքրիկ պատշգամբն է, որտեղ 70-ից ավելի ծաղիկներ է աճեցնում։ Նա ժամերով կարող է այնտեղ նստել, հիանալ բազմագույն ու բազմատեսակ ծաղիկների բույրով և անխոս զրույցի բռնվել նրանց հետ։
Երբ պարգևատրումների մասին եմ հարցնում, գլուխը բացասաբար շարժում է: Իսկ նրա լռությունը խոսուն է, և ես պարզորոշ լսում եմ.
-Անտարբերությունը չարիք է, ոգու սով, հավատը պետք է ուժեղացնենք, որ հոգիները զորեղանան։
-Հայրենիքը սեր է, պետք է նվիրվել ու ոչինչ չակնկալել։
-Ես հերոսական ոչինչ չեմ արել, որովհետև եղեռնը մեր ամոթն է։
-Չնչին բարեգործությունները մեր մարտիրոս-նահատակների անունով արված, մեր դժբախտությունն են։
-Ես անցյալիս հաշվին չեմ ուզում ապրել…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ԱՐԿԱԴՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
Խորագիր՝ #08 (1026) 6.03.2014 – 12.03.2014, Ճակատագրեր