ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ ՔՈ ԳՈՐԾԸ, ՄԱՐԴԿԱՆՑ, ՀԱՅՐԵՆԻՔԴ
Բանակում ծառայող կանանց թիվը մեծ է հատկապես ռազմաբժշկական ոլորտում: Նրանք իրենց մասնագիտական կարողությունները և կանացի քնքշանքն են ներդնում զինծառայողների առողջական խնդիրները լուծելու, հնարավորինս շուտ շարք վերադարձնելու կարևոր գործում: Այդ առաքելությունն արժանապատվորեն կատարող կանանցից մեկը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի ակնաբույժ, կապիտան Գայանե Վարդանյանն է: Հոգատար ու բանիմաց երիտասարդ բժշկուհու մասին երախտիքի ջերմ խոսքեր ասողները շատ են: Սիրում և հավատում են, ահա՛ ամենամեծ գնահատականը:
Կապիտան Վարդանյանը 1997 թ.-ին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը, 2003 թ.-ին` ինտերնատուրան, 2005-2008 թվականներին օրդինատուրան անցել է Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում` անմիջապես անվանի ակնաբույժի որդու, ճանաչված մասնագետ Ա. Մալայանի ղեկավարությամբ: Եվ տեսական ու գործնական մեծ պաշարով 2008թ.-ին անցել է ծառայության Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում՝ որպես պոլիկլինիկայի ակնաբուժական կաբինետի պետ: Վարդանյանների ընտանիքում ևս մեկ բժիշկ կա` ավագ լեյտենանտ Շալիկո Վարդանյանը, որը գնդապետ Գ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժծառայության պետն է:
Կապիտան Գայանե Վարդանյանը կարևորում է կանանց ներկայությունը բանակում, նշելով, որ ազգի արժանավոր դուստրերը հնուց անտի մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործին, ուս ուսի մարտնչել ոսոխի դեմ: Արցախյան պատերազմում բազում հայ կանայք հուսալի նեցուկ են եղել ազատամարտիկների համար, իսկ նրանցից ոմանք հաղթանակը մոտեցրել են իրենց արյան գնով: Հավերժ փառք նրանց:
Կապիտան Գայանե Վարդանյանը գիտակցաբար է ընտրել իր մասնագիտությունը և այժմ ավելի հեշտությամբ է հաղթահարում զինվորական ծառայության հետ կապված դժվարությունները: «Անկախ նրանից քաղաքացիական, թե ռազմական բժիշկ ենք, մեր մասնագիտական պարտքն է բուժօգնություն ցուցաբերել հիվանդին, ապաքինել և բնականոն կյանք վերադարձնել, – ասում է բժշկուհին, – այս առումով, իսկապես, տարբերություն չեմ տեսնում: Այդուհանդերձ, բանակում պատասխանատվությունն առավել մեծ է, որովհետև խոսքը հայրենիքի պաշտպան զինվորին շարք վերադարձնելու մասին է»:
Ահա նման գիտակցումով են հոսպիտալի մեր բժիշկներն ու աշխատակիցները մոտենում իրենց պարտականությունների կատարմանը:
ՄՀԵՐ ԱՀՅԱՆ
Լուս.` հեղինակի