Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԱՌ ՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ



Երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը Քեսաբի ծնունդ էր: Ներկայացնում ենք Վեհափառ Հայրապետի խոսքը իր ծննդավայրի` «պատառ մը Հայաստան, Հայաստանեն դուրս»` Քեսաբի մասին:

«Հայկական սփյուռքի մեջ Քեսապն ունի իր յուրահատուկ տեղը։ Գաղութ չէ, այդ բառին նեղ իմաստովը։ 19-րդ կամ 20-րդ դարուն, բռնությամբ կամ կամավոր մեկնումներով կազմված հայկական հավաքականություն չէ Քեսապի հայությունը, այդ իմաստով հար եւ նման ըլլալով այն մյուս նույնաբարբառ և նույնավանդ ու դարերու դրացնության մեջ ապրած ժողովուրդին, որ Մուսա Լեռան մեջ դարերով իրագործեց իր կյանքը և սակայն արտասահմանվեցավ Մեծ Եղեռնեն, բայց մանավանդ 1939 թվին, ֆրանսական հոգատար իշխանության կողմե Սանճագի հարկադրյալ և անարդար պարպումովը և Թուրքիո պետության հանձնումովը։

Հոն, Քեսապի թե Մուսա Դաղի մեջ, դարերը իրենց տեղն ու խոսքը ունին, առկա, կենդանի ներկայությամբ և ոչ թե սոսկ պատմական հիշողությամբ, անցյալի տեսական կամ մտապատկերային, երևակայական վերարտադրությամբ։

Պատմական բախտավոր դարձվածքով մը Քեսապը զերծ մնաց մեր դարավոր թշնամիեն՝ թուրքին կողմե բռնագրավվելու կամ յուրացվելու դառնագույն եւ աղետաբեր ճակատագրեն ու մնաց Սուրիական պետության սահմաններուն ծիրին մեջ։

Հաճախ ըսած եմ,- և ուրիշներու կողմե ալ զգացված եւ արտահայտված իրողություն է-, որ Քեսապը «պատառ մը Հայաստան է, Հայաստանեն դուրս»։ Հակառակ բազում վերիվայրումներու ան կրցած է տոկալ, մնալ ինքն իրեն հարազատ և շարունակել հայուն հատուկ տաղանդն ու նկարագիրը արժեւորել իր կյանքովն ու գործունեությամբը։ Նեղ ու լայն, տաք ու պաղ ժամանակներու մեջեն է անցած։ Տեսակ-տեսակ իշխանություններու լուծին տակ է ինկած։ Աքսոր, տեղահանություն, քանդում եւ ավերում անբաժանելիորեն ներկա են եղած անոր կյանքին մեջ։ Բայց ծովը մնացած է ծով. ալիքներու այնքան հաճախակի փոթորկումներեն եւ փրփրացումներեն ետք ան միշտ վերագտած է իր ստեղծագործ, շինարար կյանքը։ Անոր հանրային կյանքին մեջ, դպրոցական կրթության եւ դաստիարակության երեսը տիրապետող հանգամանք և տարողություն է ստացած։ Մշակութային կյանքը անբաժան է եղած մշակական, գյուղատնտեսական կյանքեն։ Տոկունության և հարատևության ձգտումը եղած է այն ոսկեթելը, որ դարերն ու կյանքի բոլոր երեսները՝ որպես օղակները՝ վերածած է շղթայի։

Կողջունեմ այն անփոփոխ ոգին, որ քեսապցին կապված կպահե իր հողին եւ նվիրված՝ անոր մշակումին ու խնամքին, առավել արդյունավորության բարիքներով եւ զարգացողական գործընթացով»։

Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Տարածաշրջան


27/03/2014