Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԱՇԽԱՐՀ ԵՆՔ ԵԿԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Նիկոլայ Մադոյան։ Այս անունը հռչակված է երաժշտական աշխարհում։ Նրա երաժշտացանկն ընդգրկում է գրեթե ամբողջ դասական և ժամանակակից ստեղծագործությունները։ Նիկոլայ Մադոյանը բազմաթիվ ամենահեղինակավոր միջազգային մրցույթներում շահել է գլխավոր մրցանակը։ Նրան համեմատել են բոլոր ժամանակների լավագույն ջութակահարների հետ։ Մյունխենի «Կուլտուրա» պարբերականը նրա անունը դրել է Մոցարտի կողքին, ասելով՝ մի հանճարը նվագում է մի ուրիշ հանճարի։ Իսկ 20-րդ դարի լավագույն ջութակահարներից մեկը՝ Իսահակ Ստերնը, նրան կոչել է զարմանահրաշ ադամանդ, որը շողում է անպատմելի գույներով։ Նիկոլայ Մադոյանի վերջին սխրանքը հայրենիքում էր։ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում նա մի երեկոյի ընթացքում անգիր նվագեց Պագանինիի բոլոր 6 ջութակի կոնցերտները՝ հավակնելով տեղ գտնել Գինեսի ռեկորդների գրքում։

-Նիկոլա՛յ, Ձեր վերելքի ուղին սկսվել է դեռևս մանկության տարիներից։ Ձեզ նկատել են համաշխարհային հռչակ վայելող երաժիշտները, խոսել են Ձեր մասին, կանաչ լույս են վառել Ձեր ճանապարհին… և ահա նվաճված են բոլոր ամենահեղինակավոր համերգասրահները… բոլոր ամենաբարձր տիտղոսները… բոլոր սրտերը… իսկ Դուք այնքան երիտասարդ եք։ Հետո… հետո ի՞նչ է լինելու…

-Հետո՞… Գիտեք, Ձեր հարցը փոքր-ինչ անընկալելի է, որովհետև բարձրանալը սևեռուն գաղափար չի եղել ինձ համար։ Այո՛, ես շատ եմ աշխատել, ես նպատակասլաց եմ և՛ կյանքում, և՛ արվեստում, բայց նպատակը եղել է ոչ թե բարձունքում լինելու հպարտությունը, այլ՝ արարելու հաճույքը։ Հիմա իմ գերագույն նպատակը հայ երաժշտությունը աշխարհով մեկ տարածելն է։

-Դուք նստած եք իմ առջև՝ ժպտուն, բարի, ինքնաբավ… Ես չէի ուզենա մեր զրույցը մթագնել պահին անհարիր թեմաներով, բայց չեմ կարող չհարցնել… Համաշխարհային ամենահեղինակավոր թերթերը, ամենահռչակավոր երաժիշտները Ձեզ անվանել են հանճար, գերաստղ, մեծ վիրտուոզ… Բայց սեփական երկրում Դուք հավուր պատշաճի գնահատված ու ճանաչված չեք։ Ինչո՞ւ։ Սա պարադոքս է, այն էլ՝ մեր փոքրիկ երկրի ու փոքրաթիվ ազգի համար։

-Գուցե դա օրինաչափ է, գուցե դասական երաժշտությունը փոքր լսարան ունի մեր երկրում, ի տարբերություն փոփ արվեստի։ Ես կարծում եմ՝ պետք է վերականգնել բարձր երաժշտությունը քարոզելու խորհրդային ավանդույթը, երբ դպրոցահասակ երեխաներին, իբրև պարտադիր պայման, որոշակի հաճախականությամբ տանում էին դասական երաժշտության համերգի։ Ականջը լսելով է վարժվում, հոգու դռները պիտի թակես, որպեսզի դրանք բացվեն քո առաջ։

-Գուցե ես արդարացում գտնեի, եթե Դուք կտրված լինեիք Հայաստանից։ Աշխարհը նվաճած Նիկոլայ Մադոյանը ամուր կապված է հայրենիքին և առանց հետաքրքրվելու, թե ինչ մասշտաբի ու հեղինակության համերգ է, բեմ է դուրս գալիս ու նվագում է… Ես չեմ ուզում թվել Ձեր բարեգործական համերգների ցանկը… Ձեր անունը պիտի լիներ ամեն հայի շուրթին, Ձեզ պիտի ճանաչեին փոքրից մեծ…

-Դուք մի՛ սևեռվեք իմ հանրաճանաչության վրա, խնդիրը դա չէ… Իմ անունը, իմ հաջողությունները արվեստում միջոց են, գործիք՝ երիտասարդ սերնդին ցույց տալու, որ փոքրաթիվ ազգ լինելով՝ մենք կարող ենք չափվել աշխարհի ամենամեծ ու առաջադեմ ժողովուրդների հետ։ …Որ ազգը փառավորվում է իր տաղանդավոր զավակներով, և յուրաքանչյուրը կարող է իր տքնանքով, իր աշխատանքով փառք բերել սեփական ժողովրդին ու բարձրացնել հայրենիքի անունը։ Ես այն կարծիքին եմ, որ բոլոր մարդիկ էլ տաղանդավոր են։ Պարզապես շատերը իրենց գործով չեն զբաղվում, այդ պատճառով էլ ձախողվում են։ Մարդը պիտի կարողանա գտնել իր մասնագիտությունը՝ իր տարածքը, մնացածը կտրվի ինքնաբերաբար։

-Աշխարհում բազմաթիվ ջութակահարներ կան, բայց հայտնի երաժշտական քննադատ Տիմոթին միայն Ձեր մասին է ասել՝ ես չեմ տեսել ուրիշ մեկին, որի երաժշտության մեջ այսքան երաժշտություն լինի։ Ուզում եմ ասել, այդուհանդերձ, Աստված տաղանդը հավասար չափով չի բաշխում…

-Մենք երաժշտական ազգ ենք։ Ես հաճախ զուգահեռում, համեմատում եմ մեզ այլ ազգերի հետ… Մենք փոքրաթիվ լինելով՝ երբեք չենք զիջում ահռելի տարածքներ ունեցող, տասնյակ միլիոններով հաշվվող ազգերին։ Պարզապես մեզ մի քիչ պակասում է պրագմատիզմը։ Մենք ծայրահեղությունների ազգ ենք՝ անօրինակ սխրանքների ու աններելի ձախողումների, ամպագոռգոռ սնապարծության և նվաստալի ինքնախարազման բևեռներում… Բայց իրականությունն այն է, որ մենք արարող ազգ ենք, մենք մեր կշիռն ունենք համաշխարհային բարձր արվեստում։ Մենք ունենք չգերազանցված անուններ։ Մեր Չարենցի մասին են ասել՝ Չարենցի պոեզիան համակշիռ է 20-րդ դարի ամբողջ եվրոպական գրականությանը։ Դավիթ Օյստրախը հայ ունկնդրի մասին է ասել՝ եթե քո նվագը գոհացնում է հայերին, ուրեմն՝ ոչ մի մտավախություն չունես այլևս։ Ես կարող եմ նման բազմաթիվ աֆորիզմներ հիշել, ապացուցելու, որ ահռելի ներուժ ունենք, պարզապես պիտի ճիշտ իրացնենք այն։

-Հայտնի կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը Ձեր վերջին համերգի մասին ասել է. «Ես լսել եմ աշխարհի ամենամեծ երաժիշտներին, ամենահեղինակավոր համերգասրահներում, բայց այսպիսի դյութված հանդիսատես չէի տեսել։ Խոսքը այն համերգի մասին է, որի ժամանակ Դուք արժանացաք «Հայ դյուցազուն» կոչմանը և նոր էջ բացեցիք Հայկական «Դյուցազնագրքում» մշակույթի գործիչների համար։

-Ես ոգեկոչել էի Պագանինիին, իսկ դահլիճում ես տեսա Հրանտ Մաթևոսյանին, Լևոն Խեչոյանին, Սոս Սարգսյանին… Իմ բոլոր սիրելիներն այնտեղ էին։

Ի դեպ, այդ համերգը իրականություն դարձավ առաջին հերթին օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի շնորհիվ, որը բեմ հանեց երկու նվագախումբ, որովհետև մեկ նվագախումբը չէր կարող հաղթահարել ծրագիրը։

Խորին երախտագիտությունս Գինեսի համաշխարհային գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Վարդան Թովմասյանին։ Վերջապես չեմ կարող չնշել համերգային ծրագրի և PR արշավի համակարգող Սուսաննա Զորանյանի անմնացորդ ջանքերը։

-Իմ կոլեգաներից մեկը՝ լրագրող Արմեն Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երբ լսում եմ Նիկոլայ Մադոյանի երաժշտությունը, բոյովանում եմ»։ Հասկանո՞ւմ եք՝ մարդը հզորացել է, վեհացել, հպարտացել… Մենք կարող ենք «ընդլայնել» մեր հայրենիքի սահմանները դեպի վեր, դեպի խորքեր, մենք կարող ենք «բոյովանալ» մեր հանճարների շնորհիվ։ Գուցե հակասական հնչի, բայց մենք պարտավոր ենք անհատների ազգ լինել, ու այդ անհատները պիտի շատ լինեն մեր փոքրաթիվ ազգի մեջ, որովհետև քանակով որակ ապահովելու ճանապարհը մերը չէ։

-Սերգեյ Դովլաթովի երակներում 1/3 չափով հայկական արյուն է հոսում։ Ինչպես ինքն է պատմում, շատ հեռու է եղել իր հայկական արմատներից, բայց միայն Հրանտ Մաթևոսյանի հետ հանդիպումը բավական է եղել, որ նա դառնա իր ակունքին, զգա իր արյան կանչը և նվիրվի Հայաստանին։ Յուրաքանչյուր մարդ եզակի է, բացառիկ։ Մարդիկ կան, որոնց տաղանդը կարող է ճեղքել ամեն պատնեշ… Մարդիկ կան, որոնք առավել զգայուն են, խոցելի, զգացմունքային, և ամեն մի մանրուք կարող է ճակատագրական դառնալ։ Մենք պիտի ուշադիր լինենք մարդու հանդեպ, չկորցնենք նրա տաղանդը, չզրկենք նրան իր տարածքը նվաճելու իրավունքից։ Իմ առաջին ջութակի ուսուցիչը մայրիկիս ասել էր, որ ես լսողություն չունեմ ու չեմ կարող ջութակ նվագել։ Մեկ ուրիշը, իմ փոխարեն, գուցե կոտրվեր և այլևս ձեռքը չվերցներ ջութակը։

-Ո՞րն է մարդու ամենակարևոր առաքինությունը՝ Ձեր կարծիքով։

-Գթասրտությունը։ Երբ ես հանդիպում եմ չար, անհանդուրժող, դժգոհ, նախանձ մարդկանց, անկեղծորեն ցավում եմ։ Հայտնի խոսք կա՝ հատկապես նրանք ավելի շատ ունեն սիրո կարիք, ովքեր քիչ են արժանի սիրվելու։

-Դուք ամուսնացած չեք, ես «պեղել եմ» ու հայտնաբերել, որ Ձեր կյանքում լուրջ սիրավեպեր չեն եղել։ Ինչպիսի՞ կանայք են դուր գալիս Նիկոլայ Մադոյանին։

-Խելացի, զգացմունքային, զգայուն, բարեկիրթ, կրակոտ… Կինը գեղեցիկ է, երբ ներդաշնակորեն գեղեցիկ են հոգին ու մարմինը։ Կինը պետք է շատ երաժշտություն ունենա իր մեջ… Քոնը լինի։ Շատ կարևոր է՝ կինը քո՞նն է, թե ոչ։ Ես կանանց չեմ բաժանում լավ ու վատի։ Պարզապես կան, որ քոնն են, և կան, որ քոնը չեն։ Եթե «դիալոգ» չունես կնոջ հետ, ուրեմն՝ նա քոնը չէ…

-Մարդու ո՞ր թերությունը չեք կարող ներել։

-Ես կարող եմ ներել ամեն ինչ, եթե խնդրում են ներել։

-Իսկ մարդկային ո՞ր արատն եք համարում ամենավատը։

-Չեմ սիրում, երբ խաբում են։ Մանավանդ՝ տղամարդը պիտի քաջություն ունենա ճշմարտությունն ասելու միշտ և ամենուր։ Երբ տղամարդը ստում է, փոքրանում է։ Վախկոտ մարդիկ են ստում։

-Ո՞րն է տղամարդկային երջանկության Ձեր մոդելը։

-Իրենից հետո այնպիսի հետք թողնել աշխարհում, որի դեմ ժամանակն անզոր կլինի։

-Փաստորեն, եզակի տղամարդիկ հնարավորություն ունեն երջանիկ լինելու՝ Ձեր չափանիշներով։

-Ամեն մարդ երջանիկ լինելու իր չափանիշներն ունի ու պիտի երջանիկ լինի ի՛ր չափանիշներով։ Ընդհանրապես, ես շատ եմ հարգում մարդուն։ Մարդ լինելը արդեն մեծագույն շնորհ է։ Չի՛ կարելի նսեմացնել այն։

-Ձեր սերերի մեջ ի՞նչ տեղ ունի հայրենիքը։

-Ես չեմ կարող խոսել հայրենասիրության մասին, որովհետև չեմ հասկանում, թե ինչ է դա։ Պարզապես, ես անընդհատ ձգտում եմ դեպի Հայաստան, ինչ-որ բան ինձ ձգում է դեպի տուն։ Ես այստեղ եմ լիցքավորվում՝ տանը։

-Ո՞րն է Ձեր անկատար երազանքը։

-Չունեմ։ Իմ բոլոր երազանքները իրականացել են… Ուզում եմ աշխարհը շնչի ինձ պես։ Ուզում եմ մարդու կյանքը վայելք լինի… այնքան բան կա վայելելու… սիրելի մարդու հետ շփման հաճույքը… բնության գեղեցկությունը… հնչյունների ներդաշնակությունը…

-Ի՞նչն է Ձեզ հուզում այսօր ամենից շատ, ի՞նչ տագնապներ ունեք։

-Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ վատի մասին պետք է խոսել ցածրաձայն, իսկ լավի մասին պետք է բարձրաձայնել…

…Իմ տագնապները անանձնական են։ Ինձ հուզում են կորուստները… ամեն մեծ ու փոքր կորուստ։ Ես ամեն ինչ ապարդյուն կհամարեմ, եթե չկարողանամ ինչ-որ բան դեպի լավը փոխել շուրջս։ Մենք աշխարհ ենք եկել մեր հայրենիքն ավելի ուժեղ ու բարի դարձնելու համար։ Մենք աշխարհ ենք եկել կողքի մարդու կյանքը ավելի գեղեցիկ ու դյուրին դարձնելու համար։ Այլապես՝ ո՞ւմ է պետք է մեր գոյությունը։

-Ի՞նչ է երազում Նիկոլայ Մադոյանը… Երազելու բան մնացե՞լ է։

-Երազե՞լ… Ես երազանքներ չունեմ, նպատակներ ունեմ։ Օրինակ՝ պիտի Գևորգ Դաբաղյանի հետ նվագեմ՝ համակցելով ջութակն ու դուդուկը… Ուզում եմ, որ աշխարհը հիանա հայկական հնչյունների գունապնակով…

-Ո՞րն է Ձեր գույնը։

-Մանուշակագույնը։ Դա արարումի գույնն է։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


10/04/2014