Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐԴՈՒՍ ԵՐԱԶԱՆՔԸ



Էջմիածնի Առատաշեն գյուղում է ծնվել Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Գրիգորյանը։ Գագիկն ընտանիքի առաջնեկն է։ Հայրը՝ Գրիգորը, սերում է Մարտակերտի Չափար գյուղից, Սվետա մայրը՝ Գորիսից։ Ծանոթացել, մտերմացել են Երեւանի պետական համալսարանում ուսանելու տարիներին։ Հետո ընտանիք են կազմել եւ ուսուցչությամբ զբաղվել Առատաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ Գագիկից հետո ծնվեցին Գեղամը եւ Արմենը։ Մանկավարժ ծնողները հատուկ ուշադրություն էին դարձնում իրենց երեխաների կրթությանը։ Դպրոցն ավարտելուց հետո Գագիկն ընդունվեց Երեւանի ժողտնտեսության ինստիտուտ։ Երիտասարդի հետ մեծ հույսեր էին կապում, սակայն ազատագրական պայքարի առաջին իսկ օրից երրորդ կուրսի ուսանողն անդամագրվեց «Գարեգին Նժդեհ» ուսանողական ջոկատին եւ մեկնեց Էրքեջ, գրանցվեց այդ գյուղում։ Անցավ պատերազմական դժվարին ճանապարհներով՝ անտրտունջ տարավ բազում փորձություններ։ 1991-ի հունվարի 13-ին հերոսաբար զոհվեց Հասանաբադում։ Հայր ու որդի այժմ ննջում են Առատաշեն գյուղի գերեզմանոցում։
-Որդիս երազանք ուներ, մի մեծ երազանք,- վեհիշում է մայրը՝ տիկին Սվետան։ -Ասում էր՝ մամ ջան, պատերազմից հետո մի լավ հարսանիք ենք անելու։ Հարսանիքը սկսելու ենք Չափար գյուղից՝ հայրիկի ծննդավայրից, հետո այն կշարունակենք քո ծննդավայր Գորիսում, որտեղից էլ կգնանք Տաթեւ։ Տաթեւից հետո կգանք Էջմիածին եւ սուրբ քաղաքում կավարտենք հարսանյաց հանդեսը։ Իսկական հարսանիք է լինելու՝ յոթ օր, յոթ գիշեր։ Հավաքվելու ենք հարազատներով, ուսանողական, մարտական ընկերներով։ Կտեսնես, մամ ջան, այդպես է լինելու, քիչ մնաց մեր հաղթանակին, մենք այս անգամ անպայման հաղթելու ենք։ Այդպես էր ասում որդիս՝ Գագիկը, վերջում էլ արտասանում Արտաշեսի ու Սաթենիկի՝ Մովսես Խորենացուց մեզ հասած հարսանյաց գեղեցիկ այս տողերը.
Ոսկի անձրեւ էր տեղում
Արտաշեսի փեսայության ժամանակ։
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության ժամանակ…
Ավա՜ղ, որդուս երազանքը մնաց անկատար։ Հիմա հասակ են առնում իմ թոռնիկները՝ որդուս անունով անվանակոչված Գագիկները, որոնց թիվը տարեցտարի ավելանում է։ Իրենց զավակներին Գագիկ են կոչել որդուս մանկության, ուսանողական ու մարտական ընկերները։ Երբ որդիս զոհվեց, իր համադասարանցի Սուրիկն արդեն ամուսնացել էր ու սպասում էր առաջնեկին։ Ծնվեց առաջնեկը, եւ անվանակոչեցին Գագիկ։ Հետո ծնվեցին Գագիկիս ուսանողական ու մարտական ընկերներ Սամվել Ներսիսյանի, Ներսես Դանիելյանի Գագիկները։ Մենք չգիտեինք, որ Ներսեսն իր որդուն Գագիկ է կոչել։ Նա պատերազմից հետո (Արցախի Ջրաբերդ գյուղից է) մեկնել էր արտերկիր եւ լուր չունեինք։ Վերջերս Գագիկիս ծննդյան օրն անակնկալ զանգ եղավ եւ շնորհավորանքից հետո ասաց, որ ընտանիք է կազմել եւ առաջնեկին անվանակոչել Գագիկ։ Ամենափոքրը Գեղամ որդուս Գագիկն է։ Տա Աստված, նրանք մեծանան, հասակ առնեն խաղաղության մեջ եւ ընտանիք կազմեն։ Թող յոթ օր, յոթ գիշեր ձգվի նրանց հարսանիքը, եւ գիշերները թող ցերեկներ դառնան, նրանց փեսայության օրերին ոսկե անձրեւ ու մարգարիտ տեղա։ Թող այդպես ի կատար ածվի Գագիկիս՝ իմ հերոս որդու երազանքը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #12 (877) 30.03.2011 – 6.04.2011, Հոգևոր-մշակութային


07/04/2011