Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈԳԵԿՈՉՈՒՄ



99 տարի առաջ Օսմանյան Թուրքիան ծրագրեց և իրականացրեց հայ ժողովրդի ոչնչացման նենգ և գազանաբարո ծրագիրը: Իրականացրեց առանց որևէ խղճի խայթի` ամբողջ աշխարհի աչքի առաջ: Սակայն աշխարհը կարծես կուրացել էր և չէր էլ նկատում, թե ինչպես հոշոտվեց մի ողջ ժողովուրդ, դատարկվեց մի ողջ երկիր: Աշխարհը կուրացել էր շահերի և հարստության ախորժաբեր լույսից:

99 տարի անց մենք հիշում ենք ու դատապարտում: Պահանջում ենք աշխարհից, որ բացի մեկ դար փակ պահած իր աչքերը և ճանաչի մեր նկատմամբ իրականացված ոճիրը:

Ապրիլի 24-ին կապի ուսումնական զորամասում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգագրական երգ ու պարի համույթը` Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի ղեկավարությամբ, «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը, ազգագրական երգերի կատարող Արտաշ Տարոնցին: Ներկա էր նաև Արցախյան գոյապայքարի ազատամարտիկ Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) քույրը` Արմինե Ստեփանյանը: Միջոցառման ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան կապի ուսումնական զորամասի գեղարվեստական ինքնագործունեության խմբի զինծառայողները: Նրանք նշեցին, որ միջոցառումը չի կազմակերպվել կրկին անգամ սգալու համար: Ոչ թե սուգ, այլ ոգեկոչում: Այս էր միջոցառման կարգախոսը: 99 տարի անց հայ զինվորն իրավունք չունի սգալու, այլ պետք է պայքարի` իր պապերից իրեն ժառանգված երգից ու պարից ուժ առնելով: Զինծառայողները նշեցին նաև, որ իրենք պահանջատեր են: Թուրքերը պետք է ընդունեն իրենց պապերի իրականացրած ոճրագործությունը:

Միջոցառման ընթացքում հնչեցին ազգային ազատագրական երգեր: Բոլորին անսահման ուժ հաղորդեցին ավանդական պարերը: Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Ռաֆայել Համբարձումյանը: Նա նշեց, որ հայ ազգն այլևս իրավունք չունի տխրելու, այլ պետք է համախմբվի ու պայքարի միասնականորեն, որ Թուրքիան վաղ թե ուշ կանգնելու է հատուցման դատաստանի առջև: Վերջում զորամասի հրամանատարը միջոցառման հյուրերին պարգևատրեց պատվոգրերով և հավաստագրերով:

ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կրտսեր սերժանտ

Խորագիր՝ #16 (1034) 1.05.2014 – 7.05.2014, Պատմության էջերից


30/04/2014