ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔԸ
Մեր պարտքը երիտասարդներին հայեցի կրթելն ու ազգային ոգով դաստիարակելն է, հայրենի հողին կապելը: Մեր ՄԷՍԻ համալսարանի երեւանյան մասնաճյուղում հաճախ են կազմակերպվում ռազմահայրենասիրական միջոցառումներ՝ նվիրված Հայոց բանակին, Հայաստանի Առաջին Հանրապետությանը, Հայոց մեծ եղեռնին և այլն: Հաճախակի են նաև մեր այցելությունները Եռաբլուր, հանդիպումները ազատամարտիկների հետ:
Մայիսի 23-ին ՄԷՍԻ համալսարանի ուսանողները այցելեցին զորամաս: Խորին շնորհակալություն ենք հայտնում պաշտպանության նախարարությանը՝ մեր բուհին նման հնարավորություն ընձեռելու համար: Ավելի լավ է մեկ անգամ տեսնել բանակային կյանքը, ծանոթանալ զինվորական առօրյային, քան բազմիցս լսել: 3-րդ վաշտի հրամանատար, կապիտան Սեյրանյանը ուսանողներին հանգամանալից ներկայացրեց բանակային կյանքը, զինվորների պարտականությունները, կարգ ու կանոնը: Ուսանողները եղան զորանոցում, բուժկետում, ճաշարանում, ծանոթացան զրահատեխնիկային եւ հագեցած ու հարուստ տպավորություններով վերադարձան: Մայիսի 26-ին էլ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին նվիրված միջոցառում անցկացվեց, որին ներկա էին «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, ազատամարտիկներ Հակոբ Ասլանյանը, Գևորգ Գևորգյանը: Նրանք պատմեցին իրենց մարտական ուղու, իրենց հերոս ընկերների մասին, հայրենասիրական պատգամներ ուղղեցին ուսանողներին:
Մեր սրբազան պարտքն է երիտասարդ սերնդին հայրենասիրության ոգով դաստիարակելը ու ազգային արժեքներին հաղորդակից դարձնելը:
ՆԵԼԼԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Խորագիր՝ #20 (1038) 29.05.2014 – 4.06.2014, Բանակ և հասարակություն