ՄԱՔԱՌՈՒՄԻ ԵՎ ՆՎԻՐՈՒՄԻ ՏԱՐԻՆԵՐ
«Երբ գիշերը գլուխդ կը դնես բարձին ՝ մտածէ թէ ինչ ես ըրած այդ օրուայ ընթացքին քո ազգի համար»,- սա եղել է մեծ հայդուկապետ Անդրանիկ Օզանյանի ապրելու բանաձևը, որն այսօր իբրև պատգամ որդեգրել են նրա անունն ստացած զորամասի սպաներն ու զինվորները:
Անդրանիկ Օզանյանի անունը կրող առանձին մոտոհրաձգային գունդը նշեց իր կազմավորման 18-րդ տարեդարձը՝ մաքառումի ու նվիրումի տարիներ, որոնք հայոց բանակի պատմության լուսավոր էջերից են:
Զորահանդեսի մեկնարկը տրվեց մարտական դրոշի՝ դեպի շարահրապարակ մուտքով: Գնդի օրվա առթիվ իր շնորհավորանքի խոսքն ուղղեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը՝ ասելով. «Ցանկանում եմ՝ բոլորս քաջ գիտակցենք, որ մենք մեր ծառայությամբ առաջ ենք տանում մեր զինված ուժերը և պետականաշինության ընթացքը: Շնորհավորում եմ ամբողջ անձնակազմին և մաղթում հաջողություններ»:
Այնուհետև ելույթով հանդես եկավ Անդրանիկ Օզանյանի անունը կրող գնդի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանը՝ նշելով, որ գունդը կազմավորվել է 1996թ. մայիսի 14-ին՝ Արցախյան հերոսամարտից հետո՝ մոտոհրաձգային բրիգադի հիմքի վրա. «Գունդը փառավոր մարտական ուղի է ժառանգել՝ ռազմական առաջին մկրտությունն ստանալով 1992թ. մայիսին՝ պաշտպանական մարտերում: 1994թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում գունդը մասնակցել է արևելյան շրջանների պաշտպանական մարտերին: Հետպատերազմյան շրջանում այն իր մասնակցությունն է ունեցել պետական սահմանների պահպանության գործին»:
Գնդապետ Ա. Տոնոյանը շնորհակալական խոսք ասաց գնդի նախորդ հրամանատարների` Հովսեփ Հովսեփյանի, Կամո Սիմոնյանի, Սուրեն Հարությունյանի, Հենրիկ Մուրադյանի, Կարեն Աբրահամյանի, Սամվել Հակոբյանի, Վահան Վարդանյանի, Գագիկ Խաչատրյանի և Բագրատ Մաթևոսյանի հասցեին, որոնց ջանքերով տարեցտարի բարձրացել է գնդի մարտունակությունը, ծառայության որակը:
Զորամասի հոգևոր հովիվ Հովհաննես սարկավագը, իր օրհնության խոսքն ուղղելով հրամանատարական կազմին ու զինվորներին, ասաց. «Մեր զորամասի անցած ուղին եղել է արդար, քանի որ ազատագրել է մեր հայրենիքը: Աստված օրհնում է արդարների ճանապարհը»: Նա ընթերցեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական ուղերձը:
Գնդի օրվա առթիվ բազմաթիվ սպաներ և զինվորներ մարդկային ու մասնագիտական բարձր որակների և բարեխիղճ ծառայության համար պարգևատրվեցին կրծքանշաններով, խրախուսվեցին պատվոգրերով և նվերներով: Իրենց երախտիքի խոսքն ասացին նաև դպրոցների և քոլեջների տնօրենները, ինչը վկայում է, որ հայոց բանակի և կրթական հաստատությունների միջև կապն ամուր է:
Զորամասին շնորհավորելու էր եկել նաև ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը:
Տոնական հանդիսությունից հետո զրույցի բռնվեցի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Խումարյանի հետ.
-Մենք այսօր կարող ենք փաստել, որ ունենք բոլոր պայմանները զինվորին լիարժեք մասնագիտական կրթություն տալու համար,- հավաստիացրեց պարոն Խումարյանը:
-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է մեր այսօրվա սերունդը. արդյոք նրանց մեջ տեսնու՞մ եք այն ներուժը` պատրաստ շարունակելու մեր հայրերի սկսած գործը՝ ուժեղացնելու և պահպանելու մեր Հայրենիքը:
-Ցանկացած հայ մարդու մեջ կա թաքնված հերոս. այսինքն՝ անհրաժեշտության դեպքում ամեն մի հայ խաղաղ բնակչից կարող է վերածվել լավ զինվորականի: Ամեն հայ երիտասարդ բանակ զորակոչվելիս պետք գիտակցի, որ հայրենիքը պաշտպանելով, նախևառաջ պաշտպանում է իր ծնողներին, քույրերին, եղբայրներին… Եվ զորակոչված ցանկացած երիտասարդ պետք է հենց այս գիտակցումով առաջնորդվի՝ հասկանալով ու յուրացնելով իր զինվորական մասնագիտությունը կատարելապես:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #22 (1040) 12.06.2014 – 18.06.2014, Ազգային բանակ