Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՐԲԱՏԵՂԻ` ՀԵՆԱԿԵՏՈՒՄ



2014 թ.-ի մայիսի 31-ին ՀՀ արևմտյան սահմանի մարտական հենակետերից մեկում կատարվեց սուրբ մատուռի օրհնության կարգ: Սուրբ մատուռի կառուցումը, Վայքի զորամասի հրամանատարության և հոգևոր սպասավորի տնօրինությամբ, նախաձեռնել էր կրտսեր սերժանտ Ա. Ստամբուլցյանը: Շինարարական աշխատանքներին իրենց անշահախնդիր մասնակցությունն էին ունեցել նաև հենակետի բոլոր զինծառայողները:

Օրհնության կարգը կատարվեց զորամիավորման հոգևոր պատասխանատու Տեր Գալուստ քհն. Սահակյանի, ինչպես նաև Վայքի զորամասի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանի և նույն զորամասի հոգևոր սպասավոր Տեր Զաքարիա քհն. Անանյանի մասնակցությամբ: Տեր հայրն իր խոսքում կարևորեց Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը զինված ուժերում ու հատկապես զինծառայողի կյանքում. նաև ասաց, որ մարտական հենակետում սրբավայրի առկայությունը մեր քրիստոնեական անցյալի վկայությունն է, մեր հոգևոր զորակցության ու անառիկության գրավականը, ապա մաղթեց, որ հենակետը շուտափույթ վերածվի թիկունքի:

Հենակետի անձնակազմին շնորհավորանքի խոսքեր հղեց նաև Վայքի զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Մանուչարյանը և հետևելով մեր քաջ նախնյաց ավանդույթներին` մաղթեց ձևավորել քրիստոնյա ու աննահանջ զինվորականի կերպար՝ դառնալով վերջիններիս արժանի հետևորդներն ու ժառանգները:

Մարտական դիրքը պաշտպանող զինծառայողները կազմակերպել էին նաև մատաղ և փոքրիկ հյուրասիրություն: Մատաղը ճաշակելուց և զինծառայողներին պարգևներ հանձնելուց հետո հյուրերը հենակետից հեռացան բարձր տրամադրությամբ և լիահույս, որ սա կդառնա ավանդույթ, ու սահմանի բոլոր հենակետերը կունենան իրենց աղոթքի սուրբ տները:

ՀՀ ՊՆ զորամասի հոգևոր սպասավոր՝
ԳԱԳԻԿ սարկավագ ՀԱԿՈԲՅԱՆ

Խորագիր՝ #22 (1040) 12.06.2014 – 18.06.2014, Ազգային բանակ


11/06/2014