Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՍԵՄՅՈՆ ԽՈՐԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ



Կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ զինված ուժերի փորձառու մարտական զինվորականներից մեկը՝ գեներալ-մայոր Սեմյոն Խորենի Հակոբյանը։

Սեմյոն Խորենի Հակոբյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 1-ին: Ավարտելով դպրոցը. ընդունվել և ավարտել է ՌԴ Ռյազանի զինվորական ուսումնարանը և ծառայության է նշանակվել ՌԴ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում: 1981-1983թթ. ծառայել է Աֆղանստանում:

Մեր երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանում` մեր նորօրյա ազատամարտի սկզբում, Սեմյոն Հակոբյանը, թողնելով իր զինվորական ծառայությունը Ռուսաստանի Դաշնության բանակում, հայրենիքի կանչով վերադարձել է Հայաստան և զինվորագրվել ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին:

1992թ. կարճ ժամանակով նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքի շտաբի պետ, այնուհետև` ՊՆ տեսչության և հսկողության վարչության պետ: Հաշվի առնելով նրա կազմակերպչական և թիկունքային գործի հմտությունները` 1993թ. դեկտեմբերին նշանակվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ իր ողջ եռանդն ու ուժերը ուղղելով մեր բանակի համար բարդագույն շրջանում թիկունքային ապահովման խնդիրների լուծմանը: Նրա աշխատասիրության և մասնագիտական ու զինվորական փորձառության շնորհիվ էր, որ բանակի նոր կազմավորվող գնդերում և մյուս ստորաբաժանումներում հաջողությամբ լուծվում էին զինծառայողների հանդերձավորման և սննդի ապահովման, զորանոցային կարգին պայմանների ստեղծման կարևորագույն խնդիրները:

1997թ. փետրվարից մինչև 1998թ. հուլիս ամիսը գեներալ-մայոր Սեմյոն Հակոբյանը հանդիսանում էր ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության շտաբի պետը և գլխավոր ռազմական տեսուչի տեղակալը: Այս պաշտոնում ևս բացահայտվեցին նրա մարդկային բարձր արժանիքները և սկզբունքայնությունն ու նվիրվածությունը իր սիրելի գործին:

1999-2000թթ. ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում մասնագիտական գիտելիքները խորացնելուց հետո 2000թ. հուլիսին նրան վստահվում է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-բանակի շտաբի պետի պատասխանատու պաշտոնը: Շուրջ 3 տարի` մինչև 2003թ. հուլիսը, նա բարձր պրոֆեսիոնալիզմով և հմտությամբ իր ողջ ուժերն ի սպաս դրեց պաշտպանության բանակի կայացմանը և զարգացմանը: Լինելով փորձառու զինվորական` նա իր խորհուրդներով և փորձառությամբ օգնում էր նորաստեղծ պաշտպանության բանակի երիտասարդ մասնագետներին: Զբաղեցնելով բարձր պաշտոն` նա ամենուր էր. սահմանի բոլոր տեղամասերում: Զինվորի և սպայի համար զինակից ընկեր էր և հրամանատար, անգնահատելի խորհրդատու և պարզապես` հարազատ ու հոգատար մարդ:

Կյանքի վերջին տարիներին Սեմյոն Հակոբյանը ՀՀ պաշտպանության նախարարի հատուկ հանձնարարությունների գծով գեներալն էր: Այս պաշտոնում էլ նա կրկին շարունակում էր իր նվիրվածությամբ և անմիջականությամբ վարակել բոլորին` շարունակելով իր հարուստ փորձը ներդնել մեր բանակի հետագա զարգացմանը:

Թեև Սեմյոն Հակոբյանն իր մահկանացուն կնքեց ընդամենը 58 տարեկանում, սակայն ապրեց իմաստավորված և հարուստ կյանքով: Նա իրեն ճանաչողների և զինակից ընկերների հիշողության մեջ կմնա որպես հայրենիքի իսկական նվիրյալ զինվոր, համեստ ու պարկեշտ մարդ և քաղաքացի: Կանգնած լինելով հայոց բանակի կազմավորման ակունքներում` նա միշտ կհիշվի որպես հայրենիքի անկախության պաշտպանի և բանակի կայացման առաջամարտիկներից մեկը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Խորագիր՝ #22 (1040) 12.06.2014 – 18.06.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/06/2014