Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՐ ՊԱՀԵՑԻՆՔ ՄԵՐ ԴՐՈՇԻ ՊԱՏԻՎԸ



Վերջերս Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում կայացած ռազմական անգլերենի օլիմպիադային մասնակցեց նաև ՀՀ ՊՆ զինծառայողների թիմը: Մեր հյուրն է ՀՀ ՊՆ թիմի ղեկավար, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային ֆակուլտետի դասախոս, գնդապետ Մնացական Խաչատրյանը:

-Պարոն գնդապետ, մի քանի խոսքով պատմեք օլիմպիադայի մասին:

-Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների միջեւ օտար լեզվի համաբանակային օլիմպիադայի երրորդ՝ եզրափակիչ փուլն էր։

-Ո՞ր երկրներն էին մասնակցում միջոցառմանը:

– Բնականաբար, Ռուսաստանը, որը որպես կազմակերպիչ եւ հյուրընկալ պետություն ներկայացրել էր 30 թիմ։ Մեր երկիրը, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղըզստանի Հանրապետությունները եւ ԱՊՀ «ասոցացված անդամ», չեզոք երկիր Թուրքմենստանը հանդես եկան մեկական թիմով, ընդամենը՝ 35 թիմ, ընդ որում՝ վերջիններս փաստացի ունեին ավելի դիտորդի, քան լիիրավ մասնակցի կարգավիճակ:

– Ի՞նչ կասեք օլիմպիադայի անցկացման կարգի մասին:

-Օլիմպիադան անցկացվեց երեք փուլով: ՀՀ թիմը մասնակցում էր երրորդ՝ եզրափակիչ փուլին: Այս փուլում անցկացվեց երեք տուր եւ մեկ թիմային մրցույթ: Առաջին տուրում մեր թիմը գրավեց 2-րդ տեղը 35-ի մեջ: Այն իրենից ներկայացնում էր գրավոր թեստավորում՝ «Խաղաղապահության գիտակ» անվանակարգում: Համեմատության համար ասենք, որ Բելառուսի թիմն ընդամենը 7-րդ տեղում էր, իսկ Տաջիկստանի, Ղրղըզստանի եւ Թուրքմենստանի թիմերը՝ համապատասխանաբար 33-րդ, 34-րդ, 35-րդ:

Երկրորդ տուրը դարձյալ գրավոր էր եւ իրենից ներկայացնում էր անգլերենով տեղեկատվական ամփոփագրի կամ օպերատիվ զեկույցի պատրաստում` ելնելով դիտակետում կատարված հերթապահության արդյունքներից: Այս անվանակարգը կոչվում էր «Հստակ զեկույց»: Այստեղ մեր կուրսանտները գրավեցին 4-րդ տեղը, իսկ ԱՊՀ երկրների «պայմանական» հաշվարկում՝ 2-րդ տեղը:

Թիմային մրցույթում մեր թիմը անգլերենով բանավոր ներկայացրեց «Ինչի համար են խաղաղապահները» անգլերեն շնորհանդեսը` էկրանի վրա ցույց տալով բավական բովանդակալից եւ գրագետ սլայդ-շոու: ԱՊՀ երկրների «պայմանական» հաշվարկում` 2-րդ տեղ: Ընդհանուր հաշվարկով՝ 2-րդ տեղ 1-ին տուրում բոլոր 35 թիմերի մեջ եւ վերջնահաշվարկով` 2-րդ տեղ ԱՊՀ 6 ազգային թիմերի շարքում:

Ի դեպ, ՀՀ ՊՆ թիմը պատրաստել էր նաեւ Հայաստանի պատմության եւ մշակույթի մասին անգլերեն զեկույց, որը շատ լավ ընդունվեց բոլոր մասնակիցների կողմից:

-Ի՞նչ հետեւություններ եւ առաջարկություններ կարող ենք անել:

– ՌԴ ՊՆ կադրերի եւ կրթության գլխավոր վարչության ներկայացուցիչները հայտնեցին, որ ՌԴ նախագահ եւ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վ.Պուտինի ցուցումով այս օլիմպիադան 2015 թվականից կդառնա միջազգային՝ ԱՊՀ պետությունների թիմերի լիարժեք մասնակցությամբ: Ուստի, նպատակահարմար է՝

ա) ՀՀ-ում անցկացնել ՀՀ ՊՆ ռուհերի եւ քաղաքացիական բուհերի ազգային օլիմպիադա՝ համապատասխան առարկաներից,

բ) ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թիմային պատրաստությունն անցկացնել ոչ թե մեկ ամսում, դասերից չկտրվելով, ինքնապատրաստման ժամերին օրը մեջ, այլ մեկ տարվա ընթացքում՝ թիմի անդամ կուրսանտներին լուրջ գիտելիքներ տալով քաղաքագիտությունից, միջազգային հարաբերություններից, ռազմական անգլերենից,

գ) ՀՀ ապագա թիմի ներկայացուցիչներին ընտրել արդեն մոտակա ժամանակներս՝ հաշվի առնելով նրանց գիտելիքների պաշարը անգլերենից, քաղաքական-հասարակական առարկաներից, ինչպես նաեւ սպառազինությունից ու ռազմական տեխնիկայից,

դ) միջազգային օլիմպիադաներին պատրաստվող թիմերի անդամներին եւ ղեկավարներին ցուցաբերել հնարավոր ամեն տեսակի աջակցություն՝ կուրսանտական ստորաբաժանումների հրամանատարության կողմից, գործուղվող թիմերին հատկացնել որոշակի գումար՝ օրապահիկի եւ հուշանվերների ձեռք բերման համար, ուղեւորության ժամանակացույցը պլանավորել այնպես, որ թիմերը չկորցնեն մրցույթի առաջին օրերը լիարժեք օգտագործելու հնարավորությունը,

ե) պայմանավորվել ապագա օլիմպիադաների կազմակերպիչների հետ, որպեսզի ԱՊՀ պետությունների լիարժեք մասնակցության դեպքում բոլոր հանձնաժողովներում, այդ թվում՝ բողոքարկման, պարտադիր ընտրվեն ՀՀ ներկայացուցիչ մասնագետները,

զ) պայմանավորվել ՌԴ ՊՆ եւ ԱՊՀ համապատասխան մարմինների հետ մրցույթի պայմանները եւ յուրաքանչյուր տուրի ու անվանանակարգի գնահատման մեթոդիկան մեկ ամիս առաջ մասնակից կողմերին փոխանցելու շուրջ,

է) գրավոր հարցաշարերի եւ մյուս գրավոր առաջադրանքների ժամանակ մասնակիցները կողք կողքի նստած չլինեն, իսկ գրավոր հանձնարարությունները տրվեն ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակով` նվազեցնելով արտագրելու հնարավորությունը,

ը) «ճիշտ որոշման ընդունում» անվանակարգում մրցույթի ժամանակ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունենա գնահատման ենթակա առաջադրանքի իր օրինակը, ինչը հնարավորություն կտա նրանց օբյեկտիվորեն հետեւելու առաջադրանքի կատարմանը,

թ) պայմանավորվել ՌԴ ՊՆ եւ ԱՊՀ համապատասխան մարմինների հետ, որպեսզի մեր թիմերին հրավիրեն մասնակցելու նաեւ ռազմական պատմության օլիմպիադաներին: Մասնավորապես, կարծում եմ, ռազմական պատմությունից մենք կարող ենք ուժեղ թիմ կազմակերպել:

Թերեւս պետք է նկատի ունենալ եւ այն, որ մեր դեմ պայքարում էին եւ ավելի բարձր տեղեր գրավեցին այն բուհերի թիմերը, որոնք պատրաստում են ռազմական եւ պետական անվտանգության բնագավառի մասնագետներ՝ հետախույզներ եւ հակահետախույզներ, ՌԷՊ-ի մասնագետներ եւ այլն, որոնց համար օտար լեզվի, մասնավորապես՝ անգլերենի իմացությունը հույժ կարեւոր է մարտական առաջադրանքները կատարելու համար: Ամփոփելով կուզենաի ընդգծել, որ նման օլիմպիադաներին պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել եւ պատրաստել հեռանկարային կադրեր, ընդլայնել մեզ անհրաժեշտ գիտելիքների պաշարը, հարստացնել մեր ուսումնամեթոդական գրականությունը, ստեղծել ընդհանուր անգլերենի (General English) եւ ռազմական անգլերենի (Military English կամ Command English) համապատասխան ուսումնական ձեռնարկներ ու դասագրքեր, որոնք ներկայումս ՀՀ ռազմական ոլորտում իսպառ բացակայում են: Մեր ռուհերի վիճակն այս տեսակետից հասկանալու համար դարձյալ անցնեմ համեմատությունների: Ռյազանի ՕԴԲՌՀՈՒ-ում կան 3 ֆակուլտետներ ու 7 առանձին ամբիոններ, որոնցից բավական մեծ ուշադրության են արժանանում հասարակագիտական եւ ընդհանուր գիտական առարկաների եւ լեզուների ամբիոնները:

Վերջինս զբաղեցնում է մի ամբողջ առանձին հարկաբաժին եւ առանձին ֆակուլտետի կարգավիճակ ունի: Բավական բարձր մակարդակի վրա է թե՛ այս, թե՛ մյուս բոլոր ամբիոնների ՈՒՆՏԲ-ն, գրականությունը: Տպավորիչ են հատկապես տեխնիկական զինվածությունը եւ լսարանային հիանալի պայմանները, դասախոսական սենյակները, ստենդներն ու քարտեզները: Այս ամբիոնում դասավանդում են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, չինարեն:

Վերջում կուզեի շեշտել հետեւյալը. ՌԴ-ում ռազմական օլիմպիադաներին մասնակցելը նպաստում է հայ-ռուսական ռազմաուսումնական կապերի եւ ընդհանրապես ռազմական համագործակցության ամրապնդմանը: Միաժամանակ նման այցերը ռուսական ռուհեր նպաստում են մեր՝ այնտեղ սովորող կուրսանտների մասին լրացուցիչ տվյալների ստացմանը, ինչպես նաեւ դրական են ազդում նրանց հետագա ուսման, վարքի եւ այդ ռուհերի սպայակազմի ու դասախոսների հետ հայ կուրսանտների հարաբերությունների զարգացման վրա:

Զրուցեց ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Խորագիր՝ #23 (1041) 19.06.2014 – 25.06.2014, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային


19/06/2014