ԵՐԲ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԳԵԼՔ ՉԵՆ…
Ալբերտի հետ ծանոթացանք ներհանրապետական երթուղայինում: Սիսիան գործուղման էի մեկնում: Նա մայրիկի հետ նոր էր վերադարձել ՌԴ-ից: Ճանապարհին կարճատև դադարի ժամանակ զրույցի բռնվեցինք: Իմ զինվորական համազգեստով, կոչումով հետաքրքրվեց: Պարզվեց` Ալբերտը բավականին կենսուրախ, ասող-խոսող տղա է, այնպես որ, ինչպես նման դեպքերում են ասում, բառերն աքցանով բերանից քաշելու կարիք չեղավ:
-Եկել եմ, որ բանակ գնամ: Ես իմ հայրենիքը, ծննդավայրը` Սիսիանը, շատ եմ սիրում, դրա համար էլ եկել եմ պարտքս կատարելու: Ռուս ընկերներիս էլ եմ ասել, որ պետք է իմ երկրի բանակում ծառայեմ: Նրանք եկել էին օդանավակայան՝ ինձ ճանապարհելու:
Մեր զրույցին է միանում մայրը` Նոնան, որը եկել է առաջնեկին բանակ ճանապարհելու:
-Հինգ տարեկան էր Ալբերտը, երբ ընտանիքով բնակություն հաստատեցինք ՌԴ մերձմոսկովյան Իստրա քաղաքում:
Եվ ինչպես պարզ դարձավ տիկին Նոնայի պատմածից, ակնարկիս հերոսը դպոցում ուսանելու տարիներին զբաղվել է մարմնամարզությամբ, հաճախել է արվեստի դպրոցի չորսամյա նկարչական կուրսերի: Յոթերորդ դասարանում Տիեզերագնացի օրվան նվիրված նրա աշխատանքն ուղարկվել է Գերմանիա` ցուցադրության, Իստրա քաղաքի համանուն թերթն էլ հանդես է եկել շնորհալի հայ պատանու մասին ընդարձակ հրապարակմամբ, ինչը մեծ արձագանք է գտել ոչ միայն հայ համայնքում: Իններորդն ավարտելուց հետո Ալբերտ Միքայելյանը բավականին հաջող քննություններ է հանձնում և ընդունվում Մոսկվայի թիվ 30 հեղինակավոր շինարարական քոլեջ` շինարար-դիզայների մասնագիտությամբ:
Երկու տարի առաջ Ալբերտը արտերկրում բնակվող շատ իր հասակակիցների նման, անսալով արյան կանչին, գալիս է Հայաստան, անցնում պարտադիր կցագրումը և պարտավորվում տասնութը լրանալուն պես գալ ու զորակոչվել հայկական բանակ:
-Երբ մի օր ներկայացանք ոստիկանության անձնագրային բաժանմունք, որպեսզի մեր համաձայնությունը տանք նրան մեզ հետ արտերկիր տանելու համար, առաջնեկս բոլորի ներկայությամբ հուզվեց և դիմելով մեզ՝ ասաց. «Ես չեմ ուզում գալ, ինչո՞ւ եք իմ փոխարեն համաձայնություն տալիս»,- հիշում է մայրն ու գորովանքով շոյում որդու գլուխը:
-Ո՛չ ամուսինս, ո՛չ էլ ես դեմ չենք եղել, որ մեր տղան ՀՀ զինված ուժերում ծառայի: Մենք միշտ հարգել ենք մեր երեխաների որոշումը, իսկ այս որոշումը առավել ևս հարգանքի էր արժանի: Ամուսինս, մի օր դիմելով ինձ, ասաց. «Նոնա՛, պետք է հպարտ լինենք, որ այսպիսի հայրենասեր զավակ ենք դաստիարակել»:
Երբ պայմանավորվեցինք երկրորդ անգամ հանդիպել լուսանկարվելու համար, Ալբերտը եկավ հարազատների ուղեկցությամբ` տատիկ, մորաքույր, քույրեր, եղբայրներ…
-Տղա՛ ջան, եկել ենք, որ բոլորիս միասին լուսանկարեք,- ասաց չորս աղջիկ մեծացրած և տասը թոռան տեր Արուսյակ տատիկը: Մյուս թոռներս ինձ միշտ հանդիմանում են, թե ես Ալբերտին շատ եմ սիրում, դրա համար էլ չալարեցի, հետը եկա: Ես էլ ասում եմ` թոռնիկներ ջան, ես բոլորիդ էլ հավասար եմ սիրում, պարզապես Ալբերտն իրեն սիրել է տալիս,- փորձեց արդարանալ տատը` հիշելով, թե ինչպես մի անգամ տասնամյա Ալբերտը, իր ծննդյան օրվա կապակցությամբ, բոլորից ծածուկ գնացել է մոտակա խանութ, բաժակներ գնել ու իրեն նվիրել:
-Այդ բաժակները մինչև հիմա աչքի լույսի պես պահում եմ,- հպարտանում է Արուսյակ տատը:
-Տասը թոռներիցս միայն երկուսն են աղջիկ: Այսօր արդեն երրորդն է զորակոչվում: Դեռ հինգին էլ պիտի բանակ ճանապարհեմ: Թող մեր բանակը շատ-շատ հզոր լինի, որ խաղաղությունը հաստատուն լինի,- իր սրտաբուխ մաղթանքներն է հղում տատիկը:
Հ.Գ. Երբ իմ այս փոքրիկ ակնարկը տպագրվի, Ալբերտն արդեն զորակոչված կլինի: Ես նրան խոստացել եմ, որ իր զինվորական երդմանն էլ ներկա կլինեմ, միայն իմանամ, թե որ զորամասում է ծառայում:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Ազգային բանակ