Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՎԱՂ ԹԵ ՈՒՇ»



Հունիսի 20-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը իր հարկի տակ էր հավաքել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի գրականությունը սիրողներին, նրա ընկերներին, բարեկամներին, մտավորականների ու քաղաքական այրերի, արվեստագետների ու զինվորականների, լրագրողների ու գրողների… Հանդիսությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Թատրոնի ճեմասրահում մարդիկ տոնում էին Վրեժ Իսրայելյանի վերջին՝ «Վաղ, թե ուշ» գրքի լույսընծայումը: Նրանք եկել էին հարգանքի տուրք մատուցելու ճշմարիտ գրականությանը, բարձր արվեստին ու անանց արժեքին: Եկել էին ըմբոշխնելու գրողի Լռությունը, ականջալուր լինելու նրա բառերի զսպվածության մեջ ապրող պատումին եւ իր հետ միասին մեկ անգամ եւս հանգելու այն պարզ բանաձեւումին, որ կյանքն, այնուամենայնիվ, ավելի լավ է, քան մահը, ու հավերժորեն անվերծանելի գաղտնիքը յուրաքանչյուրն ինքն իր ներսում պիտի փնտրի ու այդ փնտրել-չգտնելու հարահոսի մեջ էլ ապրի իր բաժին ժամանակը:

Գրքի շնորհանդեսին հաջորդեց Վրեժ Իսրայելյանին նվիրված հուշ երեկոն: Վրեժը մեծ գրողի պարզությամբ, անպաճույճ ու անմիջական, ինչպես կար մինչեւ իր կյանքի վերջին օրը, եկավ աննկատ, մտավ դահլիճ, մի սիրտ մի հոգի դարձրեց դահլիճում հավաքված մարդկանց: Եկավ նստեց մեզնից յուրաքանչյուրի կողքին… Չդատեց ու չխրատեց, չքարոզեց ու չսովորեցրեց: Ի տես բոլորիս՝ մեկիկ-մեկիկ թերթեց իր ապրած օրերը, հետո հափշտակեց մեր հոգին, տարավ մի ուրիշ աշխարհ՝ բարձր, ազնիվ, վեհացնող, ուժեղ… Ստիպեց, որ վերեւից, բարձրից նայենք մեր հոգու խորքերին, սիրենք մեր անխարդախ պարտություններն ու անամոք կորուստները, որ մի օր՝ վաղ, թե ուշ, մեր արժանապատվության մեկ ոսկու համար հազար ոսկի զոհենք անափսոսանք ու վեհորեն…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1042) 26.06.2014 – 2.07.2014, Հոգևոր-մշակութային


26/06/2014