ՓԻՐԶԱԴԸ՝ ՀԱՅԵՐԵՆ
«Հայ զինվոր» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, փոխգնդապետ Գեւորգ Ասատրյանի թարգմանությամբ օրերս լույս է տեսել մեր անվանի հայրենակից, պարսկագիր գրող, միջազգային մի շարք գրական բարձրագույն մրցանակների դափնեկիր Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն («Էդիթ Պրինտ» հրատարակչություն):
Զոյա Փիրզադի ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն (բոլոր գործերը), գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, չինարեն, ճապոներեն, հունարեն, թուրքերեն, վրացերեն եւ այլն: Հայերեն լույս է տեսնում առաջին անգամ:
«Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուի հերոսները իրենց առօրյա, առտնին հոգսերով ապրող պարզ ու հասարակ մարդիկ են, որոնք այս մեծ աշխարհին նայում են իրենց տան պատուհանից… Հեղինակն ընթերցողի հետ խոսում է մարդկային լեզվով, խոսում է պարզ ու հասարակ, առաջին հայացքից փոքր ու աննշան թվացող առարկաների, երեւույթների մասին, որոնք, սակայն, յուրաքանչյուրի կյանքում կարող են մեծ ապրումների կամ շրջադարձային իրադարձությունների եւ որոշումների պատճառ դառնալ:
«Ինչպես բոլոր երեկոները» ժողովածուից մեր թերթի ընթերցողը ծանոթ է «Կանթով գավաթը», «Ծառը» եւ «Պատուհանագոգը» պատմվածքներին:
Փոխգնդապետ Գեւորգ Ասատրյանի աշխատասիրությամբ լույս են տեսել իրանցի մի շարք արձակագիրների մանկական ստեղծագործությունները, ինչպես նաեւ «Քալիլա եւ Դիմնա» միջնադարյան առականին եւ պարսկական ժողովրդական հեքիաթների մշակումներն ու թարգմանությունները: Ի դեպ, վերջին` «Պարսկական ժողովրդական հեքիաթներ» գիրքը 2012 թվականին ճանաչվել է «Տարվա գիրք» միջազգային մրցանակաբաշխության հաղթող եւ արժանացել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի մրցանակին:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Հոգևոր-մշակութային