Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆ. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՏԻ ԶԱՎԱԿԸ



Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին շատ է գրվել: Շատ է խոսվել նաև այդ ճակատամարտերի հերոսների` Թովմաս Նազարբեկյանի, Դրաստամատ Կանայանի, նաև հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի մասին: Հոդվածագիրները և բանախոսներն ամենայն մանրամասնությամբ նկարագրում են վերջինիս մարտական գործողությունները, հաճախակի մեջբերում են Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի տված բարձր գնահատականը զորավար Սիլիկյանին, սակայն, ցավոք, հեղինակներից շատ քչերն են անդրադառնում գեներալի հետագա ճակատագրին, այն հանգամանքին, թե ինչու նրան ձերբակալեցին ու գնդակահարեցին 1937 թ. նոյեմբերի 22-ին:

…1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ներկայացուցիչների միջև ստորագրվում է համաձայնագիր, որով Հայաստանը հարկադրված դառնում է խորհրդային: Այդ համաձայնագրով իշխանությունը հանձնվում է Հայաստանի ռազմական հեղափոխական կոմիտեին: Բոլշևիկներն սկսում են բռնությունները: Ձերբակալվում են ՀՀ նախկին կառավարության, սոցիալիստական կուսակցության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ և շատ ուրիշներ: Նրանց ստիպում են Երևանից ոտքով անցնել 170 կմ ճանապարհ մինչև Աղստաֆա, որտեղից գնացքով տեղափոխվում են Բաքու, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար: Ձերբակալվածների թվում էր նաև հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը (Մոիսեյ Բաբայի Սիլիկով):

Գեներալը ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Նուխի գավառի Վարդաշեն գյուղում, եղել է Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ: Ամուսնացած է եղել Նատալյա Ալեքսանդրովնայի հետ, ունեցել է որդի՝ Գեորգին, որը ինժեներ էր:

1935 թ. նոյեմբերի 29-ին Պետանվտանգության վարչությունում տված ցուցմունքում Մ. Սիլիկյանը պարզաբանել է, թե ինչու որոշ դեպքերում ազգությունը նշել է հայ, քանի որ շատերը չէին հասկանում, թե ինչ ազգություն է ուտին:

Երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, Մ. Սիլիկյանը Կովկասյան II հրաձգային բրիգադի կազմում, որպես VI հրաձգային գնդի հրամանատար, մասնակցում է մարտական գործողություններին: Ի դեպ, բրիգադի հրամանատարն էր գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը: Մ. Սիլիկյանի հրամանատարության ներքո գործող գնդի մարտական գործողությունների մասին տեղեկություններ են պահպանվել Թ. Նազարբեկյանի հուշերում և խորհրդային տարիներին զորավարին գրած նամակներում:

Պատերազմի սկզբում Սիլիկյանի գլխավորած զորամասը կռվում է Հյուսիսային Պարսկաստանում: 1915 թ. դեկտեմբերին Կովկասյան բանակի հրամանատար, գեներալ Նիկոլայ Յուդենիչն սկսում է Էրզրումի (Կարին) գրավման գործողությունը: Սիլիկյանի գունդը տեղակայվում է Հասան Կալեում՝ որպես պահեստազոր: Ռուսական զորքի Էրզրումի գրավման օրը՝ 1916 թ. փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը, VI գունդը մտնում է քաղաք: Գնդապետ Սիլիկյանը նշանակվում է քաղաքի զինվորական պարետ: Գնդի անձնակազմն սկսում է հակառակորդի թաքնված զինծառայողների որոնումն ու ձերբակալումը, զբաղվում է քաղաքում ծագած հրդեհները մարելով: Մինչդեռ, կարճ ժամանակ անց, Սիլիկյանին հրամայվում է տեղակայվել Բիթլիսում (Բաղեշ): 1916 թ. ապրիլի սկզբին նա Մուշ շարժվելու հրաման է ստանում, դեպի ուր առաջանում էին օսմանյան VII և VIII դարդանելյան դիվիզիաները: Ռուսական մյուս զորամասերի հետ VI գունդը պետք է հետ մղեր հակառակորդի հարձակումը:

Մ. Սիլիկյանը նշանակվում է Մուշ քաղաքի կայազորի պետ: Մուշ են գալիս հայկական բարեգործական ընկերության աշխատակիցները, որոնց թվում` Կարո Սասունին: Խմբին հանձնարարված էր փրկել քրդական գերության մեջ գտնվող հայերին: Քրդերը հայ պատանդներին փրկագնում էին մեկ ոսկով՝ մեկ հայն արժեր մեկ ոսկի: Հայերին զգալի օժանդակություն է ցույց տալիս Մ. Սիլիկյանը:

Նրա հրամանատարության ներքո է գործել հայ ազատագրական պայքարի ականավոր և պետական գործիչ Դրոյի (Դրաստամատ Կանայան) կամավորական II խումբը: Խորհրդային տարիներին Նազարբեկյանին գրած նամակներից մեկում Սիլիկյանը հետևյալ գնահատականն է տվել Դրոյի խմբին. «Դրոյի դրուժինան փառահեղ դրուժինա էր, Հայաստանի հպարտությունն ու գեղեցկությունն էր»: Եվ սա ասվել է խորհրդային տարիներին, երբ արգելված էր արտասանել Դրոյի անունը:

1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Մ. Սիլիկյանը նշանակվում է Վանի ջոկատի հրամանատար: Ջոկատը կազմված էր երեք շարային գնդերից: Որոշ ժամանակ անց նա նշանակվում է բրիգադի հրամանատար: 1917 թ. օգոստոսի 22-ին Սիլիկյանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում, ապա Թ. Նազարբեկյանի հրամանով նշանակվում է II հրաձգային դիվիզիայի հրամանատար:

Այստեղ մենք ձեռնպահ կմնանք Սարդարապատի ճակատամարտում Մ. Սիլիկյանի նշանակալի դերակատարության մասին խոսելուց, քանի որ, ինչպես արդեն ասացինք, դրան շատերն են անդրադարձել:

1918 թ. հունիսի 4-ի Բաթումի պայմանագրով հայկական զինուժը չպետք է գերազանցեր մեկ դիվիզիան: Գեներալ-լեյտենանտ Թ. Նազարբեկյանի հուլիսի 26-ի հրամանի համաձայն՝ Առանձին հայկական դիվիզիայի հրամանատար է նշանակվում Մ. Սիլիկյանը: 1919 թ. մարտի 25-ին ստեղծվում է ՀՀ բանակի ռազմական խորհուրդ, որի նախագահ է նշանակվում գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանը: Ապրիլի 24-ին, ի թիվս այլոց, խորհրդի անդամ է նշանակվում Մովսես Սիլիկյանը, որին հունիսի 1-ին շնորհվում է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

1920 թ. ապրիլին Մ. Սիլիկյանը նշանակվում է Նոր Բայազետ և Դարալագյազ (Վայոց ձոր) գավառների գեներալ-նահանգապետ: Նրա նպատակն էր աջակցել Դրոյի հրամանատարության տակ գործող ուժերի անցմանը Լեռնային Ղարաբաղ՝ տեղի հայ բնակչությանն ադրբեջանական բանակի դեմ մղվող պայքարում սատարելու համար:

1920 թ. մայիսին բոլշևիկյան խռովության ժամանակ Մ. Սիլիկյանը ձերբակալվում է:

…1921 թ. սեպտեմբերին աքսորից վերադառնալուց հետո Մ. Սիլիկյանը հաստատվում է Երևանում, աշխատելով տարբեր հիմնարկություններում: Նա նամակագրական կապ է ունեցել Թ. Նազարբեկյանի հետ: Սիլիկյանն իր նամակներում տարաբնույթ տեղեկություններ է հաղորդում 1914-1918 թթ. մարտական գործողությունների մանրամասների մասին:

1927 թ. Սիլիկյանին ձերբակալում են: Բայցեւայնպես, անվտանգության մարմիններին չի հաջողվում մեղադրանքն ապացուցել: Օգոստոսին նա վարչական կարգով աքսորվում է Դոնի Ռոստով: Նույն թվականի հոկտեմբերին նրան թույլատրվում է վերադառնալ Երևան: Նա բնակվում է Սվերդլովի 99 (այժմ՝ Բուզանդ) տանը:

1935 թ. նոյեմբերի 25-ին Սիլիկյանը կրկին ձերբակալվում է: Նրան կրկին ներկայացվում է անհիմն մեղադրանք, որը եւ չի հաստատվում: 1936 թ. փետրվարին նա ազատ է արձակվում:

Ցավոք, զորավարը երկար չմնաց ազատության մեջ. 1937 թ. ձերբակալվում է չորրորդ անգամ և գնդակահարվում նոյեմբերի 22-ին: Եվ միայն 1987 թ. նոյեմբերի 10-ին ՀԽՍՀ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարում Մ. Սիլիկյանի վերաբերյալ որոշումը:

Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը կիսեց ռուսական և ազգային բանակներում ծառայած տասնյակ հազարավոր սպաների դաժան ճակատագիրը: Հարկ է նշել, որ բավականին ուշ, այնուամենայնիվ, արդարությունը հաղթեց: Հայ ժողովուրդը բարձր գնահատեց Սիլիկյան ռազմական գործչին եւ մեծ հայրենասերին. այսօր Սարդարապատի փառապանծ հերոսի անունով Երևանում թաղամաս կա, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանել է զորավարի անունով մեդալ:

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Պատմության էջերից


10/07/2014