ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆՆԵՐԸ՝ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎՈՒՄ
Ընթացքի մեջ է ԶՈՒ ձմեռային ուսումնական փուլի ավարտական քննաշրջանը, որն էլ ցույց կտա, թե որ զորամասը ինչպես է աշխատել անցնող ուսումնական փուլի ընթացքում, ինչ ձեռքբերումներ ու բացթողումներ է ունեցել: Քննաշրջանի ընթացքը լուսաբանելու համար եղանք թիկունքի գնդում, որն իրականացնում է զորամիավորումների նյութատեխնիկական միջոցների ապահովումը: Հարկ է նշել, որ 2013 թվականին այս զորամասն իր առջև դրված` զորքերի թիկունքային ապահովման խնդիրները լիարժեքորեն կատարել է, և նոյեմբեր ամսին ԳՌՏ-ի անակնկալ ստուգումների արդյունքում գունդը բերվել է լրիվ մարտական պատրաստականության աստիճանի. կատարվել է զորահամալրում, անցկացվել են առարկայական քննություններ և ծառայությունների վիճակի ստուգումներ: Ստուգումների արդյունքում զորամասը բավարար գնահատական է ստացել, ընդ որում` մի քանի առարկաներից` շարային, մարտավարամասնագիտական, զորահավաքային և կրակային՝ արժանանալով նույնիսկ լավ ու գերազանց գնահատականների: Զորամասի հրամանատար գնդապետ Ա. Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ զորամասը ձմեռային փուլի ընթացքում աշխատել է լրիվ ծանրաբեռնվածությամբ՝ աչքաթող չի արվել և ոչ մի մանրուք, առաջադրանքները կատարվել են ճշգրտորեն և ժամանակին։ Ձմեռային ուսումնական փուլի ավարտական քննությունների հետ կապված էլ հավաստիացրեց, որ անձնակազմը լի է քննական այս փորձությունը եթե ոչ գերազանց, ապա գոնե լավ հանձնելու վճռականությամբ:
Առավոտյան ժամը տասին գնդապետ Ա. Մարտիրոսյանի հրամանով զորամասի վարչակազմը, ստորաբաժանումների սպաներն ու ենթասպաները շարային ստուգատեսի համար շարվեց շարահրապարակում: Հրամանատարն ու իր տեղակալները նախ ձեռնամուխ եղան անձնակազմի արտաքին տեսքի և դաշտային պայուսակների զննման գործին, որից հետո հրամանատարի տեղակալ, քննական հանձնաժողովի անդամ, փոխգնդապետ Հ. Հովհաննիսյանն սկսեց «Շարային պատրաստություն» առարկայից քննության ընդունումը: Սպայական կազմից առաջինը քննությունը հանձնեց կապիտան Մ. Թումանյանը՝ ցուցադրելով ինչպես շարքից դուրս գալը, շարային քայլքը, դարձումներ տեղում ու շարժման ընթացքում, այնպես էլ պետին մոտենալն ու հեռանալը։ Ընդ որում` վարժ ու անսխալ: Այնուհետև նա փոխարինեց փոխգնդապետ Հ. Հովհաննիսյանին և ինքը շարունակեց անցկացնել շարային ստուգատեսը: Նրա հրամանով նույնը ճշգրտորեն կատարեց ավագ լեյտենանտ Վաչագան Գալստյանը: Ավագ լեյտենանտ Էդվարդ Մարգարյանն ու ավագ ենթասպա Գևորգ Մխիթարյանը կատարեցին զենքով վարժանքներ` զենքի առումը ուսին, կրծքին ու մեջքին, փոկի թուլացում և այլ գործողություններ:
-Քննություններ ենք հանձնելու տասնյոթ առարկայից` ֆիզպատրաստություն, մարտավարամասնագիտական, զորահավաքային, ՀՊՊ, ԳԴՊ, կրակային և այլն: Համոզված եմ, որ մեր անձնակազմը` սպաներն ու ենթասպաները, այս անգամ էլ բարձր գնահատականներով կհանձնեն ձմեռային փուլի քննությունները,- մեզ հետ զրույցում վստահեցրեց փոխգնդապետ Հ. Հովհաննիսյանը:
Հաջորդ օրը քննությունները շարունակվեցին հավաքակայանում. քննական գործընթացի մեջ ընդգրկվեցին նյութատեխնիկական և նորոգման դասակները, որոնք հիմնականում համալրված են պայմանագրային զինծառայողներով: Այս ստորաբաժանումների զինծառայողները քննություններ հանձնեցին մասնագիտական առարկաներից:
Քննությունների ընթացքում իրենց ակտիվությամբ, տեսական գիտելիքներով և գործնական հմտությամբ աչքի ընկան նյութատեխնիկական դասակի հրամանատար, ավագ ենթասպա Գագիկ Պողոսյանը, ջոկի հրամանատար, շարքային Ավետիք Գասպարյանը, վաշտի վարորդներ, շարքայիններ Արթուր Ավետիքյանը, Աշոտ Սաֆարյանը, Էդգար Ոսկանյանը, Գագիկ Բուլղադարյանը, Գարիկ Կարապետյանը, Տիգրան Նասիբյանը: Գաղափարադաստիարակչական պատրաստությունից աչքի ընկան գումարտակի շտաբի պետ Գարիկ Գուրոկլյանը, Մնացական Թումանյանը, ավագ լեյտենանտ Վաչագան Գալստյանը:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #26 (1044) 10.07.2014 – 16.07.2014, Ազգային բանակ