ՏՂԵՍ Ա ԶԱՆԳՈՒՄ ԶՈՐԱՄԱՍԻՑ…
Այսօր ավտոբուսի մեջ մի կնոջ զանգեցին: Մինչև հեռախոսին պատասխանելը, հուզված բոլորին խնդրեց, որ չաղմկեն. «Տղես ա զանգում զորամասից, տասը օր հետը չեմ խոսել, ժողովո՛ւրդ, խնդրում եմ, չաղմկեք»: Եվ բոլորը լռեցին: «Բարև, տղե՛ս, ո՞նց ես… Հա, ցավդ տանեմ, տասը օր լուր չունեի քեզանից, ո՞նց անցավ հերթապահությունդ… Հո սովա՞ծ չես… Հա, ցավդ տանեմ, այ տենց տղամարդավարի պահի քեզ, չընկճվես հանկարծ, ծառայությունը տղամարդու համար ա, ես որ վստահ եմ քեզ վրա… Հո չես մրսե՞լ… Սպաներին կլսես, չվիճես հանկարծ իրենց հետ, իրենց ավագ ընկերոջ պես վերաբերվի… Մեռնեմ ջանիդ, ամբողջ մանկության ընթացքում ես ու հերդ ենք քեզ պաշտպանել, հիմա դու ես մեզ պաշտպանում, բալե՛ս, զգույշ կլնես: Իմացի` ես ու հերդ սպասում ենք քեզ… Իմացի` սպասող կա քեզ, բալե՛ս… Հաջող, ցավդ տանեմ, գնա, քնի հանգստացի մի քիչ… Համբուրում եմ»:
Հուզված անջատեց հեռախոսը ու բարձրաձայն շնորհակալություն հայտնեց ուղևորներին. «Ապրե՛ք, ժողովո՛ւրդ ջան, տղես պոստ ա պահում, առաջին հերթապահությունն էր, տասը օր չէի խոսել հետը»:
Սիրո ամենաչքնաղ դրսևորումներից մեկն էր սա. այ էսպես են հայ մայրն ու հայ կինը սիրում իրենց որդիներին ու իրենց հայրենիքը… Այս կինն էր, որ մեզ հաղթանակ պարգևեց Արցախում ու դեռ շատ հաղթանակներ է պարգևելու մեր ազգին…
Այս գրառումը, որ բանակ-հասարակություն կապի անկեղծ ու անմիջական մի վկայություն է, վերջին օրերս ամենից շատ հավանությանն է արժանացել ֆեյսբուքյան օգտատերերի կողմից:
Այո՛, այսպես է մեր ժողովուրդը սիրում իր երկիրն ու իր երկրի պաշտպանին, այսպես է մեր ժողովուրդը գնահատում իր երկրի անվտանգությունն ու այդ անվտանգության երաշխավորին` ԶԻՆՎՈՐԻՆ:
Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Ազգային բանակ