ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԵՐԹԸ ԻՄՆ Է
Եղբայրս` Վահե Աբելյանը, երկու տարի պատվով ծառայեց ու վերադարձավ: Այդ քսանչորս ամիսների ընթացքում նա և՛ դժվարություններ է տեսել, և՛ հպարտության ու ոգևորության անմոռանալի պահեր է ապրել: Ծառայության ընթացքում յուրացրած բարոյական ու կամային արժեքներն ու բանակային հիշողությունները ընդմիշտ ամրագրվելով նրա գիտակցության մեջ՝ դարձել են իր կյանքի անդավաճան ուղենիշները: Հպարտության վեհ զգացումներ էի ունենում, երբ տեսնում էի, թե ինչպես է եղբայրս իր և ծառայակից ընկերների օրինակով փորձում հայրենասիրություն և զինվորական գործի նկատմամբ պատվախնդիր զգացումներ ներշնչել մեր՝ ապագա զինվորներիս սրտերում:
Ավարտելով Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ Վահեն զորակոչվեց բանակ: Նախ՝ սահմանամերձ զորամաս, իսկ մեկ ամիս անց տեղափոխվեց կապի ուսումնական զորամաս, որտեղ կատարելագործեց կապավորի հմտություններն ու գիտելիքները` ստանալով եֆրեյտորի կոչում:
-Կապավորի մասնագիտությունը և՛ հետաքրքիր է, և՛ անչափ պատասխանատու: Կապը զորքերի ղեկավարման հիմնական միջոցն է: Շատ մեծ պատասխանատվություն էր դրված իմ և ծառայակից ընկերներիս ուսերին: Եթե կապի ծառայությունը գիշեր-ցերեկ անխափան չգործի, ապա ցանկացած գործողություն դատապարտված է,- ասում է Վահեն:
Եղբայրս ծառայեց, վերադարձավ: Հիմա ես եմ ծառայում. նրա օրինակը միշտ աչքիս առաջ է: Համոզված եմ, որ ինչպես նա պատվով կատարեց իր պարտքը, այնպես էլ ես կծառայեմ:
ԱՐՄԱՆ ԱԲԵԼՅԱՆ
շարքային