Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՄ…»



ԱԶԱՏ ԱՍՈՅԱՆԻ հիշատակին

«Բարձրանում եմ սահմանը պաշտպանելու… Լա՛վ մնացեք»։ Սա քո ֆեյսբուքյան վերջին գրառումն է։ Դու հրաժեշտ էիր տալիս։ Ոչ ոք չգիտեր, որ դու հրաժեշտ ես տալիս։ Չգիտեինք։ Այլապես… Ես կկտրեի ամենաերկար ճանապարհը, կգայի քեզ մոտ, կնստեի կողքիդ… Կփորձեի հասկանալ քո բոլոր խոսքերի բոլոր տողատակերը, մտապահել բոլոր մանրուքները… աչքերիդ գույնը կպահեի աչքերիս, որ հետո մի ամբողջ կյանք մաքրվեի դրանց լույսով, արիանայի… որ հետո մի ամբողջ կյանք վերծանեի մարդավայել ապրելու քո պատգամը։ Ես քեզ կհարցնեի ամենակարևոր բաների մասին։ Որոնց պատասխանը ես չեմ ստանալու ասֆալտի վրա, երևանյան իմ բնակարանում, ազգային ժողովի ամբիոնից, աղմկոտ սրճարաններում… շատ բառերի դատարկության մեջ։ Ես քեզ կտայի հազար անգամ ծեծված ու ամենաանպատասխան հարցը։ Ի՞նչ է հայրենիքը։ Որտե՞ղ են սկսվում ու ավարտվում նրա սահմանները մեր սիրո տիրույթում։ Ու քո պատասխանը կլիներ ամենաճիշտ ու ամենաազնիվ պատասխանը, որ ես լսել եմ երբևիցե…

…Ես քեզ սիրո մասին կհարցնեի։ Հիմա ես թերթում եմ քո ֆեյսբուքյան գրառումներն ու փորձում եմ վերծանել դրանց խորքերը։ «Սերը ուժեղ բան է»։ Որքա՞ն է ուժեղ։ Ապրելու ցանկությունից է՞լ է ուժեղ, կյանքից է՞լ ուժեղ։ Որտեղի՞ց գտնեմ այդ սիրո ուժի ակունքը իմ մեջ… սովորեցրու ինձ… Իմ փոքրիկ գոյությունը ինչպես մերձեցնեմ քո շքեղ ու երանելի բարձունքներին։ «Պոստերում ընկերոջ հանդեպ սերը փրկում է իր կյանքը»։ Իսկ քո կյանքն ինչո՞ւ չփրկեց։ Գուցե խոսքը քո սեփական կյանքի մասին չէր, այլ ընկերներիդ կյանքի։ Քանի՞ կյանք փրկեցիր քո սիրով, ինչքան բան փրկեցիր քո մահով։ Դու գիտեի՞ր, որ մեկ կյանքը կարող է այդքան մեծ կշիռ ունենալ ու այդքան բան փրկել։ Գիտեիր։ «Այստեղ շատ բան ես կորցնում, քիչ բան ես սովորում… բայց այդ քիչը ավելի շատ է կշռում, քան կորցրածդ…»։ Մի՞թե սա մարգարեություն էր մահվան գնալուց առաջ։ Մի՞թե սովորածդ հայրենիքի համար զոհաբերվելն էր։ Այդտեղ՝ սահմանին, հայրենիքի արժե՞քն էին սովորեցրել քեզ… Ու կյանքի նժարը, որտեղ կորցնելու պատրաստ կյանքդ էիր դրել, բարձրացել էր վերև անհոգի, անսիրտ թեթևությամբ։ Ի՞նչ էիր կշռում մահվան գնալուց առաջ։

Դու հրաժեշտ էիր տալիս։ Մենք չգիտեինք, որ դու հրաժեշտ էիր տալիս։ Եթե իմանայի, կնստեի կողքիդ, կշեռքի նժարին կդնեի ամենաթանկը, որ ունեմ, գուցե նժարն իջներ… Չէ՛ր իջնի։ Եթե հարյուր, միլիոն կյանք էլ դրվեր կշեռքի նժարին, նժարը թռչելու էր վեր, որովհետև դո՛ւ էիր նժարողը ու… հայրենի՛քն էիր դրել մյուս նժարին… Ու Սերը, որ «ընկերոջ կյանքն է փրկում»… Ես թերթում եմ քո ֆեյսբուքյան գրառումները։ «Մենք մեր գործը լավ գիտենք»… «Ձեր անվտանգությունը թողեք մեզ վրա»… «Սիրեք իրար և ուրախացեք»… Դու արդեն գիտեիր ուրախության արժեքը։ Մահվան գնալուց առաջ հաշվել էիր մարդկային պարզ ու անպաճույճ ուրախության բոլոր գույները։ Հիշում էիր, թե ինչքան շատ բան կա ուրախանալու, որ էլ քոնը չեն լինի… Քոնը չեն լինի, որ մերը լինեն… Որ մենք արժանի լինենք այդ ուրախությանը։ Ամեն օր ճշտելով դրա գինը։ Նոր բացվող օրվա լույսը… մտերիմ մարդու ձայնը, ժպիտը… ուրախությունը…

Ես քեզ կհարցնեի, թե այդ ի՞նչ իմաստ կա բանակ բառի մեջ, որ «եթե սկսես բացատրել, չի ավարտվի»։ Ու դա կլիներ իմ ամենակարևոր ու ամենաանկեղծ հարցազրույցը, որ արել եմ երբևէ։ Ու դա կլինի բանակի մասին գրած իմ ամենալավ հոդվածը։ Բայց հիմա ես կարդում եմ քո երկտողը. «Բանակ… էս բառի մեջ էնքան իմաստ կա, որ սկսեմ բացատրել, չեմ ավարտի»… Ու չեմ ուզում ոչինչ հորինել։

…Ես պիտի քեզ հիմա մի բան պատմեմ։ Գուցե դու տեսել ես երկնքից, գուցե քո արծվենի հոգին թափառել է Եռաբլուրի բարձունքում, անհունի մեջ։ Բայց ես ուզում եմ պատմել։

…Դա սգո թափոր չէր։ Դա ճակատամարտի գնացող զորք էր, ամենաոգեղեն զորքը, որ կարելի է պատկերացնել։ Ու դու մեր ձեռքերի վրա չէիր անցնում քո երկրային կյանքի վերջին ճանապարհը դեպի փառքի պանթեոն։ Մենք քեզ մեր հերոսացած սրտերի մեջ էինք տանում դեպի վերջին հանգրվան։ Հողը տնքում էր ցավից։ Բայց մեր աչքերում արցունք չկար։ Դու մեզ տարել էիր քեզ մոտ՝ քաջերի հայրենիքը, որտեղ արցունք չկա, հպարտություն է, ինքնանվիրում, վեհություն է, քաջություն… Դու մեր արյունը վարակել էիր ինչ-որ անհայտ-անանուն մանրէով։

…Դու լսեցի՞ր մորդ ձայնը։ «Տղաս հերոս է։ Ինքը պիտի ապացուցեր, որ թուրքն անզոր է մեր դեմ։ Իմ վիշտը չեմ պատմելու ոչ մեկին։ Դա իմ վիշտն է… Ու իմ Խաչը»…

Այդ ի՞նչ զորություն լցրիր մեր մակարդուն երակների մեջ, այդ ո՞ւր հասցրիր մեր գետնամած հոգին… Այդ ինչպե՞ս պնդեցիր մեր հոգնած բազուկը… այդ ի՞նչ շաղախով միացրիր մեր հեռացած սրտերն իրար։ Ու էպոսի նման՝ այդ ի՞նչ ուժ խլեցիր թշնամուց։

Հետո… Մենք զինվորական բոլոր պատիվներով հարազատ հողին պահ տվեցինք մեր սիրով, մեր օրհնանքով, մեր հպարտությամբ, մեր երախտիքով օծված քո մարմինը։ Հետո բարձրացրինք մեր խոնարհած գլուխը, հետո շտկեցինք մեր մեջքը, ու չափեցինք հայրենիքի սահմանները մի ուրիշ, ուրիշ հայացքով։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը, որ ներկայացնում ենք նյութի հետ, թերևս մի փոքրիկ երանգ է հայրենիքի համար նահատակված զինվորի տաք ու սիրող հոգուց, որ այդպես էլ թաքուն ու անբացահայտ մնաց։

Խորագիր՝ #30 (1048) 7.08.2014 – 13.08.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/08/2014