ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԶԻՆՎՈՐ
Հարգելի «Հայ զինվոր» թերթի խմբագրություն։
Ձեզ գրում է շարքային Սերգեյ Շեկոյանի մայրը։ Ես՝ պահեստազորի ավագ ենթասպա Կարինե Շեկոյանս, այժմ զինվորական կենսաթոշակառու եմ։ Տղաս՝ շարքային Սերգեյ Շեկոյանը, 2013-ին զորակոչվել է բանակ։ Օգոստոսի 13-ին լրանում է նրա 19 տարին։ Տղաս իմ միակ զավակն է, ուստի, որպես ծննդյան օրվա շնորհավորանք, խնդրում եմ տպագրել իմ գրած բանաստեղծությունը, որը նվիրում եմ բոլոր զինվորներին և այն մայրերին, որոնք անհամբեր սպասում են հայոց բանակում ծառայող իրենց զավակներին։
ՈՐԴՈՒՍ
Դո՛ւ իմ զինվոր վեհ ու հպարտ,
Իմ ոսկե զարդ, դու իմ քանդակ,
Դո՛ւ իմ կյանքի սյուն ու խոյակ,
Իմ թանկարժեք, դու իմ մանյակ։
Դո՛ւ չհանգչող արթուն կանթեղ,
Դո՛ւ մեծ Հայկի նետ ու աղեղ,
Դու հզոր ժայռ, դու մի ամրոց,
Դո՛ւ բանակի սյուն, դու՝ հերոս…
Եռագույնը բարձր պահիր,
Քո պատիվն է, զինվոր, գիտցի՛ր,
Պետությունը՝ դա բանակն է,
Ծառայելը մեր բանակում,
Մի մոռացիր, դա քո պարտքն է։