ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ ՀԵՏ…
1993թ. «Հայ զինվոր» պաշտոնաթերթի կազմավորման-ստեղծման ակունքներում էր մեր սիրելի ընկերը՝ բանաստեղծ, հրապարակախոս Ռոմիկ Սարդարյանը։ Մինչև ծառայության անցնելը նա արդեն մասնակցել էր իր ծննդավայր Կապանի ինքնապաշտպանական մարտերին, ինչպես նաև ջոկատների ստեղծմանը։ Տարիներ անց, ինչպես խոստովանում է անվանի բանաստեղծը, հայրենիքին իր ծառայության տարիները եղել են իր կյանքի «լավագույն, ամենապատվաբեր» տարիները։
Վերջերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից անվանի բանաստեղծն ու հայրենասեր գործիչը պարգևատրվեց «Գարեգին Նժդեհ» մեդալով։ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում դեռ չէին մարել ծափողջույնները՝ ի պատիվ բարձր պարգևի արժանացած բանաստեղծի, երբ լսեցինք նրա մահվան բոթը:
Որտեղ և ինչ պաշտոնի եղել է Ռ. Սարդարյանը («Ավանգարդ», «Վերածնված Հայաստան», Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտե, ՀԳՄ հրատարակչության գլխավոր խմբագիր) նա աչքի է ընկել մարդկային բարձր արժանիքներով և իսկական անկաշառ ու ազնիվ հայրենասերի իր կեցվածքով։
Ռոմիկ Սարդարյանի բանաստեղծությունները, թարգմանությունները, հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում և առանձին ժողովածուներում։ «Վայրկյանների երգը» (1975), «Հոգու երկիրը» (1980), «Կյանք հավելյաց» (1999), «Ջրհոսի ժամանակը» (2004) և ուրիշներ սիրվել ու գնահատվել են ընթերցողների ու մասնագետների կողմից։ Նա հասցրեց տեսնել նաև վերջերս ՀԳՄ հրատարակչությամբ լույս տեսած իր ստեղծագործությունների ընտրանին՝ «Մնացած կյանքի համար» խորագրով։ Պարգևատրվել է նաև մշակույթի նախարարության ոսկե մեդալով և արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակի։
Ըստ մեր տոհմական ավանդազրույցի` մեծ պապս եղել է Դավիթ Բեկի ներկայացուցիչը Պարսկաստանում, ունեցել է սարդարի լիազորություն։ Այստեղից էլ մեր Թումանյան ազգանունը փոխվել-դարձել է Սարդարյան։ Ես ծնվել եմ Կապանում, մեծացել եմ մեծ` 15 հոգանոց ընտանիքում։ Մորական պապս համոզված դաշնակցական էր, ես Նժդեհի անունն առաջին անգամ նրանից եմ լսել։ Նժդեհն ու Դավիթ Բեկը իմ մանկության խորհրդանիշներն են, իսկ իմ պոեզիայի բնապաշտությունը սկիզբ է առնում Խուստուփից ու Վաչագան գետից, որի ափին էր գտնվում մեր տունը։ Մանկությանս կենտրոնական դեմքը հայրս էր։ Նա շատ վաղ մահացավ, ու ես հազիվ եմ հիշում հորս, սակայն իմ այան, որը մեր գերդաստանի նահապետն էր, հաճախ էր պատմում հորս մասին, ու այդ պատմություններից հորս կերպարը անչափ վառ ու կենդանի էր դառնում։
Ես ընթերցասեր էի, դպրոցական տարիներին ամբողջ հայ գրականությունը կարդացել էի, սակայն երբեք բանաստեղծություն գրելու ցանկություն չէի ունեցել։ 7-րդ դասարանում ծանր հիվանդացա ու դպրոցի բուժկետում մի քանի օր պառկեցի ուշակորույս։ Երբ աչքերս բացեցի, տեսա` անկողնուս մոտ մի փոքր տղա է նստած` երկրորդ-երրորդ դասարանցի։ Տղան շատ ուրախացավ, որ ես ուշքի եկա։ Հետո ասաց, որ ինքը բանաստեղծ է ու սկսեց արտասանել իր գրած բանաստեղծությունը։
Մայրիկից լավ բան աշխարհում չկա,
Մայրիկից քաղցր բան չկա աշխարհում,
Ի՞նչ ուզում ես արա,
Մայրիկից լավ բան աշխարհում չկա։
Ես առաջին անգամ էի կենդանի բանաստեղծ տեսնում ու ցնցված էի այս բանաստեղծությունից։ Այդ օրը ես երկու բանաստեղծություն գրեցի Մասիսի մասին։
Երբ սկսվեց շարժումը, ես գնացի Կապան, եւ մենք ընկերներով ստեղծեցինք ինքնապաշտպանական ջոկատներ։ 1993թ.-ին ծառայության անցա «Հայ զինվոր» թերթում։ Դրանք իմ կյանքի լավագույն, ամենապատվաբեր տարիներն էին։ Կատարվել էր բոլորիս նվիրական երազանքը` կազմավորվել էր հայոց ազգային բանակը, եւ հող էր ազատագրվում։ Մենք զինվորական լրագրողներ էինք ու անչափ հպարտ էինք դրա համար, գիտակցում էինք այն մեծ պատիվն ու պատասխանատվությունը, որ դրված էր մեր ուսերին, ավելի ճիշտ` որ մեր սրտում էր։ Մենք դիրքերում էինք, առաջին գծում, զինվորի կողքին։ Զինվոր էինք։ Մենք սիրում էինք մեր գործը, նվիրված էինք այն գաղափարներին, որ քարոզում էինք, սիրում էինք հող ազատագրող զինվորին, սիրում էինք մեր ազատագրական կռիվը։
ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ
«Մնացած կյանքի համար» գրքից 2014
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ
Դու իմ սրտում պիտի չլինե՜ս-
Հիվա՜նդ է սիրտս,
Չի՜ տրոփում։
Դու իմ գլխում չպիտի՜ լինես-
Անհաղորդ է
Միտքս։
Մնա՜ վերում, քանզի Աստծո ամպն ես-
Գլխիցս վեր,
Որ հույսի
Մեծամեծ կարկուտներ է թափում
Գլխիս,
Ուսերիս,
Կրծքիս։
ԸՆԿԵՐՆԵՐՍ
Եղբորս՝ Բերդաձորի Անդրանիկին
(քայլերգ)
…Ե՛վս մի պինդ քայլ,
Ե՛վս մի պինդ վերք,-
Ու էլ չե՛նք լինի,
Լսո՞ւմ եք,
Տղե՛րք…
Անմա՛հ մահերն են
Խուժել մեջներս,-
Գնո՛ւմ ենք, տղե՛րք։
Հայե՛նք Երկնային Անդունդն ամեհի,
Խմե՛նք ամենից շողշողուն գինին,
Դիմե՛նք զենքերից ազնվագույնին,-
Մենք հի՛ն ենք, տղե՛րք՝
Մեր Երկի՛նքն է հին։
Մահը խուժել է մեջնե՛րս,
Տղե՛րք,-
Ե՛վս մի պինդ քայլ,
Ե՛վս մի պինդ վերք…
Ու կանմահանա՜նք…
Էդպե՛ս է,
Տղե՛րք։
ԱՂՈԹՔ ԿԱՊԱՆՈՒՄ
Ծիրանի ծառը, որպես ծաղիկ
Առնե՜մ ու ելնեմ Տիրամոր դեմ.
Խուստո՜ւփս լիներ, լի՛ներ Նժդե՜հ-
Ծիրանի ծառը, որպես ծաղիկ։
Վաչագան գետ չեմ, այլ՝ անցողի՜կ
Հայրս կյա՜նք չեղավ, մայրս՝ եդեմ,-
Ծիրանի ծառը, որպես ծաղիկ
Առնե՜մ ու ելնեմ Տիրամոր դեմ։
ՉՄԱՀԱՆԱՍ
Պատահական մի աղջկա հայացքը ինձ
շշնջում է՝ չմահանաս։
Մայթեզրերին ընկած ծաղկի մնացորդը
մորմոքում է՝ չմահանաս։
Աշնան տամուկ մշուշները փարվում են ինձ՝
չմահանաս։
Ցոլքը լույսի, ու ծիծաղի մի ելևէջ
հորդորում են՝ չմահանաս։
-Չմահանաս, չմահանաս, չմահանաս։
Մահճիս թեքված հայացքը զուսպ,
Մանկան աղերսը միամիտ,
Ու ապրելուս ճիգերը հուսկ
Հանգերգում են։ Վերջին ժամիս
Վերջին սիրով ունկնդրում եմ
Վերջին, վերջին իմ մեղեդին.
-Չմահանաս, չմահանաս, չմահանաս…
ԶԱՆԳԵԶՈՒՐ
Զանգեզուրի երկնքից հակվել են
Հարազատներիս դեմքերը
Եվ Աստծո։
Ուրեմն մերոնցից մեկնումեկի
Բաժանման-ժամանման
Ժամանակն է։
Այս նորածին լեռները հնուց
Ճերմակ թագեր են կրում։
Օ՜, մանկություն,
Իմ և Հայրենիքիս։
ՀՐՈ ԵՐԿԻՐ
(Հիմն Կապանին)
Իմ Յոթնաբերդ Քաղաք,
Իմ Յոթնադո՛ւռ Երկիր…
Դո՛ւ, աչքիս բիբն արած
Մեծ կանգառի խարիսխ՝
Հոգուս Մատույց հասած
Իմ հուշերի՜ Տապան։
Դավիթ Բեկի ձեռամբ,
Ձեռամբ Նժդեհի Մեծ-
Դո՛ւ, Խուստուփ լե՛ռ դրած
Ոսոխների մուտքին՝
Որպես ծանր կապանք։
Պղնձաձո՛ւյլ շեփոր
Իմ մանկության,
Ի՛մ ֆիդայի…
Կերպո՛վ իմ արցունքի
Հոսող-Վաչագան գե՜տ,
Դո՛ւ, խոյացո՛ղ Խուստուփ-
Լեռնակոթո՜ղ։
-Հնչո՜ւմ եք միշտ իմ մեջ,
-Ես ապրո՜ւմ եմ Ձեզ հետ։
Օ՜, Հրո երկիր
Քաջ կապանցոց*,
Դառնամ, Ձեզ կրկին փառաբանեմ
Բոց-բարձունքներից իմ կարոտի.
-Զվարթությունը մեր իմաստուն,
-Մեր կորուստները – ցավ ու վշտեր,
-Գայլավաշտերիդ ոգի՛ն արթուն…
Ապա լռե՛մ
Լեռների նման իմ հրաշեկ՝
Խառնվե՜մ Ձեր հուր երակներին։
Իմ Յոթնաբե՛րդ Կապան,
Իմ Յոթնադո՛ւռ Երկիր…
*Այս արտահայտությամբ է սկսել Գարեգին Նժդեհը իր բոլոր ուղերձները՝ ուղղված զորքին։
Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Հոգևոր-մշակութային