ԵՐԿԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՏԻՎԸ…
Հայաստանի ԶՈՒ պատվո պահակային վաշտը պատասխանատու առաքելություն է իրականացնում` մեր երկիրը հավուր պատշաճի ներկայացնելով օտարերկրյա նախագահների ու հյուրերի առջև: Առաջին հայացքից նրանց ծառայությունը շատ հեշտ և գրավիչ է թվում: Մենք տեսնում ենք միայն փայլուն, կոկիկ համազգեստով, անթերի տեսքով վարժ և հմուտ գործողություններ կատարող զինծառայողների: Սակայն իրականում այդ արտաքին հանգստությունն ու փայլը երկարատև և տքնաջան աշխատանքի, ամենօրյա լարված պարապմունքների արդյունք է: Գիտակցելով գործի կարևորությունը` պատվո պահակային վաշտի ամեն զինծառայող ձգտում է պատվով կատարել իր ծառայությունը: Չէ՞ որ յուրաքանչյուրի անթերի քայլքից, շարժումներից ու գործողություններից է կախված ողջ խմբի հաջող ելույթը: Ծառայողական առօրյայի, մասնագիտական պարապմունքների մասին մեզ պատմում են պատվո պահակային վաշտի զինծառայողներ, շարքային Գոռ Ավետյանն ու սերժանտ Անդրանիկ Խաչատրյանը:
– Ճիշտ է, սկզբում դժվար էր, բայց կամաց-կամաց ընտելացա,- անկեղծանում է Գոռը, որ պատվո պահակային վաշտի դրոշակակիր խմբից է և մասնակցում է նաև պսակադրման արարողություններին:- Նորություն էին առավոտյան վերկացը, ռեժիմով քունը, ինչու չէ, նաև ռեժիմով սնվելը: Դժվար էր այս ամենին համակերպվելը, սակայն դժվարությունները տղամարդու համար են, պետք է ուժ գտնել ու անցնել այդ ամենի միջով: Պատվո պահակայինի զինվորը պետք է պատվով հաղթահարի յուրաքանչյուր դժվարություն:
Այն հարցին՝ հե՞շտ ձեռք բերեցիր ընկերներ նոր միջավայրում, և ինչպիսի՞ն են հարաբերությունները ծառայակից ընկերներիդ հետ, Գոռը պատասխանեց, որ ունի շատ լավ բանակային ընկերներ, ու բոլորի հետ հարաբերությունները եղբայրական են:
– Մինչ բանակ զորակոչվելս ընդունվել եմ ԵՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղ՝ ֆինանսների բաժին: 3 ամիս սովորելուց հետո զորակոչվել եմ բանակ: Արդեն ութ ամիս է, ինչ ծառայում եմ: Ծառայությունը ավարտելուց հետո կշարունակեմ ուսումս: Միգուցե հետագայում աշխատանք փնտրեմ հայրենի գյուղից դուրս, սակայն իմ հողը, իմ հայրական տունը երբեք չեմ լքի… Շատ եմ կարոտել ծնողներիս: Ամեն ինչ լավ է, ուղղակի՝ մի փոքր համբերություն, եւ կվերադառնամ ու նրանց կողքին կլինեմ: Կիրակի օրը տեսակցության օր է: Առավոտյան ժամը 11-ից կարող ենք տեսակցել մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին: Ազատ ժամանակ զբաղվում ենք ընթերցանությամբ, ֆիլմեր ենք դիտում: Մեր մարտական ոգին բարձր պահելու համար հիմնականում Արցախյան գոյամարտի մասին հայրենասիրական ֆիլմեր ենք դիտում: Գրադարան, ցավոք, չունենք, սակայն սպայական կազմը օգնում է մեզ այդ հարցում և անհրաժեշտ գրականություն տրամադրում: Ես ավելի շատ սիրում եմ պատմական թեմաներով գրքեր կարդալ:
♦♦♦
Սերժանտ Անդրանիկ Խաչատրյանը Գյումրիից է: Տասնչորս ամիս է, ինչ ծառայում է պատվո պահակային վաշտում: Դասակի հրամանատարի տեղակալն է, ընդգրկված է նաև դեֆիլե կատարող խմբի կազմում: Բռնցքամարտիկ է: Սովորել է Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Մասնակցել է մրցումների ավելի քան 60 երկրներում:
-Բանակ զորակոչվել եմ ժամկետից երեք տարի ուշ,- պատմում է Անդրանիկը,- բռնցքամարտի ֆեդերացիայի միջնորդությամբ ինձ անընդհատ տարկետում էր տրվում, որպեսզի սպորտի բնագավառում առաջ գնամ, հասնեմ հաջողությունների: Այնինչ, ես ինքս ցանկացա բանակ գնալ: Ֆեդերացիայից թղթերս վերցրի ու ինքնակամ զորակոչվեցի բանակ: Ցանկանում էի Ղարաբաղում ծառայել, անցնել բոլոր դժվարությունների միջով, տեսնել, հասկանալ, թե ինչ բան է վախը, ինչ է զգում սահմանին կանգնած զինվորը: Բայց ամեն ինչ միանգամայն անսպասելի ընթացք ունեցավ: Կազմվածքս, հասակս, մկանային կառուցվածքս հաշվի առնելով՝ ինձ ընդգրկեցին պատվո պահակային վաշտում: Ճիշտն ասած, մի քիչ տխրեցի, բայց հետո հասկացա, որ այստեղ նույնպես լարված և հետաքրքիր ծառայություն է ինձ սպասում: Մենք և՛ մարտական պատրաստություն ենք անցնում, և՛ մասնագիտորեն պատրաստվում ցուցադրական ելույթների: Այսինքն` ծանրաբեռնվածությունը կրկնակի է:
Տեսնելով, թե ինչպես են զինվորները կատարում դեֆիլեն, մտածեցի, որ ես չեմ կարող նույնն անել, քանի որ բավականին բարդ վարժություններ էին: Բայցեւայնպես, որոշակի վարժվածությունից հետո վաշտի հրամանատարին խնդրեցի ընդգրկել ինձ դեֆիլե կատարող խմբի կազմում: Մերժեցին, որովհետև ընդամենը մի քանի ամսվա ծառայող էի: Հետագայում, երբ արդեն խմբի մեջ էի, 24 տղաներով, միմյանց հուշելով, նոր վարժաձևեր էինք մտածում ու այդ մասին հայտնում վաշտի հրամանատարին: Վարժաձևերի կատարման հաջորդականությունը որոշում էինք այնպես, որ ավելի գեղեցիկ և դիտարժան լինի: Եվ այդպես ես աստիճանաբար հմտացա: Ամեն դեպքում, յուրաքանչյուր միջոցառման մասնակցելուց 15-20 օր առաջ նորից պարապում ենք, վերհիշում վարժությունները, որ ամեն ինչ առանց թերությունների լինի:
Անդրանիկը ստացած մասնագիտական հմտություններից ոչ պակաս կարևորում է նաև բանակային ընկերներին. չէ՞ որ բանակային ընկերությունն ամենաամուրն է:
-Ողջունում եմ հարազատներիս, սիրածս աղջկան: Կանեմ ամեն ինչ, որ դուք հպարտանաք ինձնով: Բոլորիդ շատ-շատ կարոտում եւ գրկում եմ: Իմացեք, որ մեր տղերքը միշտ զգոն են, հատկապես՝ սահման պահող տղերքը: Աստված նրանց պահապան ու պաշտպան թող լինի, որ նրանք էլ ապահովեն մեր խաղաղ կյանքը,- զրույցը բարեմաղթանքներով ավարտեց սերժանտ Անդրանիկ Խաչատրյանը:
ՆԱՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Խորագիր՝ #35 (1053) 11.09.2014 – 17.09.2014, Ազգային բանակ