ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեց «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարվա սեպտեմբեր ամսին Սևանի «Ժայռ» հանգստյան գոտում կազմակերպվող Միասնության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Արդեն երկրորդ տարին է՝ Միասնության տոնի շրջանակներում կազմակերպվում է «Ժայռ» համահայկական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և շնորհավորեց Միասնության տոնի կապակցությամբ: Նախարարը նշեց, որ հայկական օրացույցն ունի երկու յուրահատուկ ամիս` մայիսը՝ որպես հաղթանակների ամիս, և սեպտեմբերը՝ որպես Հայաստանի ու Արցախի անկախության ամիս: Եվ այդ հաղթանակներն ու անկախությունները հնարավոր չէին լինի, եթե չլիներ մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը:
«Ժայռ» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսան Մինասյանի խոսքով` միջոցառման նպատակն է պայքարել երիտասարդության շրջանում հասարակական խնդիրների հանդեպ անտարբերության դեմ, երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրության գաղափարը, նպաստել երիտասարդների` հասարակական գործընթացներում ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:
Միասնության տոնի շրջանակներում կազմակերպված «Ժայռ» համահայկական մրցույթ-փառատոնը մեկնարկել էր դեռևս ապրիլ ամսից: Մրցույթին կարող էին մասնակցել տարբեր երկրներում բնակվող հայ երիտասարդները քանդակագործության, երաժշտության, գեղանկարչության, ասմունքի և այլ անվանակարգերում: Մինչև օգոստոսի 15-ը հայտերի ընդունման փուլն էր, իսկ օգոստոսի 30-ին` Երևանյան փուլը, որի մրցանակակիրները սեպտեմբերի 11-ից գտնվում են Սևանի «Ժայռ» հանգստյան գոտու ճամբարում և հասցրել են մասնակցել բազմաթիվ միջոցառումների:
«Ո՛չ պատերազմին» կարգախոսի ներքո անցկացվող Միասնության օրվա շրջանակում տեղի ունեցավ տոնական համերգ` «Փարոս» կամերային երգչախմբի և «Համայնք» պարային համույթի մասնակցությամբ: Ներկաներին ողջունեց նաև «Կիլիկիա» նավի անձնակազմը: Միջոցառման ավարտին մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի, իսկ հաղթողները` պատվոգրերի և մրցանակների:
Խորագիր՝ #36 (1054) 18.09.2014 – 24.09.2014, Բանակ և հասարակություն