ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի եզդիական համայնքը նշեց Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում սրբավայրի կառուցման երկրորդ տարեդարձը: Այդ կապակցությամբ համայնքում բացվեց հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը:
Ակնալիճ գյուղի Այղր լճի մոտ կառուցված եզդիների հոգևոր կենտրոնը բացվել է 2012 թվականին՝ բարերար Միրզա Սլոյանի նախաձեռնությամբ: Երեք տարի անց բարերարի միջոցներով այստեղ կառուցվեց նաև հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը: Հայերի և եզդիների դարավոր բարեկամությունը հավերժացրին միանգամից հինգ հուշարձաններ՝ եզդիների հավատքը մարմնավորող սիրամարգը, Զորավար Անդրանիկի, Ջհանգիր Աղայի, Ուսուբ Բեգի կիսանդրիները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշասյունը՝ հայերեն ու եզդիերեն համատեղ արձանագրություններով:
Միջոցառումների շարքը մեկնարկել էր դեռ սեպտեմբերի 28-ին. այդ օրը եզդիական համայնքի ներկայացուցիչները՝ Իրաքի խորհրդարանի ազգությամբ եզդի կին պատգամավոր Վիան Դախիլի հետ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նույն օրը կազմակերպվել էր բարեգործական դրամահավաք՝ ի պաշտպանություն Հյուսիսային Իրաքում «Իսլամական խալիֆայության» ահաբեկչական գործողությունների պատճառով տուժած եզդիական համայնքի:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բացման խոսքում անդրադարձավ իրաքյան եզդիների ողբերգությանը: Նա շեշտեց, որ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի համար անընդունելի է 100 տարի անց տեսնել, թե ինչպես է նույնը կատարվում իր եղբայր եզդի ժողովրդի նկատմամբ.
-Մենք դատապարտում ենք 21-րդ դարում տեղի ունեցող այդ ոճրագործությունը և կիսում ենք մեր եղբայրների վիշտը,- իր խոսքը եզրափակեց մարզպետը:
Եզդիական համայնքի ներկայացուցիչները երախտագիտություն հայտնեցին ՀՀ ղեկավարությանը՝ միջազգային ամենաբարձր ատյաններում Իրաքում բնակվող իրենց հայրենակիցների հետ տեղի ունեցող ողբերգության մասին բարձրաձայնելու համար:
-Մենք շնորհակալ ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգյանին, որ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսեց այդ ոճրագործության մասին: Հայաստանը միակ երկիրն է, որ ահազանգեց, խոսեց այս ողբերգության մասին: Այսօր մեր ազգը հայտնվել է ցեղասպանության առջև, և պետք է մեծ ջանքեր գործադրել՝ Հյուսիսային Իրաքում մեր հայրենակիցների կյանքը փրկելու համար: Եզդի ժողովրդին կոտորում են` երեխաներին, մեծերին, ոչ ոքի չեն խնայում, 500 հոգու կոտորել են, ֆիզիկապես վերացնում են մեր ժողովրդին: Մենք դիմում ենք համայն աշխարհին, որ կանգնեն մեր կողքին, փրկեն հին աշխարհի ժողովուրդներից մեկին` եզդիներին: Մեզ հետ վարվում են այնպես, ինչպես 1915-18 թվականներին թուրքերը վարվեցին հայերի հետ,- ասաց Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Հյուսիսային Իրաքի եզդիներին օգնելու նպատակով հասարակական կազմակերպությունների և անհատների կողմից հավաքվել է 160 հազար դոլար: Մի քանի միլիոն դրամի գումար է հատկացրել նաև Արմավիրի մարզպետարանը:
Ազիզ Թամոյանը նաև հայտարարեց, որ, որպես երախտագիտություն, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին տրվել է Աշխարհի և Հայաստանի եզդիների հերոսի կոչում:
Իր հերթին բարերար Միրզա Սլոյանը երախտագիտություն հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները սատար են կանգնում եղդիական համայնքին: Նա շեշտեց, որ այսօր Հայաստանը միակ երկիրն է, որտեղ զարգանում է եզդիական մշակույթն ու լեզուն, եզդիերենը դասավանդվում է 35 դպրոցներում, այսօր աշխարհում կա եզդիական երկու սրբավայր, որոնցից մեկը՝ Հայաստանում: Միրզա Սլոյանը նաև նշեց, որ եզդի ժողովուրդն անմասն չի մնացել նաև հայկական պետականության կերտմանը, մասնակցություն է ունեցել Արցախի ազատագրմանը այնպես, ինչպես 1918 թվականին Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերին:
– Մենք շնորհակալ ենք մեր հայ եղբայրներին՝ մեր ինքնությունը պահպանելու և աջակցելու համար: Առավել ևս շնորհակալ ենք ՀՀ ղեկավարությանը՝ մեր ազգի համար այս ծանր օրերին ՄԱԿ-ի ամբիոնից Հյուսիսային Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին ճիշտ որակավորում տալու և եզդի համայնքի ցեղասպանությունը դատապարտելու կոչերի համար, – ասում է եզդի բարերարը:
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ազգությամբ եզդի մի խումբ ազատամարտիկների մեդալներ տրվեցին:
Բ.ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ