Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏ ԱՐՑԱԽ



Գնացինք: Երկա՜ր գնացինք:

Բարձրում կանգնեցինք Ս.Ղազանչեցոց եկեղեցու մոտ: Թվաց՝ ներս մտնենք՝ Աստծուն ենք ողջագուրվելու- էդպես էլ եղավ:

Շուշի:

Իմ Աստվածանիստ Շուշի:

Մանդելշտամի բանաստեղծության թախիծը հովի հետ մի պահ եկավ ու անցավ՝ իր հետ տանելով պատմության ծանր շունչը: Մեր խմբի ջահելների կենսախինդ ու զրնգուն ներկայությունը տիրական էր, ու տխուր մտածումներին սողոսկելու տեղ չէր մնացել:

– Ի՞նչ գործի ես:

Չես ասի՝ ուխտագնաց եմ- ուխտագնացությունը փեշակ չի, բայց անանձնական սիրո ու նվիրումի մի լուսավոր խորհուրդ ունի՝ փոխադարձորեն սիրտ ու հոգի ջերմացնող:

Մեր մեջ սիրո զգալի ավելցուկ կար, ասինք՝ դուրս գանք հայրենակիցներին բաժանենք, ու նորից Հայոց Սրբազանի՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ Հայրենիքի ճամփեքին ենք:

Ծաղկուն եւ ամայի հատվածները շրջանցում են միմյանց- սա իմ Հայրենիքն է, իմ ազգի պատմությունն այստեղից է հղվում աշխարհին՝ այս հող ու ջրից: Մենք, մեր երկիրն ու ժողովուրդն այսօր այնպիսի վիճակում ենք, որ բոլոր պահերն էլ պատմական են, եւ վարանումներն ու մեղանչումները կարող են այս վիհերից ցած գլորել մեզ: Այստեղ շարունակաբար մարտեր են ընթացել- մեր ընկերներն իրենց կյանքն են զոհել, իրենց առողջությունն են տվել, որ չընդհատվի դարավոր ընթացքը հայ արարչական ցեղի … ինձ համար երբեք ընդունելի չէ՝ մեր մեկ զոհված զինվորի դեմ՝ հինգը, տասը կամ հարյուր թշնամու զինվոր- իմ մեկ հայ զինվորը շատ ավելին է, քան մոլորակի վրա եղած բոլոր ադրբեջանցիները միասին մի փոսում վերցված:

Ափսոս, որ մահը հաղթող զորականների մեջ հետագայում պարտվողներ եղան, անշնչությանը՝ նյութի՛ն պարտվողներ, եւ հացկատակությանն այդ գերվողների համար մենք էլ դառնացանք: Ինչեւէ, հաղթության դափնիներն անպարտներն են միայն կրելու:

Հրամանատար Ամիրխանյանը ջերմորեն է դիմավորում մեր խմբին: Նա եւ Բագրատ Սրբազանն արդեն հին բարեկամներ են: Գնդապետը հպարտությամբ է պատմում իր զինվորների մարտական խիզախությունների մասին, ավելացնելով, որ տեսական գիտելիքներն ամրագրվեցին նաեւ գործնականորեն: Նա չի մոռացել լրագրողներին ոգեւորած իր նախկին արտահայտությունը. «Երբ պետք լինի՝ թշնամուն միշտ էլ զսպաշապիկ կհագցնենք»:

Սրբազանը զինվորներին «Նոր կտակարան» նվիրեց՝ խաղաղ ծառայություն մաղթելով: Լրագրողները աշխույժ զրուցելով զինվորականների հետ՝ շատ ու շատ կենցաղային հարցեր պարզեցին: Նվագախումբը հայոց հիմնը հնչեցրեց, երգեցինք, արտասանեցինք, միմյանցով ավելի ամրացանք:

Ինչքան շատ ենք շրջում սահմաններով, նրա կերպարն ավելի է մեծանում ու զորանում, նա մեր էպոսի անպարտելի ծուռն է, մեր ցեղի հաղթական շնչի կրողն է, այն շնչի, որի արարչական հմայքը տեսանելի է ողջ մարդկությանը:

Մենք վերադառնում ենք, սահմանները թողնելով ամենահպարտ, ամենաքաջ զինվորին՝ հայ զինվորին, որն ամուր կանգնել է խավարի դեմ, որ անխոցելի մնա լույսը:

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Խորագիր՝ #38 (1056) 2.10.2014 – 8.10.2014, Բանակ և հասարակություն


02/10/2014