Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՅՍԸ



«Դրսում արդեն լույս էր, տանը լույս էր, վերևում լույս էր, ու ինքը վերևից նայում էր իրեն, իր ծկլթացող ու մազերը փիտող կնոջը, իր խունացած ու մաշված շորերով երեխաներին, որ արթնացել ու լալիս էին, արագ-արագ ներս ու դուրս անող շվարած հարևաններին ու իրեն, իր մարմնին, իր սառած ու մաշված բազմոցին մեկնված մարմնին, բերանի անկյուններում ծվարած ժպիտ ու արհամարհանք, արհամարհանք աշխարհին ու իրեն ու փախավ, չէ՛, չէ՛, սլացավ իրեն ընդառաջ եկող ընկերներին` Վուրգին, Անդոյին, Բասմաչին, Պետոյին, Մոնթեին, Աղվանին, Կարենին ընդառաջ, հաղթանակած բանակին, հաղթանակած զորքին, հաղթանակած պետությանն ընդառաջ»։

Այս տողերը բանաստեղծ, արձակագիր, արվեստագետ, արվեստաբան, ազատամարտիկ Աշոտ Մինասյանի` Աշոտ Երկաթի «Լույսը» պատմվածքից են, որ տպագրվել է «Անդին» ամսագրում: Հարկավոր է կարդալ։ Այնքան վարար ու հորդուն է լույսն այդ պատմվածքում: Այնտեղ լույսի ու մութի, լուսավորի ու խավարի խտացում է, բայցևայնպես, առատ ու հորդուն լույսը ճառագում է թանձր խավարի միջից։

Մտավորականի իր նուրբ, խորաթափանց, քնքուշ ու երազող հոգին նա պիտի զրահավորեր երկաթով, որ կարողանար կռվելով Նեռի դեմ, պաշտպաներ իր վաղեմի երազանքը։

Անկախությունը՝ գրողի զրույցն է Լծենցի Առաքել ամիի հետ. «Հորեղբորը մենք ամի ենք ասում: Գրագետ, շատ կարդացած մարդ էր Առաքել ամին։ Երբ Պարույր Սևակի մահվան բոթը հասել էր մեր գյուղ` Լծեն, այդ լուրն առնելով, գյուղամիջում հոնգուր-հոնգուր լաց է եղել Առաքել ամին։ Նրան է մոտեցել գյուղացիներից Շահենը ու հարցրել.

-Ինչի՞ ես լալիս, Առաքե՛լ։

-Շահե՛ն ջան, Սևակն է մահացել։

-Սևակն ո՞վ է, ձեր բարեկամների՞ց է,- հարցրել է Շահենը։

-Շահե՛ն ջան, Պարույր Սևակն է մահացել։

-Որտե՞ղ էր ապրում, ո՞ր գյուղում, որ իսկի չեմ լսել,- համառորեն հարցնում է Շահենը։

-Երանի քեզ, Շահեն ջան, որ չգիտես, թե ով է մահացողը, ով է Պարույր Սևակը…

Անկախությունը Լծենի հանգստարանում ննջող Աշոտի բանաստեղծ եղբայր Աղվանի տողերն են. «Իշխանասարի վառվող թագը և Որոտանի խուլ հառաչը ուղեկցում են ինձ, որպես այս հողակտորին կապող անքակտելի կարոտ ու մինչ մահ ինձ ուղեկցող երազ, որը հասկանում ես այն ժամանակ, երբ հողի ու քո միասնությունը հեռու չէ, երբ հասկանում ես, որ այդ երազը կրկնվել չի կարող, և որ դու վաղվա հողն ես»։

Աղվանը 23 տարեկան էր, երբ զոհվեց։ Դա 1993 թվականն էր, երբ մեր անկախությունը երկու տարեկան էր։ Այսօր բանաստեղծն ու անկախությունը տարեկիցներ են։ Կանցնեն էլի տարիներ, ժամանակներ։ Բանաստեղծ Աղվան Մինասյանը հավերժ կմնա 23 տարեկան, իսկ Անկախությունը հուլունքաշարի նման հատիկ-հատիկ կավելացնի իր տարիների թիվը։

Եվ Աշոտ Մինասյանը արտասանում է իր Աղվան եղբոր բանաստեղծություններից.

-Լույս առավոտի՝

Դու վերածննդի և կրկնության

Մի հին ժամապահ,

Որ ավելի լավ իր գործը գիտի,

Որպես հին ճամփա ոտնածեծ ու ծեր։

Դու ծեր ժամապահ,

Ես՝ այս օրերի մի տգետ աքլոր,

Որ դեռ չգիտի օրվա սահմանված ժամերը բոլոր,

Որ երբ ուզում է, պատեհ-անպատեհ

Կարող է երկար ծուղրուղու կանչել՝

Խառնելով օրվա ժամ ու ժամանակ…

Անկախությունը գուցե Աշոտի պատմությունն է իր զոհված մարտական ընկերների, Գևորգի ու նրա որդու՝ Հակոբի մասին.

-Գևորգը զոհվեց 1993 թվականի մարտի 31-ին, Վակունիսում, Քարվաճառի մարտական գործողությունների ժամանակ: Այդ օրը զոհվեցին Վուրգը, Վոլոդյան, Գևորգը, Վահանը, Հրայրը… 10 զոհ տվեցինք՝ թանկ ու նվիրական անուններ։ 13-ը վիրավորվեցին։ Գևորգի որդին՝ Հակոբը, փոքր էր, շատ էր փոքր, երբ զոհվեց հայրը։ Մեծացավ Անուշ տատի օրորներով, որդու մասին հիշողություններով։

2001 թվականին, երբ Վակունիսում հուշարձան կառուցեցին, հուշարձան-խաչքարը բացելու պատիվը տրվեց Անուշ տատին։ Հետո Անուշ տատը թոռան ձեռքը բռնած ման էր գալիս պատերազմի արկերից, գնդակներից բզկտված, ազատագրված այդ տարածքում։ Հավաքում էին պարկուճներ, արկերի բեկորներ, այն, ինչ հիշեցնում էր պատերազմը։ Հետո Հակոբը իր տարեկիցներին գլխին հավաքած պատմում էր, բացատրում, որ այդ տարածքներն իր հայրն է ազատագրել…

Այդ նույն տարի իմ տղան ու Հակոբը պիտի գնային առաջին դասարան։ Ես այդ օրը իմ տղային չտարա դպրոց։ Զոհված ընկերոջս որդու ձեռքը բռնած՝ Անուշ տատի հետ միասին նրան դպրոց տարանք։ Պարտավոր էի այդպես վարվել… Հաջորդ օրը՝ Արցախի անկախության օրը, Հակոբի հետ այցելեցինք Գևորգի շիրիմին։ Հայոց անկախությունը և Հակոբը՝ իմ զոհված ընկեր Գևորգի որդին, տարեկիցներ են։

Վերջերս Սիսիանի երկրապահների հավաքին Աշոտ Մինասյանն ասաց.

-Արդեն ազատամարտին մասնակցած տղաների, մեր զոհված ընկերների թոռներն են այսօր կանգնած հայրենի սահմաններին։ Մենք՝ երկրապահներս, պետք է կանգնենք մեր զավակների կողքին:

Այսպես ասաց ու ընկավ մտորումների, խոհերի գիրկը։ Հետո ողջ գիշեր քունը մոտ չեկավ։ Հիշեց Աղվանի հետ միասին իրենց դիմավորած արշալույսները։ Հետո զանգահարեց մարտական ընկեր, կինոօպերատոր Սամվել Թադևոսյանին. «Հոգիս դուրս է եկել մարմնիցս ու սավառնում է վերևներում, լքել է մարմինս»,- բողոքեց իր մարտական ընկերոջը։ Սամվելը կատակեց. «Իզուր չեն քեզ ասում Աշոտ Երկաթ։ Հագել ես երկաթյա զրահդ, էլ խեղճ հոգիդ ո՞նց մտնի մարմինդ։ Հանի՛ր երկաթե զրահդ, որ հոգիդ նորից իր ճանապարհը գտնի»։

Բացվում էր արշալույսը։ Բացվում էր Հայաստանի 23-ամյա անկախության արշալույսը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #39 (1057) 9.10.2014 – 15.10.2014, Ճակատագրեր


09/10/2014