Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԱՌԱՏՈՒՆԿ «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆՈՒՄ



Ապագա զինվորական բժիշկները Եռաբլուրում ավարտեցին ծառատունկը։ Արցախյան պատերազմի հաղթանակն ու փառքը հավերժացնող պանթեոնում հայրենիքի պաշտպանները ծառեր տնկեցին՝ մարմնավորելով մեր վերընձյուղված հույսերի, ապագայի հանդեպ մեր ամուր հավատի ու մեր գալիք հաղթանակների խորհուրդը։ Մեկական ծառ՝ հայրենի հողից ավիշ ու սնունդ առնող, հայրենի հողում ննջող հերոսների շիրիմներին՝ կենդանի հուշարձան։ Մեկական ծառ՝ իբրեւ արժանապատիվ խաղաղության առհավատչյա։

Ապրիլի 9-ին Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շուրջ հիսուն ուսանողներ ուղեւորվեցին «Եռաբլուր» պանթեոն՝ ծառատունկի:
Կանաչապատ տարածքները բարեկարգելու, ծառեր տնկելու առիթը միավորել էր ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներին եւ համալսարանի ուսանողներին:
Ինչպես տեղեկացրեց «Եռաբլուր» պանթեոնի պետ գնդապետ Ս. Խաչատրյանը, պայմանավորվածությունը ձեռք էին բերել վաղուց, միջոցառումը պարզապես համընկել էր Երեւանի քաղաքապետարանի հայտարարած համաքաղաքային ծառատունկին:
Ս. Խաչատրյանը նշեց, որ տնկիները տրամադրել է «Էյ Թի Փի» բնապահպանական հասարակական կազմակերպությունը: Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ բուժծառայության գնդապետ Ս. Գալստյանն էլ ասաց, որ ծառատունկի համար անհրաժեշտ բահերի հարցում էլ օգնել է Խաղաղապահ բրիգադի հրամանատարությունը: «Ծառատունկը խորհրդանշում է մեր ժողովրդի հարատեւությունը: Եթե մարդ ծառ է տնկում, ուրեմն ինքը եւս արմատներով կառչում է հողին եւ պարտավորվում այն բարգավաճեցնել ու երբեք չլքել»,- ասաց Ս. Գալստյանը:
Թեեւ անձրեւ էր գալիս, կուրսանտները եւ ուսանողները մեծ պատրաստակամությամբ լծվեցին գործի, միմյանցից հազիվ կես մետր հեռավորության վրա փոսեր փորեցին, ապա ծառեր տնկեցին` մեծ մասամբ հացենիներ:
Կուրսանտ Վահե Օհանյանը կարծում է, որ առաջին հայացքից պարզունակ այս աշխատանքը` ծառ տնկելը, բնության եւ միմյանց հետ շփվելու հնարավորություն է տալիս իրենց: «Մաքուր, բարեկարգ ու կանաչ պանթեոն ունենալը մասնակիցներիս ցանկությունն է և միաժամանակ` պարտականությունը: Մենք գործով կարող ենք ցույց տալ մեր հարգանքը հայրենիքի համար զոհվածների նկատմամբ: Վստահ եմ՝ հետագայում էլ այս ավանդույթը կշարունակվի»:
Պանթեոնի պետն էլ նշում է, որ ծառ տնկելը գործի կեսն է միայն, կարեւորը հետագա պահպանությունն ու խնամքն է. «Ծառերը տնկում ենք միայն այն վայրերում, որտեղ ոռոգման խնդիրը լուծված է: Տարածքը համապատասխան հրամանով բաժանվել է հատվածների, եւ նշանակվել են պատասխանատուներ` ի դեմս անձնակազմի անդամների»:
Բժշկական համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ Հակոբ Հարությունյանը հուսով է, որ ծառերը շուտով արմատ կգցեն. «Ծառը խորհրդանշում է կյանքի անսահմանությունը, անմահությունը: Այս տնկիները կխորհրդանշեն նաեւ մեր անսահման սերն ու հարգանքը հանուն հայրենիքի զոհվածների նկատմամբ»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուս.՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #14 (879) 13.04.2011 – 20.04.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


21/04/2011