Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐՀՆԱՆՔԻ ԽՈՍՔԵՐԸ ՈՒՇԱՑԱԾ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ …



Այս պատմությունը ես լսեցի տիկին Ասյա Զաքարյանից, որի երկու որդիները՝ Արմանն ու Արսենը, ծառայել են հայոց բանակում ու պատվով տուն վերադարձել: Ավագ եղբայրը՝ Արմանը, մեկ տարվա ծառայող էր, երբ զորակոչվեց Արսենը: Եվ երկու եղբայր հայրենի հարկի տակ իրար հանդիպեցին միայն երեք տարի անց: Երկուսն էլ ծառայում էին սահմանային տարբեր զորամասերում: Նրանց ծառայությունից արդեն անցել է 14 տարի, և անցնող տարիների հետ, երբ ամեն անգամ տիկին Ասյան վերհիշում է կրտսեր որդու՝ Արսենի հետ կապված այս պատմությունը՝ հուզմունքի ու տխրության հետ ոգևորություն, սեր ու հավատ է փոխանցում լսողներին:

…Տղաներս ծառայության մեջ էին. շատ հոգսեր էին ծանրացել իմ ուսերին: Աշխատում էի հացի փռում: Լուսաբացին տուն էի գալիս ու կեսքուն–կեսարթուն անցնում տնային գործերին: Ուշք ու միտքս սակայն սահմաններին էր, որտեղ ծառայում էին որդիներս: Մի օր էլ, երբ նոր էի տուն մտել, մի զինվորական եկավ ու հայտնեց, որ կրտսեր որդիս՝ Արսենը, Նորքի հիվանդանոցում է: Մտքովս էլ ինչ ասես, չանցավ. էդ ե՞րբ հասավ Երևան, ի՞նչ է պատահել … Դժվարությամբ հասա Նորք, գտա հիվանդանոցը, սակայն չէին թողնում որդուս տեսնել: Միայն իմացա, որ անգիտակից վիճակում է, որ ուղղաթիռով են որդուս բերել: Երեկոյան կողմ ներս թողեցին: Որդիս հազիվ շնչում էր, կաթիլային էր միացված: Բուժող բժշկուհին ասաց, որ սուր դեղնախտ է ու, ճիշտ է, ուշացրել են, բայց լավ է, որ հասցրել են: Այսպես մի քանի շատ ծանր օրեր անցկացրեց որդիս, ես էլ նրա հետ: Ու մի գիշեր ես տարօրինակ մի երազ տեսա՝ իբր հորաքույր Սոնան, որը ծնվել էր մերոնց՝ Մուշից գաղթելու ճանապարհին ու իր առաքինությամբ, համեստությամբ, բարությամբ ու աստվածապաշտությամբ անչափ մեծ հարգանք էր վայելում ինչպես գյուղի մարդկանց, այնպես էլ մեր հարազատների շրջանում, երազիս ինձ մի խաչ տվեց ու ասաց. «Կտաս Սեյրանին. նա փրկեց քո տղային»:

Անցնում էին օրեր, որդուս վիճակն արդեն դեպի լավն էր գնում, արդեն իմ, բուժքույրերի օգնությամբ կամաց – կամաց սկսում էր քայլել: Ես երբեք չեմ մոռանում այն հոգատարությունը, սերը, որը տեսա բուժաշխատողների կողմից որդուս հանդեպ: Հատկապես ուզում եմ շնորհակալական խոսք ասել բժիշկ Ջումշուդիչին (թող ների` ո՛չ անունն եմ հիշում, ո՛չ ազգանունը):

Մի օր էլ ասացին, որ բարձրաստիճան զինվորական է գալու հիվանդանոց: Անունն էլ ասացին՝ Սեյրան Օհանյան: Այդ անունը, անկեղծորեն ասած, ես չէի լսել, չէի ճանաչում: Նա ներս մտավ սենյակ ու ժպիտով հարցրեց . «Ու՞ր է մեր հերոս զինվորը», ու սկսեց բուժող բժիշկներից հետաքրքրվել որդուս առողջականով: Հետո դառնալով որդուս՝ ասաց. «Հիմա ինչպե՞ս ես, զինվո՛ր: Ուրեմն՝ այդ քե՞զ համար էր ուղղաթիռ թռչում… Լավ է, շատ լավ, ապաքինվում ես, ուրախ եմ,- ասաց ու դուրս եկավ սենյակից: Ես պապանձվել, քարացել էի. ոչ մի խոսք չկարողացա ասել: Իսկ բժիշկները իմ լռությունից զարմացած ասում էին. «Չճանաչեցի՞ր՝ Սեյրան Օհանյանն էր: Երբ նրան զեկուցել են, որ տղադ ծանր վիճակում է, անմիջապես ուղղաթիռ է ուղարկել` Երևան փոխադրելու համար»:

Իսկ ես իրոք պապանձվել էի: Մտածում էի. «Աստված իմ, իրոք հրաշքներ լինում են այս կյանքում: Մի՞թե սա հրաշք չէ»: Իմ տեսած երազը, իմ հորաքույր Սոնայի խոսքերը հիշեցի. «Այս խաչը կտաս Սեյրանին»: Մի՞թե հրաշք չէ. ես նրան արդեն տեսնում եմ կազդուրվող որդուս մահճակալի կողքին:

… Անցել են երկար տարիներ: Ինձ բախտ չի վիճակվել մեր նախարարին հայտնել իմ շնորհակալությունը, իմ երախտիքի խոսքը, սակայն, ասեմ, որ օրհնանքի խոսքերը երբեք ուշացած չեն լինում: Ես ոչ մի անգամ չեմ կարողացել մեր նախարարին հայտնել իմ շնորհակալությունը, սակայն ամեն Աստծո օր իմ օրհնանք-աղոթքներն եմ հղում մեր նախարարին, այդ բարի ու հայրենասեր հայորդուն, իսկական զինվորին…

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Բանակ և հասարակություն


16/10/2014