Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ՝ ԱՌԱՋՆԱԳԻԾ



«ԵՍ ԵԿԵԼ ԵՄ ԴԻՐՔ ՊԱՀԵԼՈՒ». առաջնագծի ծառայող նորակոչիկ Ալբերտ Ռեզյան

-Բարեւ, Ալբե՛րտ, «Հայ զինվոր» թերթից եմ: Զրուցե՞նք:

-Բարեւ… Անկեղծ ասած՝ առաջին անգամ պիտի լրագրողի հետ շփվեմ… Բայց ինչո՞ւ ես:

-Դե, դու Եվրոպայից այս զորամասում ծառայող միակ զինվորն ես, չէի կարող առիթը բաց թողնել…

-(Ժպտում է)… 6 տարի է` բնակվում ենք Գերմանիայի Հանովեր քաղաքում, փոքրիկ վարսավիրանոց ունենք, հարմարվել ենք այնտեղի կյանքին: Մայրս, քույրս արդեն քաղաքացիություն ունեն, ես էլ կստանայի, եթե դպրոցն ավարտեի ու մնայի, բայց որոշեցի գալ եւ Հայաստանում ծառայել… Կացության իրավունք ունեմ, մտքովս անգամ չի անցել օգտվել դրանից…

-Ինչո՞ւ: Ոմանք գլուխ են կոտրում…

-Ես պարտքս եմ կատարում… Հայաստանը իմ հայրենիքն է, պիտի գայի: Ես դրսում եմ ապրում, բայց չի նշանակում, որ հայրենիքից հրաժարվել եմ… Ծառայելու եմ և անձնվիրաբա՛ր: Ես երդում եմ տվել…

-Ի դեպ, երդման մասին. լա՞վ անցավ…

-Մի քիչ նեղվել էի… Մյուս տղաներն այնքան ոգեւորված էին, համազգեստն էին կարգի բերում, կոշիկներն էին փայլեցնում, սպասում էին իրենց ծնողներին, քույր-եղբայրներին, ընկերուհիներին… Նայում էի, եւ հուզմունքը խեղդում էր կոկորդս. ո՛չ մայրս էր ներկա, ո՛չ քույրս… Թեև բարեկամներս ինձ չէին մոռացել, բայց ես կուզենայի` մայրս ու քույրս էլ ներկա լինեին երդմանս արարողությանը…

-Կարոտե՛լ ես, հաստատ. առանց կարոտի էլ ի՞նչ ծառայություն… Բնական է:

-Այո՛… Մյուս կողմից էլ՝ հեռավորությունը հնարավորություն է նորովի գնահատելու հարազատներիդ, իմաստավորելու նրանց հետ ապրած յուրաքանչյուր պահը, ճանաչելու քեզ, քո սերը նրանց նկատմամբ…

-Ասում են՝ ծառայության դրական կողմերից մեկն էլ այն է, որ իսկական ընկերներ ես ձեռք բերում… Այնպես որ՝ համբերիր:

-Արդեն ունեմ հարազատ մարդիկ, ովքեր իմ կողքին են, պատրաստ են օգնելու, խորհուրդներ տալու: Օրինակ՝ իմ վաշտի հրամանատարը՝ կապիտան Արթուր Գրիգորյանը: Ամեն մի փոքր հաջողությունս խրախուսում է, ինչը շատ կարեւոր է ինձ համար, այսքան ժամանակ իրենից մի վատ բան չեմ տեսել, մի թթու խոսք չեմ լսել, լավ մարդ է, իսկական զինվորական, դիմացինին հարգել գիտի, սիրել գիտի, միայն պահանջող չէ… Եթե հանձնարարությունը կատարում ես, քաջալերում է…

-Դժվարություններից չես խոսում, հավատա՞մ…

-Սկիզբն էր դժվար, նեղվում էի… Չէի կարողանում կարգին քայլել, երեւի քաշս էր խանգարում, բայց նիհարեցի, ամեն ինչ ստացվեց… Կամաց-կամաց զինվոր եմ դառնում…

-Այսպիսի՞ն էիր պատկերացնում բանակային կյանքը:

-Մինչ զորակոչվելը, Գերմանիայում ինտերնետով շատ էի կարդում զորամասերի, զինվորների, սպաների մասին պատմող հոդվածներ, «Զինուժ» հեռուստահաղորդումն էի պարտադիր դիտում, փորձում էի ինձ նախապատրաստել զինվորական ծառայությանը, թեկուզ հեռակա… Բայց չէի մտածում, որ մենք այսքան ուժեղ բանակ ունենք… Հուլիս-օգոստոս ամիսներին էլ նորակոչիկներս ավելի համոզվեցինք դրանում… Հենց դիրքերից մարդ էր գալիս, գլխին էինք հավաքվում, հարցեր տալիս… Բոլոր նորակոչիկներս էլ շատ էինք ուզում այնտեղ` դիրքերում լինել, չնայած այդ ժամանակ կարգին զենք բռնել էլ չգիտեինք…

-Դիրքեր պահելու ձեր հերթն էլ կգա…

-Վաղն առաջին անգամ փորձնական բարձրանալու եմ դիրքեր… Դրա համար էլ այսօր շատ ոգեւորված եմ (ժպտում է): Ծառայելու գաս ու դիրք չպահե՞ս, էլ իմաստը ո՞րն է… Դիրքապահ զինվորն է մեր բանակի ողնաշարը… Ընկերներիս ասում էի՝ եթե հանկարծ վիճակահանության մասնակցեմ եւ քաղաքային զորամաս զորակոչվեմ, դիմելու եմ, որ տանեն առաջնագիծ… Կային մարդիկ, որ ինձ չէին հասկանում, ասում էին՝ «Ա՛յ տղա, դու հո չե՞ս գժվել…»:

-Եվ ի՞նչ պատասխանեցիր…

-Այո՛, գժվել եմ, եթե հայրենիքը պաշտպանելը գժություն է…

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/10/2014