ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒ ԱՆՊԱՐՏԵԼԻ
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր գործուն մասնակցությունն ունի բանակ-հասարակություն կապի ամրապնդման, այդ օղակների փոխհարաբերությունների է՛լ ավելի մերձեցմանն ու փոխգործակցությանը:
Անկախության 23-ամյակի առթիվ ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կազմակերպեց մի շարք միջոցառումներ՝ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության բարձրացման գործում:
Հետաքրքիր էր նրանց հանդիպումը Քասախ գյուղի մարզիկների՝ կարատեիստների հետ: Հայաստանի կիոկոշինկայ ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը, մարզիչ Գևորգ Խաչատրյանը պարգևատրվեցին ՂՊՎ միության պատվոգրերով: Նրանք ներկայացրին Եվրոպայի և աշխարհի չեմպիոն-մրցանակակիր իրենց սաներին՝ Գրիշա Թորոսյանին, Նարեկ Գաբրիելյանին, Հրաչյա Գրիգորյանին:
Այնուհետև միության նախագահի ջանքերով Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպվեց համերգ, որտեղ իրենց հայրենասիրական երգերով հանդես եկան հանրապետության անվանի երգիչ-երգչուհիները: Ցերեկույթին մասնակից ազատամարտիկները մեծ ոգևորություն և հպարտություն ապրեցին՝ լսելով ինչպես հայրենասիրական երգերը, այնպես էլ այն խոսքերը, որոնք ուղղված էին իրենց՝ ազատամարտիկներին, որոնք իրենց կյանքի, իրենց առողջության հաշվին մեզ ավանդեցին մեր երրորդ անկախ հանրապետությունը:
Գնդապետ Կարեն Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասը տոնում էր իր կազմավորման 13-ամյակը, և նորից այնտեղ էին ՂՊՎ միության անդամները: Զորամասի զինծառայողները նոր էին վերադարձել մարտական հենակետերից: Զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանը շնորհավորելով ողջ անձնակազմին զորամասի կազմավորման առթիվ, հատուկ շեշտեց մեր զինվորի մարտական պատրաստությունն ու մարտական առաջադրանքների ճիշտ և պատվախնդիր կատարումը: Իսկ երբ զորամասի հետախուզական ստորաբաժանման տղաները շարահրապարակում հանդես եկան իրենց բարձրակարգ, անթերի հնարքներով, մասնակից-հանդիսատեսների ջերմությանը միախառնվեց հպարտության զգացումը: Հետախույզ Յուրա Միքայելյանը նոր էր վերադարձել իր մարտական հենակետից: Ջերմ ու միևնույն ժամանակ պատմության ուրույն մի դիպված էր պապի՝ Յուրա Միքայելյանի և թոռան՝ Յուրա Միքայելյանի հանդիպումը: Պա՛պն էլ, թո՛ռն էլ հետախույզ են, պապը՝ Արցախյան ազատամարտի, թոռը՝ հայոց բանակի:
Դիմելով զինծառայողներին՝ Յուրա Միքայելյանն ասաց.
-Սիրելի՛ զինվորներ, բանակը ձեր տունն է, սպաները՝ ձեր ծնողները: Սիրե՛ք և հարգե՛ք միմյանց: Երբ փոխադարձ հարգանք ու սեր կա ընտանիքում, այդ ընտանիքը միասնական է, անխախտ, այդպես է նաև մեր բանակը՝ միասնական ու անպարտելի:
Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՂՊՎ միության նախագահ Յուրա Միքայելյանին պարգևատրեց «Մարտական ծառայության համար», իսկ միության անդամ Գարիկ Եղիազարյանին՝ «Արիության համար» մեդալներով:
Գ.Շ.
Խորագիր՝ #40 (1058) 16.10.2014 – 22.10.2014, Բանակ և հասարակություն