Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ Է T-50 ՕԴԱՆԱՎԵՐ



Ապրիլի 12-ին Ինդոնեզիան ընտրել է հարավկորեական Korea Aerospace Industries (KAI) ընկերությանը` որպես գերձայնային ուսումնամարզական օդանավերի մատակարարողի: Նախնական պայմանավորվածությամբ, Ինդոնեզիան ձեռք կբերի 16 T-50 Golden Eagles օդանավեր:
-Բազմաթիվ հայտարարություններ են արվել, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 400 մլն ԱՄՆ դոլար, բայց իրականում այն կորոշվի բանակցություններից հետո,- ասել է KAI-ի նախագահ Կիմ Հոնգ Կյունգը:
Սեուլը մինչ այս փորձել է գերձայնային օդանավերի արտահանման գործարք կնքել Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, բայց` անհաջող:
Եթե բանակցությունները հաջող ընթանան, դա կլինի Կորեայի գերձայնային օդանավերի արտահանման առաջին փորձը: Գործարքի վերջնաժամկետը 2013 թվականն է:
Ջակարտան անցյալ տարի YAK-13 և L-159 օդանավերի գնման պայմանագիր էր կնքել համապատասխանաբար Ռուսաստանի և Չեխիայի Հանրապետության հետ:
– Մեր T-50 օդանավերը հաղթահարեցին դժվարին մրցակցությունը, քանի որ օժտված են գերժամանակակից տեխնոլոգիաներով ու տարբեր մարտական հնարավորություններով: Հետագայում կկատարելագործենք T-50-ը` Իսրայելին, Լեհաստանին եւ Միացյալ Նահանգներին վաճառելու համար,- ասել է Կիմ Հոնգ Կյունգը:
Գերձայնային ուսումնամարզական օդանավերի արտահանման շուկայում Հարավային Կորեան գրավում է վեցերորդ տեղը` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Անգլիայից, Ֆրանսիայից և Շվեդիայից հետո:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


21/04/2011