Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՎԱՍՏԱԿԸ ՄԵԾ Է



Ազգային բանակում անցկացվող մասնագիտական մրցումները լավ հնարավորություն են զորատեսակների ստորաբաժանումների ու առանձին զինծառայողների համար բացահայտելու և ցուցադրելու իրենց կարողությունները, հաստատելու գիտելիքների հարստացման ուղղությամբ տարվող խմբակային և անհատական աշխատանքների (ինքնապատրաստության) կարևորությունը: Գարնանն սկսվող ներզորամասային մրցումներով պայքարն ավարտվում է աշնանը՝ հմտությունների ու գիտելիքների կուտակման լավագույն ժամանակաշրջանում:

Հոկտեմբերի սկզբներին պաշտպանության նախարարության մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի ունեցավ եզրափակիչ հասած հրետանային դիվիզիոնների հրամանատարների մրցույթը, որի ընթացքում բոլորից շատ միավորներ հավաքեց եւ «Լավագույն դիվիզիոնի հրամանատար» կոչմանն արժանացավ գնդապետ Ա. Հարությունյանի հրետանային զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատար, մայոր Վիգեն Մկրտչյանը, որն ընդամենն օրեր առաջ՝ սեպտեմբերի քսանմեկին, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով: Հաղթելով մրցույթում՝ մայոր Վ. Մկրտչյանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ իր հրամանատարությամբ գործող դիվիզիոնն արժանիորեն է համարվում ամենամարտունակը եւ ամենակարգապահը զորամասի կազմում:

Երիտասարդ հրամանատարին ճանաչում եմ վաղուց՝ հրետանային ուսումնական զորամասից, որտեղ նրա ղեկավարած ստորաբաժանումը դարձյալ լավագույնն էր, եւ այնտեղ հաշվարկի հրամանատարի որակավորում ստացած սերժանտներին մարտական զորամասերում մատով էին ցույց տալիս:

Մայոր Վ. Մկրտչյանին խնդրեցինք համառոտ ներկայացնել մրցույթի ընթացքը:

-Նախ ասեմ, որ դիվիզիոնների հրամանատարների մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ: Համաբանակային եզրափակիչ փուլին մասնակցում են զորամիավորումներում հաղթած սպաները: Ես մասնակցում էի որպես կենտրոնական ենթակայության փնջի հաղթող, քանի որ մեր զորամասը կենտրոնական ենթակայության է: Առաջին հարցը մարտավարական թռուցկահավաքից էր: Սա հիմնականում աշխատանք է քարտեզի վրա: Երկրորդը մասնագիտական խնդիրների (նորմատիվներ) կատարում էր, հաջորդ հարցերը վերաբերում էին տեխնիկական պատրաստությանը եւ դիտակետից կրակային խնդիրների կատարմանը: Մրցակցությունը դժվար էր, նույնիսկ դաժան, որովհետեւ մասնակիցները չափազանց ուժեղ էին, եւ կարող էր հաղթել նրանցից յուրաքանչյուրը:

-Վիգե՛ն, փաստորեն, տասը-տասներկու օրվա ընթացքում երկու կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան քո կյանքում: Դրանցից որի՞ ժամանակ ես ավելի շատ հուզվել, ուրախացել…

-Բնականաբար` երկրի նախագահի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից «Մարտական ծառայության» մեդալ ստանալիս: Դա աներեւակայելի հուզումնալի պահ է, մանավանդ, երբ այն տեղի է ունենում հանդիսավոր պայմաններում, երկրի գլխավոր տոնի առթիվ: Մարդու կյանքում մեկ անգամ կարող է այդպիսի պահ լինել: Պիտի խոստովանեմ, որ ես չէի հավատում, որ պարգեւատրումը կհաստատվի, մտածում էի, որ կասեն՝ դեռ երիտասարդ է, կմերժեն, կհետաձգեն:

-Էլ ի՞նչ պարգեւներ ունես:

-Ստացել եմ «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի, «Ազգային բանակի 20-ամյակի հոբելյանական» եւ «Գարեգին Նժդեհ» մեդալները, բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր ԶՈւ ԳՇ պետի, վարչության պետի, իմ ծառայած երեք զորամասերի հրամանատարների կողմից:

-Փաստորեն, ուսումնականից բացի, ուրիշ զորամասում էլ ես ծառայել: Այդ դեպքում, խնդրում եմ՝ պատմես քո մասին:

-Վարդենիսցի եմ, 2000թ. ավարտել եմ տեղի համար 4 միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որը գերազանցության դիպլոմով ավարտել եմ 2004թ.-ին: Քանի որ՝ որպես գերազանցիկ, ունեի ընտրության իրավունք, խնդրեցի ծառայության նշանակել բնակության վայրին մոտ զորամասում: Այդպես ծառայությունս սկսեցի զորամիավորման հրետանային զորամասից: Շատ չանցած կոչման եւ պաշտոնի բարձրացման պայմաններով առաջարկեցին տեղափոխվել ուսումնական զորամաս, իսկ 2011թ.-ից այստեղ եմ, այսքանը:

-Ինչպիսի՞ն են դիվիզիոնի ընթացիկ տարվա ցուցանիշները:

-Մեր ուսումնական ծրագիրը եւ ուսման ողջ գործընթացը միտված է այն բանին, որ զորամասն իր ստորաբաժանումներով մշտապես գտնվի մարտունակ վիճակում, որ ցանկացած պահի առաջադրանք ստանալիս ժամանակին զբաղեցնենք կրակային դիրքերը եւ առանց թերությունների իրականացնենք մարտական խնդիրները: Կարծում եմ՝ մեզ հաջողվում է ճիշտ ուղով շարժվել, որովհետեւ ստուգարքներն ու քննությունները, ինչպես նաեւ գարնանը, ամռանը եւ բոլորովին վերջերս անցկացված մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունները ցույց են տալիս, որ ինչպես հետախույզները, ղեկավարման դասակները եւ կրակն իրականացնող հաշվարկներն առաջադրանքները կատարում են ճիշտ, նորմատիվների սահմաններում: Այսինքն՝ մեր երիտասարդները, մեր զինվորները ունակ են եւ կարողանում են ամբողջությամբ տիրապետել իրենց զենքին, էլ չեմ խոսում շնորհալիների, կրթված, հարուստ գիտելիքներ ունեցողների մասին:

-Ենթակա անձնակազմը, զինվորներն ինչպե՞ս ընդունեցին Ձեր պարգեւատրվելու եւ մրցույթում հաղթելու նորությունները:

-Շատ մեծ ոգեւորությամբ, եւ ես էլ շնորհակալություն հայտնեցի նրանց, պարզաբանելով, որ իմ այս անձնական հաջողությունների մեջ անչափ մեծ է իրենց վաստակը: Իրոք այդպես է, ո՞վ ենք մենք առանց զինվորի…:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #41 (1059) 23.10.2014 – 29.10.2014, Ազգային բանակ


23/10/2014