Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԱՆՔ



Վաշտի հրամանատար, կապիտան Նարեկ Երիմյանի մտորումները ծառայության մասին

Զինվորական դառնալը իմ մանկության երազանքն է եղել: Հորեղբայրս՝ գեներալ-մայոր Սեմյոն Հակոբյանը, իսկական զինվորականի կատարելատիպ էր, եւ միշտ ուզում էի նրան նմանվել: Հենց նա էլ ողջունեց իմ զինվորական դառնալու մտադրությունը եւ խորհուրդ տվեց ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ինստիտուտից հետո վիճակահանությամբ մեկնեցի ծառայելու «Եղնիկներում»: Այնտեղ ես շատ ընկերներ ունեի, այնպես որ՝ առաջին իսկ օրից ոչ մի խորթություն եւ օտարություն չզգացի: Իսկ տեղի բնությունը` շքեղ ու շռայլ:

♦♦♦

Ամեն անգամ ոտքով երկար ճանապարհ ենք կտրում մարտական դիրքեր հասնելու համար` այրող արեւին, ձմռան ցրտին, մառախուղին, անձրեւոտ եղանակին` ցեխափոսերից հազիվ պոկելով մեր զինվորական կոշիկները… Դժվար է, բայց դա է մեր պարտքը, մասնագիտությունը… Դա սահմանային զորամասերում ծառայող զինվորականի սովորական առօրյան է եւ բոլորովին էլ յուրահատուկ բան չէ… Բայց կարեւորն այն է, որ դիրքերում կանգնած՝ զգում ես քո տեղը, քո դերը, քո կարեւորությունը: Իսկ թե վաշտի հրամանատար էլ ես՝ քո պատասխանատվությունը քեզ վստահված սահմանի եւ քեզ վստահված զինվորներիդ նկատմամբ:

Հիշում եմ` էլի դիրքերում էի, երբ իմացա, որ կնոջս հիվանդանոց են տարել: Հակառակի պես այդ օրը մեզ մոտ վերին հրամանատարական կազմից ստուգումների էին եկել: Հրամանատարս խոստացավ ստուգումների ավարտից հետո արձակուրդ տրամադրել… Ամբողջ ընթացքում ոնց որ փշերի վրա լինեի: Եվ ահա ստուգողները հասնում են մեր հենակետ:

-Որտեղի՞ց ես,- հետաքրքրվում է գեներալը,- ամուսնացա՞ծ ես: Պատասխանում եմ՝ այո՛: Հետո հարցնում է՝ երեխա ունե՞ս: Ասում եմ՝ դեռ տեղյակ չեմ, կինս այս պահին ծննդատանն է:

Կարգադրում են՝ կապիտանին արձակուրդ տրամադրել… Հենց իրենց մեքենայով էլ իջա զորամասից: Ո՜նց էի շտապում…

Տղայիս հորս անունով եմ կոչել՝ Վլադիմիր: Ժիր, աշխույժ երեխա է, մեկ-մեկ երբ տուն եմ գնում, զինվորական կոշիկներս է հագնում, զինվորական գլխարկս քաշում գլխին ու բլբլում է…

Ատամհատիկին կինս ու մայրս միանման թղթերի մեջ տարբեր մասնագիտություններ էին գրել ու դրել, տղաս ձեռքը գցեց ու դրանցից մեկը վերցրեց: Բացում ենք թուղթը, ում պատմես, չի հավատա, գրված էր՝ զինվոր…

Երեխայիս ծնվելուց հետո ավելի պարտավորված ու պատասխանատու եմ դարձել, ուզում եմ մեր հողնուջուրը խաղաղ լինի մշտապես, մեր զավակները կռիվ- պատերազմ չտեսնեն….

♦♦♦

Բոլորովին վերջերս նոր նշանակում եմ ստացել եւ տեղափոխվել այլ սահմանամերձ զորամաս: Դարձյալ սահմանում եմ, դարձյալ դիրքերում: Լավն այն է, որ հիմա ավելի մոտիկ եմ ընտանիքիս: Իսկ սա զինվորականի համար շատ կարեւոր է: Երիտասարդ սպաները, իսկ նրանք մեր բանակում քիչ չեն, հոգատարության, օգնության, ուշադրության կարիք ունեն:

Նոր զորամասում եմ, նոր ընկերների հետ, բայց ուշք ու միտքս դեռ էնտեղ է` «Եղնիկներում»: Ջերմ հիշողությունները էնքա՜ն շատ են: Հիշում եմ` վաշտի տղերքին վերջին հրահանգավորումները տվեցի, պատվիրեցի՝ զգույշ ու զգոն լինել եւ ինձ փոխարինող նոր հրամանատարին էլ ծածուկ խնդրեցի՝ տղերքիս լա՛վ նայիր…

Նոր ծառայավայրումս բնությունն այնքան էլ շքեղ չէ, բայց մարդկային փոխհարաբերությունների առումով՝ բողոքելու տեղ չունեմ։

Վստահ եմ՝ ժամանակի ընթացքում այս զորամասը եւս ինձ համար նույնչափ հարազատ ու ջերմ կդառնա…

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #44 (1062) 13.11.2014 – 19.11.2014, Ազգային բանակ


13/11/2014