ՄԵՐ ՀԱՐՎԱԾԸ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՑԱՎԱԳԻՆ
Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
-Պարոն նախարար, Ձեր դիտարկմամբ՝ ինչպիսի՞ն է իրավիճակը առաջնագծում:
-Առօրյա: Ինչպես միշտ: Լուրջ փոփոխություն չկա:
-Վերջին իրադարձություններից հետո շփման գծի ողջ երկայնքով լարվածության նվազում նկատվո՞ւմ է, թե՞ ոչ:
-Մարտական գործողությունների առումով` այո՛, հրադադարի ռեժիմի խախտման առումով` ո՛չ:
-Հայտնի փաստ է` հրադադարի ռեժիմի խախտման մեջ զգալի դերակատարություն ունեն նաև հակառակորդի դիպուկահարները: Նրանց սաստելու ուղղությամբ մենք ի՞նչ ենք ձեռնարկում:
-Համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում ինչպես մեր զորքերի պատսպարման, այնպես էլ հակազդելու ուղղությամբ: Իսկ հակազդման միջոցները տարբեր են` սկսած հատուկ ստորաբաժանումների գործողություններից` վերջացրած հակազդման այլ միջոցներով:
-Պարոն գեներալ-լեյտենանտ, մի առիթով Դուք ասել եք, բառացի մեջբերում եմ Ձեր խոսքը. «Պատերազմի վերսկսման դեպքում մենք ստիպված կլինենք ռազմական գործողություններ վարել ոչ թե մեր տարածքում, այլ այնտեղ, որտեղ հակառակորդը չի սպասում»:
-(Ժպտում է) Եթե հակառակորդը շարունակի այսպես պահել իրեն, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում: Դա մարտավարություն է: Դրա համար մեր համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և մենք հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ մենք նրա թույլ տեղին ենք հարվածելու: Մենք հարվածելու ենք ամենից ուժեղ ու պաշտպանված տեղին, այնպես որ միանգամից մեր խնդիրները լուծենք: Մեր այդ հարվածից հետո հակառակորդը շատ երկար ժամանակ չի կարողանա ուշքի գալ:
-Մեր օրերում պաշտպանությունը սերտ համագործակցության մեջ է գիտության հետ. ի՞նչ է արվում առաջնագծում հենակետերում անվտանգությունն է՛լ ավելի բարձրացնելու, պաշտպանությունն է՛լ ավելի հուսալի դարձնելու և մարդկային գործոնը հնարավորինս նվազեցնելու համար… Ի՞նչ նոր բան է պաշտպանական ոլորտին առաջարկում հայրենի գիտությունը…
-Առաջարկություններ լինում են, և օդից չի ծնվում ցանկացած լավ բան: Առանց գիտական առաջընթացի հեռու չես գնա… Սպան ու զինվորն էլ կարող են օգտակար առաջարկությամբ հանդես գալ: Ասեմ, որ ամենից լավ առաջարկությունը ներկայացնում է հենց խնդիրն իրականացնողը:
-Բանակում ինչի՞ մասին այլևս չեն խոսում:
-Զինվորին տրվող սննդի չափաբաժնի, դրա որակի ու կալորիականության, հանդերձանքի մասին, որովհետև այդ հարցերը մեկընդմիշտ լուծված են: Հայ զինվորը և՛ սննդով, և՛ հանդերձանքով շատ լավ է ապահովված: Քաղցած զինվորին կռիվ չես առաջնորդի, թեև այդպես էլ կարող է պատահել…
-Պարոն նախարար, երբ այցելում եք առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինվորներին, ի՞նչ եք ասում, ինչի՞ մասին եք խոսում:
-Երբ ես դիրքապահ զինվորին հարցնում եմ` ինչպե՞ս ես, նա պատասխանում է` «Պատրաստվում եմ պատերազմի»: Այս պատասխանը շատ բան է ասում մեր բանակի մասին: Զինվորը պետք է պատրաստ լինի պատերազմի, որպեսզի խաղաղություն լինի: Խաղաղությունը գալիս է պատերազմի պատրաստվելով: Հայտնի դեպքերից մեկի ժամանակ կապով խոսում եմ հրամանատարի հետ և լսում եմ, որ նրա կողքին մեկը ողբում է: Հետաքրքրվում եմ` ո՞վ է: Նա պատասխանում է` դիրքի ավագն է, ասում է` ինչո՞ւ հենց իմ դիրքի հետ պետք է պատահեր… Ես նրան ասում եմ, որ եթե քո դիրքին են խփել, ուրեմն թույլ ես եղել, անպատրաստ ես եղել: Պատրաստ լինեիր, զգոն լինեիր, ժամանակին նկատեիր, հայտնաբերեիր, կհակազդեիր: Ողբալ պետք չէ, լաց լինելով ոչնչի չես հասնի, հորդորում եմ նրան:
-Պարոն գեներալ-լեյտենանտ, ես նկատել եմ, որ Դուք թեպետ խիստ, բայց նաև հուզական անձնավորություն եք: Եթե գաղտնիք չէ, վերջին անգամ ե՞րբ եք հուզվել:
-Ես մարդ եմ, չէ՞: Եվ ես ավելի շատ լավից եմ հուզվում: Ինձ մոտ հուզմունք կարող է առաջանալ միայն ուրախությունից: Դժվարությունների ժամանակ առհասարակ չեմ հուզվում: Վերջին դեպքերի ժամանակ էլ, երբ իրավիճակը լարված էր, ոչ ոք իմ դեմքին հուզմունքի նշույլ չի նկատել: Նման պահերին չպետք է հուզվես, որպեսզի ինքնատիրապետումդ չկորցնես: Եթե զինվորը զգաց, նկատեց, որ իր հրամանատարը հուզված է, խառնվել է, նա քառապատիկ անգամ ավելի կխառնվի, և հետևանքը տխուր կլինի: Հարցնում եք` վերջին անգամ ե՞րբ եմ հուզվել: Վերջին անգամ հուզվեցի, երբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարգևատրում էր «Տանկային բիաթլոնի» մասնակիցներին: Նայում էի ու մտածում. «Ի՜նչ առնական ու գեղեցիկ տղաներ են, ափսոս, որ զորացրվում են»: Մի բան էր ինձ մխիթարում, որ նրանց տեղը դատարկ չի մնա, նոր քաջեր կգան. մենք առյուծասիրտ տղաների պակաս երբևէ չենք ունեցել: Այդ օրն իսկապես հուզմունքս անսահման էր:
-Ե՞րբ է հրամանատարի պատիժը լինում խիստ կամ դաժան:
-Պատիժը չի լինում խիստ կամ դաժան: Չկա խիստ պատիժ, կա արդարացի պատիժ: Ես սկզբունք ունեմ: Եթե իմ ենթական կատարել է մի արարք` վատ կամ լավ, ինչի համար նա պետք է պատժվի կամ խրախուսվի, նախ՝ մտածում եմ, եթե տվյալ արարքը կատարած լինեի ես, ի՞նչ տույժ կամ խրախուսանք կուզենայի, որ ինձ տային: Եվ որ ինչ պատիժ ու խրախուսանք էլ ստանայի, համոզված եմ՝ երկուսն էլ պատվով կկրեի: Ճշմարիտ պատիժը որոշվում է իր խստությամբ: Ոչ թե հրամանատարը, այլ արարքով է որոշվում, թե ենթական ինչ պատիժ պետք է կրի: Եվ պատժվողը պետք է հասկանա, թե ինչի համար է պատժվում: Եթե նա չհասկացավ, ցանկացած պատիժ նրա համար լինելու է խիստ և մանավանդ` անարդար:
-Պարոն հրամանատար, խոսվեց պարգևատրումից, հիշեցի վերջերս հեռուստատեսությամբ ցուցադրված մի կադր, երբ Ադրբեջանի նախագահը պարգևատրում էր ինչ-ինչ զինվորականների: Ենթադրեցի` դրանք այս վերջին գործողությունների ժամանակ, այսպես ասած, «աչքի ընկած գայլուկներն» էին: Նկատեցի, որ նրանց նախագահի դեմքի արտահայտությունը, մեղմ ասած, տոնական չէր:
-Այդ կադրերը ես էլ եմ տեսել. բոլորի դեմքերը այնպիսին էին, կարծես թաղման եկած լինեին: Ալիևի ու նրա պաշտպանության նախարարի դիմագծերը մեր զինվորն էր այդպես «հղկել» ու ձևախեղել: Այդ մեր զինվորի շառաչուն ապտակն էր դաջվել նրանց դեմքին: Նրանց ամեն ինչը ստի ու կեղծիքի վրա է հիմնված:
-Իսկ այդ, Ձեր խոսքերով՝ «շառաչուն ապտակ հասցնող» քաջերի մեջ կա՞ն այնպիսիք, ովքեր ցանկանում են շարունակել ծառայությունը:
-Իհարկե, կան: Արդեն մի քանիսը նման ցանկություն հայտնել են: Զորացրվելուց հետո նրանք պայմանագրային հիմունքներով կշարունակեն իրենց զինվորական ծառայությունը:
-Ի՞նչ առանձնահատկություն ունեն ընթացիկ` օպերատիվ-մարտավարական զորավարժությունները:
-Զորավարժություններում ընդգրկված են տարբեր զորատեսակների ստորաբաժանումներ: Ամբողջությամբ, հարյուր տոկոսով զորքը զորավարժության է դուրս եկել:
-Պարոն գեներալ-լեյտենանտ, ինչպես ցանկացած բնագավառում, այնպես էլ մեր բանակում սերնդափոխությունը անխուսափելի գործընթաց է: Անշուշտ, ողջունելի է առողջ սերնդափոխությունը: Այսօր պատերազմի բովով անցած, բանակի կորիզը հանդիսացող հրամանատարներին գալիս են փոխարինելու նոր սերնդի խոստումնալից զինվորականներ, որոնց մի մասը նույնպես մասնակիցն է եղել ռազմական գործողությունների…
-Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ մեր բանակի հաղթանակը երիտասարդ լինելու մեջ է: Հաղթանակը կերտում են խենթերը, իսկ խենթություն կատարում են որոշակի տարիքում, երիտասարդ ժամանակ: Ծերերը երբեք չեն խենթանում, միլիարդից մեկը, իսկ մենք միլիարդ չենք: Բանակը ֆիզիկապես ուժեղ, կոփված մարդկանց տեղ է, իսկ որոշակի տարիքի հետ կապված՝ մարդու ֆիզիկական ունակություններն ու հնարավորությունները նվազում, սահմանափակվում են: Բանակը պետք է երիտասարդ լինի: Ես պատերազմի ժամանակ իմ զորքի առջևից եմ քայլել, բայց այսօր դժվարանում եմ: Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ քո առջևից գնալու անհրաժեշտությունը ծագի: Եթե չեղար ֆիզիկապես ուժեղ, եռանդուն ու խենթ, չես կարող լիարժեքորեն դրսևորվել: Ինձ մոտ էլ մեկ-մեկ չի ստացվում: Սերնդափոխությունը արդարացված է, երբ այն ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում է կատարվում: Առողջ սերնդափոխությունը անհրաժեշտ ու պարտադիր գործընթաց է ցանկացած բնագավառում, և, իմ խորին համոզմամբ, դրա մեջ է հաղթանակի ու հաջողության հիմնական գրավականը: Ամեն ինչ պետք է արվի, որ այն հարթ ու սահուն իրականացվի: Ես չեմ թույլատրում՝ վերադաս շտաբում բարձր պաշտոնի նշանակվի մեկը, որը չունի զինվորական համարժեք բարձրագույն կրթություն:
-Ի՞նչ դերակատարում ունի լրատվամիջոցը զինուժի կայացման գործում:
-Նշանակալի՛: Լրատվամիջոցների հրապարակումներով է հանրությունը տեղեկանում բանակի անցուդարձի, հաջողությունների և բացթողումների մասին: Եթե անգամ քննադատական շեշտադրումով է լրագրողը գրում ինչ-որ երևույթի մասին, պետք է անկեղծ սրտացավություն տեսնես նրա տողերում: Գրելիս անհրաժեշտ է, որ տվյալ լրատվամիջոցը խստորեն հետևի ու պահպանի գաղտնիության գրված ու չգրված բոլոր կանոնները: «Հայ զինվոր» ու «Մարտիկ» թերթերը պետք է ամբողջությամբ և արդարացիորեն ներկայացնեն բանակի առօրյան: Իսկ բանակի առօրյան գեղարվեստական միջոցառումներն ու հանդիպումները չեն: Թերթի մեծ մասը պետք է նվիրված լինի մարտական հերթապահությանը, առաջնագծում հերոսաբար ծառայող զինվորին ու սպային, զորավարժություններին ու մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներին: Անշուշտ, լրատվամիջոցն ունի նաև ուսուցողական, դաստիարակչական և ճանաչողական նշանակություն: Չէ՞ որ նաև ձեր շնորհիվ է Նոյեմբերյանում ծառայող զինվորն իմանում, թե ինչպես է ընթանում ծառայությունն այստեղ` Մայր Արաքսի ափին և հակառակը:
-Պարոն նախարար, պատվադրոշը ո՞րերորդ անգամ է հանգրվանում Ձեզ մոտ` պաշտպանության բանակում:
-Երկրորդ անգամ: Կփորձենք այս տարի էլ մեզ մոտ պահել:
-Վերջին հարցս առնչվում է ավանդույթ դարձած այն խրախուսական միջոցառումներին, որոնց շնորհիվ զինվորները Ձեր իսկ առաջնորդությամբ լինում են իրենց ծննդավայրերում, անձամբ Ձեր շուրթերից լսում իրենց ծնողներին ուղղված մեծարման ջերմ խոսքեր: Ենթադրում եմ, որ մեծ արձագանք ստացած ու լսարան նվաճած այս ավանդույթը կշարունակվի…
-Այդ միջոցառումները որևէ կապ չունեն խրախուսման հետ և նման նպատակ երբևէ չեն էլ հետապնդել: Այդ ամենը կատարվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» կարգախոսի ներքո, որի նպատակը հասարակության մեջ այդ գաղափարը տարածելն է, և որի մեջ ներառված են զինծառայողի ընտանիքը, դպրոցը, նաև հասարակական կազմակերպությունները: Այսինքն` այն ամենը, ինչը կարող է նպաստել բանակում փողոցային հոռի բարքերի վերացմանը և պատանուն բանակ զորակոչելուն նախապատրաստմանը: Կարևոր է, որ այդ միջոցառում-հանդիպումների ժամանակ մեծարվում են մեր զինվորների` Հայրենիքի պաշտպանների ծնողները, ընդգծվում է տեղական ինքնակառավարման մարմինների, ԵԿՄ տարածքային կազմակերպությունների, դպրոցի դերն ու նշանակությունը զորակոչի կայացման, պատանիների ռազմահայրենասիրական ու գաղափարական դաստիարակության ազգամեծար գործում: Այս միջոցառումները նպաստում են բանակ-հասարակություն կապի մերձեցմանն ու խորացմանը, որովհետև «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» կարգախոսը ոչ միայն բանակին է վերաբերում, այլև հավասարապես հասարակության բոլոր խավերին ու շերտերին: Եվ ազգովի պետք է հոգ տանենք, որ մեր տունը լինի ավելի հզոր, կարգապահ ու կազմակերպված:
-Շնորհակալություն, պարոն նախարար:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #44 (1062) 13.11.2014 – 19.11.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում