Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀԻ ԱՃՅՈՒՆԱՍԱՓՈՐՆ ԱՄՓՈՓՎԵՑ «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆՈՒՄ



Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ջանքերով մայր հայրենիք է տեղափոխվել 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի, ապա Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ, ռազմական ու պետական գործիչ, Հայաստանի խորհրդարանի անդամ Զորավար Սեպուհի` Արշակ Ներսիսյանի աճյունասափորը:

Նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ Զորավարի աճյունասափորն ամփոփվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Հերոսի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան հյուրեր, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Զորավար Սեպուհի հարազատները:

Միջոցառման ընթացքում հնչած ելույթներում ներկայացվեց հայրենյաց նվիրյալի կյանքն ու անցած հերոսական ուղին: Ընդգծվեց, որ Էրզրումի նահանգի Բաբերդ գավառակում ծնված Արշակ Ներսիսյանը դեռ պատանեկության տարիներից է նվիրվել հայդուկային շարժմանը, ունեցել է բազում հաղթանակներ, և նրա վերջին երազանքն է եղել, որ իր աճյունն ամփոփվի հայրենի հողում:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստեց, որ Զորավար Սեպուհը ռազմական թատերաբեմում մշտապես հանդես է եկել հենց այն ժամանակ, երբ զգացվել է նրա կարիքը, հայտնվել մեր հաղթական ճանապարհի այն կետերում, որտեղ վտանգ է սպառնացել հայոց լինելությանը:

Արշակ Ներսիսյանի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ կազմակերպվել էր մեծ ֆիդայուն ու զինվորականին նվիրված հուշ-ցերեկույթ:

Զորավար Սեպուհը ծնվել է 1872 թ.-ին, Արևմտյան Հայաստանի Բաբերդ գավառի գյուղերից մեկում: Ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում: Եղել է Հնչակյան, հետագայում՝ Դաշնակցություն կուսակցությունների անդամ: Մասնակցել է Սասունի 1904թ.-ի ապստամբությանը, Առաջին աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատի Խոյի և Դիլմանի ճակատամարտերին, Սարդարապատի հերոսամարտին և Բաքվի հայոց ինքնապաշտպանությանը: Անգամ կյանքի-մահվան կռիվների ընթացքում նա սրտացավորեն մտահոգվել է հայապահպանության մասին. 1916թ. Երզնկայում Սեբաստացի Մուրադի հետ ստեղծելով «Մեկ հայ, մեկ ոսկի» հիմնադրամը, որի արդյունքում փրկվել են Հայոց ցեղասպանության հետևանքով գաղթականներ դարձած հարյուրավոր որբեր: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո արտագաղթել է ԱՄՆ, որտեղ և վախճանվել է 1940 թ.-ին:

Խորագիր՝ #46 (1064) 27.11.2014 – 3.12.2014, Պատմության էջերից


27/11/2014