ՄՈՆԹԵ
Ասույթներ
Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի: Կարծում եմ՝ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ:
1993թ., ապրիլ
Անցյալին սփյուռքի մեջ պայքարած եմ մեր ժողովրդի իրավունքներուն համար և այստեղ կգտնվիմ նույն պատճառի համար: Ասիկա այդ նույն պայքարի շարունակությունն է:
Շատ կարգին է: Սովորական բան է, որ հայը գա և իր հայրենիքը պաշտպանի, շատ կարգին բան է: Իրավունքն է բոլորին և նաև պարտականությունն է: Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած նույնը ընելու, միայն այն է զարմանալի: Շատ պիտի ուզենայի, որ թե՛ Հայաստանեն ավելի շատ մարդիկ գան, թե՛ սփյուռքեն: Այսինքն՝ ինչքան հայ կա, իսկական հայրենասերներ, իրենց տեղը այսօր Արցախին մեջ է:
1993 թ., փետրվար
Հայկական հարցի լուծման համար, այսինքն՝ հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը ես համարում եմ իմ առաջին և ամենակարևոր պարտականությունը: Եթե մարդիկ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին և որոշեն, որ ամեն բանից առաջ հայ են, և որպես հայ պետք է իրենց մասնակցությունը բերեն մեր ժողովրդի ինքնորոշման հարցի լուծմանը, ապա, կարծում եմ, որ ցանկացած պարկեշտ անձ պիտի աներ այն, ինչ ես եմ անում:
1991թ., օգոստոս
70 տարի սփյուռքում խոսած ենք հողային հարցի մասին, մեր հայրենիքի, այսինչ, այնինչի մասին: Բայց հիմա հստակ է, որ հարցը պիտի լուծվի հիմա, այս օրերին, այս շաբաթներին, այս տարի:
1991թ., հոկտեմբեր
Ադրբեջանի կառավարությունը հստակորեն որոշել է Արցախը դատարկել հայերից, և հետևաբար դիմադրելուց բացի այլընտրանք չկա: Ուրեմն՝ այս պարագայում պարտվելու իրավունք չունենք: Այս անգամ պետք է հաղթենք: Պետք է հաղթենք: Շատ հայեր չեն հասկանում, որ կարող ենք հաղթել: Բայց ռազմական և թվային առումով ավելի տկար ուժը կարող է հաղթել իրենից շատ ավելի հզոր ուժին, եթե լինի վճռական և կազմակերպված:
1992թ., հունվար
Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու: Արցախը կորոշի հայության ճակատագիրը:
1993թ., հունիս
Մենք վերատիրացանք մեր տներին և կալվածքներին: Քելբաջարը պարզապես ազերիների ռազմական մի կայան էր և զինամթերանոց: Եթե շրջանը չմաքրագործեինք, հայերի համար Ղարաբաղը գոյություն չէր ունենալու: Մեր պայքարը հարձակողական բնույթի չէ, այլ գոյատևման հարց է:
1993 թ., հունիս
Մեզ նախահարձակներ որակելը կնշանակի, թե մենք ներխուժում ենք տարածքներ, որոնք մեզ չեն պատկանում: Եթե նայենք Հայաստանի պատմական հողերին, մենք դրանից այն կողմ ոտք չենք դրել:
1992 թ., հոկտեմբեր
Պատերազմը միայն դժվարություն է: Պատերազմը հաճելի բան չէ: Եթե մարդիկ մտածում են, որ իրենց պարզ կյանքը կարող են շարունակել, ուրեմն՝ շատ ապուշ են: Պիտի հասկանան, որ պիտի զոհվենք, պիտի լավ չուտենք, լավ չհագնվենք, պիտի դպրոց չերթանք: Այս ամենը մոռանալով՝ մեր ամբողջ ուժը պիտի դնենք ռազմական գործին մեջ, հաղթենք: Ու հետո բոլորիս համար լավ կլինի, բոլորիս համար:
1993 թ., հոկտեմբեր