Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ



Մեկ օր դիրքապահների հետ

Ավագ լեյտենանտ Ա. Խաչատրյան

Սահմանի այս հատվածը հսկող առաջապահ ստորաբաժանումները բազում փորձությունների են դիմակայել: Հակառակորդն այստեղ տասնյակ անհաջող դիվերսիոն-խափանարար գործողություններ է կատարել և ծանր կորուստներ կրելով` ետ շպրտվել:

Զորամասի հրամանատար, գնդապետ Է. Ասրյանին խնդրեցինք մեզ ուղարկել այն հենակետ, որն առավել մոտ է հակառակորդի դիրքերին և վերջին դեպքերի ժամանակ եղել է իրադարձությունների կենտրոնում: Կեսօրին արդեն հենակետում էինք:

Կացարանի դիտորդը ծառայություն էր կատարում ինժեներական առումով լավ կահավորված դիրքում: Ուշադիր տնտղելով չորս կողմդ՝ կռահում ես, որ դիտորդի տեղն այնպես է ընտրված, որ իրադրության սրման դեպքում նա կարողանա տարբեր ուղղություններով արագ կրակ վարելով ապահովել անձնակազմի անվտանգ դուրսբերումը կացարանից, միևնույն ժամանակ, հասցնելով կրակային նպաստավոր դիրք զբաղեցնել:

Երբ առաջացա, բարձրահասակ, թիկնեղ, արծվենի հայացքով զինվորը ավելի ձգվեց ու ներկայացավ. «Շարքային Պապիկյան»:

-Ինչպե՞ս է անցնում ծառայությունդ, զինվո՛ր,- հարցիս նա տվեց կարճ պատասխան:

-Ամեն օրվա պես՝ կանոնավոր:

– Ինչքա՞ն ես ծառայել:

– Մեկ ձմեռ մնաց:

Շարքային Պապիկյանին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ա. Խաչատրյանը ներկայացրեց որպես ուշադիր և աչալուրջ զինվորի:

Դիրքապահներին մոտենալու համար մենք «զինվեցինք» սաղավարտով և զրահաբաճկոնով:

-Առաջնագծում առանց սաղավարտի ու զրահաբաճկոնի տեղաշարժվել չի թույլատրվում,- ընդգծված շեշտադրումով նկատեց հենակետի պատասխանատուն, որը նաև սահմանի տվյալ հատվածի հրամանատարն ու անվտանգության պատասխանատուն է:

Մարտական դիրքի դիտորդներ՝ սերժանտ Տիգրան Վարդանյանի և շարքային Ռաֆիկ Արտավազդյանի դիտարկման խրամաբջջից մինչև թշնամու դիրքեր հեռավորությունը 35-40 մետր է, այսինքն՝ այնքան մոտ, որ անզեն աչքով նկատելի է հակառակորդի ցանկացած տեղաշարժ: Կարելի է ասել, որ այստեղ հեռադիտակը գործածելու անհրաժեշտություն գրեթե չի լինում: Դիրքապահներն ինձ ցույց են տալիս թշնամու դիտակետերը, մանրամասն նկարագրում նրանց զինանոցը: Հավաստի աղբյուրից լսելն ու տեղեկանալը այլ բան է, բայց երբ սեփական աչքով ես տեսնում ու չափում մեր և թշնամու դիրքերի միջև ընկած բաժանարար տարածությունը, անմիջապես ընկալում ես առճակատման վտանգի աստիճանը: Այստեղ լիարժեք մարտական իրավիճակ է, և մեր դիրքապահները չափազանց զգոն են: Մտածում եմ` ուժի ու բանականության, նյարդերի և հոգեկան հավասարակշռության ի՞նչ ահռելի պաշար պետք է ունենա դիրքապահը, որ կարողանա դիմակայել այս լարվածությանը: Իսկ այդ որակները մեր զինվորն ու սպան հաստատ ունեն:

Շարքային Ռ. Արտավազդյան

Շարքային Ռաֆիկ Արտավազդյանը գյումրեցու հումորով է ներկայացնում թշնամուն:

-Պարոն մայոր, քսաներկու ամիս ծառայում եմ, դրանցից մի նամուսով բան չեմ տեսել: Դե պիտի նամուս ունենա՞ն, որ տեսնեմ: Դրանց բան ու գործը մենակ անիմաստ կրակելն է, էն էլ վախից են կրակում:

-Կատակի ես տալիս, բայց դժվարին ծառայություն ես կատարում:

-Չեմ դժգոհում, պարոն մայոր: Ամեն օր պատրաստվում եմ պատերազմի: Իհարկե, պատերազմ չեմ ուզում, բայց, մեկ է, պատրաստվում եմ:

Սերժանտ Տ. Վարդանյան

Ընկերոջ խոսքը հաստատեց սերժանտ Տիգրան Վարդանյանը, որը թեպետ երաժշտական կրթության ունի, շեփորահար է, բայց չի ցանկացել ընդգրկվել նվագախմբի կազմում, այլ գերադասել է ծառայությունն առաջնագծում: Մեկ ամսից կզորացրվի:

Տիգրանի զինակից ընկերները պատմեցին, որ օգոստոսյան մի օր, երբ հակառակորդը հերթական անգամ ուժգին կրակ է բացել մեր դիրքերի ուղղությամբ, սերժանտ Տիգրան Վարդանյանն իր դիրքապահ ընկերների հետ այնպիսի պատասխան է տվել, որ մի քանի օր ուշքի չեն եկել:

Սովորության համաձայն, որպեսզի ներսս լցվող հազվագյուտ ոգևորությունն ու դրական լիցքերը դեռ երկար ժամանակ ուղեկցեն ինձ, բաժանվելուց առաջ լուսանկարվեցի վիթխարի պատասխանատվությամբ իրենց հայրենանվեր ծառայությունն իրականացնող քաջ ու հերոս տղաների հետ:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մայոր

Ավագ լեյտենանտ Ա. Խաչատրյան

Շարքային Ռ. Արտավազդյան

Շարքային Ա. Պապիկյան

Սերժանտ Տ. Վարդանյան

Խորագիր՝ #46 (1064) 27.11.2014 – 3.12.2014, Ազգային բանակ


27/11/2014