Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ



Սփյուռքահայ բարերարների աջակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվեցին եւս 8 գերմանական հովվաշնով, որոնք կօգնեն հսկել հայրենիքի հյուսիսարեւելյան շրջանների անվտանգությունը: Մեր սահմաններում արդեն 10 ազնվացեղ սահմանապահ հովվաշուն կա:

Սփյուռքահայ բարերարներն առաջին երկու հովվաշները նվիրել էին գնդապետ Վահե Հովսեփյանի հրամանատարությամբ գործող զորամասին դեռեւս օգոստոսին: Առաջին օրվանից շան ձագերը սիրվեցին եւ դարձան զորամասի պարծանքը` ոգեւորելով ե՛ւ զինվորներին, ե՛ւ հրամանատարական կազմին: Արու եւ էգ ձագերին պահում են առանձին-առանձին, եւ նրանք կմիավորվեն միայն զուգավորման ժամանակ: Նմանատիպ թանկ նվերը օրերս զորամաս էր բերել ԵԿՄ անդամ ազատամարտիկ Հովհաննես Նիկողոսյանը: Մյուս 7-ին էլ նա բերել էր հյուսիսարեւելյան սահմանները հսկող զորամասեր:

-Դիրքապահների համար լավագույն նվեր կարող են լինել լավ վարժեցված սահմանապահ շները, որոնք կկարողանան բացահայտել թշնամու ցանկացած դիվերսանտի: Այսօր արեւմտյան երկրների շատ զինված ուժերում շները մեծապես օգնում են թե՛ սահմանի անվտանգության ապահովմանը, թե՛ թմրամիջոցների տարածման դեմ պայքարին, եւ ողջունելի կլիներ, որ հայկական բանակը եւս ունենար արհեստավարժ դիրքապահ շներ: Մենք երախտապարտ ենք մեր սփյուռքահայ բարեկամներին նման աջակցության համար,- ասաց Հ. Նիկողոսյանը:

Նրա խոսքով` այս գործում իրենց հատուկ ներդրումն են ունեցել Նյու Յորքում բնակվող մեր հայրենակիցներ Կարապետ Մարգարյանը եւ Տիգրան Աղճայանը, Կանադայի Լավալ քաղաքից` Վահան Մանուկյանը, Ռոբերտ Թորոսյանը եւ ազատամարտիկ Արթուր Հայրապետյանը:

-Գերմանական հովվաշները շատ խելացի են եւ տարածքի պահպանման համար լավ պատրաստված: Հատուկ վարժեցում շներին պետք չէ: Կենդանիները նաեւ բծախնդիր չեն սննդի հարցում: Իսկ զտարյուն լինելն էլ իր հերթին գենետիկորեն փոխանցվող ազնվացեղ հատկանիշների երաշխիքն է,- ասաց Հ. Նիկողոսյանը՝ հույս հայտնելով, որ հայաստանցի եւ սփյուռքահայ բարերարների աջակցությամբ հայոց բանակի մարտունակության ամրապնդմանը միտված այսպիսի նվիրատվությունները շարունակական բնույթ կունենան:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Բանակ և հասարակություն


11/12/2014