Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ…»



Ես Երվանդ Մելքումյանն եմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքից: Ավարտել եմ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի 1-ին կուրսն ու զորակոչվել բանակ: Այժմ կատարում եմ հայրենիքիս հանդեպ իմ պարտքը եւ ծառայում եմ կապի ուսումնական զորամասերից մեկում:

Սիրում եմ գրել ու հետաքրքրված եմ լրագրությամբ, անգամ մտածում եմ բակալավրիատն ավարտելուց հետո սովորել մագիստրատուրայում` լրագրության բաժնում: Գրել եմ փոքրիկ նյութեր, որոնցից մեկը տպագրվել է հենց համալսարանի պաշտոնաթերթում:

Ավարտվում է ամառային ուսումնական փուլը, ու արդեն մի քանի օրից կստանամ «Կրտսեր սերժանտի» կոչում: Կուզենայի պարբերաբար թղթակցել «Հայ զինվորին»: Որպես առաջին քայլ, ձեզ եմ ուղարկում իմ այս թղթակցությունը:

Հայրենասիրության դասերն սկսվում են դպրոցից եւ շարունակվում երկար: Հերթական հայրենասիրության դասը տեղի ունեցավ վերջերս` նոյեմբերի 19-ին, ԵՊՀ-ում: Այնտեղ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ՝ նվիրված ԵՊՀ-ի ուսանող այն տղաների հիշատակին, ովքեր զոհվել են հայրենիքի պաշտպանության սրբազան գործը կատարելիս: Միջոցառմանը մասնակցում էինք նաեւ մենք` կապի ուսումնական զորամասի զինվորներս: Մեզ հետ էր զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, մայոր Ռ. Համբարձումյանը: Նա նշեց, որ զինվորները նման միջոցառումների, որոնց հիմնական նպատակը բանակ-հասարակություն կապի ամրապնդումն է, հաճախակի են մասնակցում:

Նախքան միջոցառումն սկսվելը զինվորները այցելեցին ԵՊՀ պատմության թանգարանում, իմացան համալսարանի հիմնադրման նախապատմությունը, ծանոթացան զոհված տղաների անձնական իրերին:

Չգիտեմ ինչպես աչքս ընկավ թանգարանում պահվող մի հին թերթիկի, որի վրա գեղեցիկ ձեռագրով գրված էր. «Խնդրում եմ ինձ թույլ տալ ժամանակից շուտ հանձնել ստուգարքներս Արցախի պաշտպանությանը մասնակցելու համար»: Մի ակնթարթ իսկապես մարմնովս սարսուռ անցավ: Իսկական քաջ մարտիկին, անվախ ռազմիկին ու հայ տղամարդուն վայել եւ արժանի քայլ:

Թանգարանում շրջելուց հետո զինվորները զրուցեցին հերոս տղաների դասախոսների հետ, որոնք կիսվեցին տղաների մասին հետաքրքիր հուշերով:

«Անմահները հրամայում են…» խորագիրը կրող միջոցառմանն իրենց խոսքով հանդես եկան գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը եւ ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ռեկտորը նշեց, որ թերեւս հանելուկ է, թե ինչպես են ծնվում հերոսները: Հարց է` հերոս ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:

Միջոցառման ավարտին «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի հիմնադիր եւ նախագահ տիկին Սաթենիկ Աբրահամյանն ասաց, որ նման միջոցառումներ հաճախ են կազմակերպվում: Նա կարեւորեց միջոցառումներին զինծառայողների մասնակցությունը, ապա հավելեց, որ այսպիսի ծրագրերը նպաստում են ռազմավարժական գործընթացի առավել հետաքրքիր կազմակերպմանը:

Զինվորները համալսարանից հեռացան հայրենասիրական ոգով լցված ու նոր դասեր առած:

Երվանդ Մելքումյան
Կուրսանտ

Խորագիր՝ #48 (1066) 11.12.2014 – 17.12.2014, Ազգային բանակ


11/12/2014