ՀԻՇԵՆՔ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ
Ո՛չ տարիները և ո՛չ էլ թափած արցունքի կաթիլները չեն կարող աչքերը մաքրել անցյալից:
-1993 թվականն էր, դեկտեմբերի 27-ը: Վահեիս ծննդյան օրն էր: Հայրը գալու էր, խոստացել էր… չեկավ,- պատմում է Արցախյան գոյամարտում մարտնչած, Օմարի լեռնանցքում զոհված ազատամարտիկ Արամ Բաղրամյանի այրին ՝ տիկին Թամարան:- Դեկտեմբերի 30-ն էր, պատրաստվում էինք Ամանորին: Մտածում էի` ուր որ է՝ կգա, երևի Ղարաբաղ է գնացել՝ հորն ու մորը տեսնելու:
Այդպես էլ չեկավ… Դեկտեմբերի 30-ը Արամ Բաղրամյանի կյանքի վերջակետն էր ազդարարում: Ձմեռային սառն ու մրրկաշունչ գիշերն այդպես էլ չլուսացավ նրա համար: Սևանը կրկին արցունքով ու վշտով լցվեց … Ե՛վս մեկ զոհ, և՛ս մեկ կիսատ մնացած երիտասարդ կյանք….
Երիտասարդ էր նաև տիկին Թամարան, չէր էլ պատկերացնում, թե որքան դաժան ու կրակոտ վայր էր ճանապարհում ամուսնուն: Չէր էլ պատկերացնում, որ դա իրենց վերջին հրաժեշտն էր լինելու:
-Սպասում էի նրան, նույնիսկ, երբ արդեն գիտեի, որ էլ չի գալու: Ամեն անգամ ինձ թվում էր՝ ուր որ է, ներս կմտնի ու էլի կսկսի զբաղվել երեխաների դասերով ու դաստիարակությամբ: Երևի զգում էր, որ իր կյանքի ուղին կարճ է լինելու, երբ գալիս էր, ուզում էր տանն անցկացնել՝ երեխաների կողքին,- հիշում է տիկին Թամարան:- Համոզում էի, որ չգնա, բայց վերջին անգամ, երբ խնդրանքս կրկնեցի` «մի՛ գնա», նա շատ խոսուն հայացք նետեց վրաս ու ասաց.
-Չեմ կարող չգնալ, Թամար, պիտի գնամ…
Այդ օրվանից 21 երկար ու ձիգ տարիներ են անցել: Թե որքան դժվարություն, ծանր օրեր ու անտարբեր հայացքներ են տեսել տիկին Թամարան ու նրա երեք որդիները, միայն իրենք գիտեն ու տեր Աստված: Բայց այսօր տիկին Թամարան չի ուզում հիշել, առավել ևս՝ խոսել անցած դժվարին օրերի մասին, միայն դառնացած սրտով ասում է, որ ամենավատ երևույթը կյանքում անտարբերությունն է:
-Զոհվածների ընտանիքներին միայն ապրիլի 7-ին են հիշում, երբ ուզում են շնորհավորել զոհվածների կանանց կամ մայրերին: Մնացած ժամանակ նրանք անուշադրության են մատնված, և ոչ ոքի չի էլ մտահոգում, որ այդ ընտանիքները կարող են հայտնվել մուրացիկի կարգավիճակում,- շարունակում է տիկին Թամարան:
Իսկ իմ այն հարցին, թե եղե՞լ է արդյոք մի օր, երբ ափսոսանք եք ապրել, որ Ձեր ամուսինը զոհվել է ազգի համար, նա պատասխանեց.
-Ես գիտակցում եմ, որ հայրենիքը պետք է պաշտպանել նույնիսկ սեփական կյանքի գնով, սակայն չեմ թաքցնում զայրույթս, երբ լսում եմ «թող չգնային, չզոհվեին» արտահայտությունը: Ինչպե՞ս կարելի է այդպես արտահայտվել, չէ՞ որ մենք հայ ենք, քրիստոնյա,- ասում է նա:
Գուցե կզարմանաք, բայց խոսքերն այս, որ ընթերցեցի Ս. Աբրահամյանի «Ապրողներս ընկածների պարտապանն ենք» գրքում, տիկին Թամարայի խոսքերն են. «Տա Աստված, Արցախյան գոյամարտն ավարտվի խաղաղությամբ: Եվ եթե թշնամին շարունակի Արցախի հետ խոսել զենքի լեզվով, Արամից սերված իմ երեք որդիները մատաղացու կպահեմ մեր անընկճելի լեռնաստանի համար»:
Այդ ամենն այսօր մի տխուր անցյալ է տիկին Թամարայի համար: Նա այսօր հպարտ է, որ իր սիրելի ամուսնուց մնացած պարգևը՝ որդիները, իրենց հոր հիշատակը վառ են պահում, և ոչ մի անգամ նա ստիպված չի եղել գլխիկոր մնալու նրանց որևէ սխալ արարքի համար: Նա երջանիկ է, որ որդիները սեփական ուժերով ու ձգտումով հասան իրենց երազանքներին:
Ավագ որդին շարունակում է հոր գործը՝ զինվորական է: Երբ առաջին անգամ ձեռքն է վերցրել հոր մահվան վկայականը, վճռել է՝ «Ես զինվորական բժիշկ եմ դառնալու: Ես չեմ ուզում, որ երբևէ որևէ զինվորական անօգնական մնա մարտի դաշտում»:
Վահեն ծառայում է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում՝ բժշկական ծառայության պետ է, կոչումով՝ կապիտան: Պապի անունն է կրում նրա որդին՝ փոքրիկ Արամիկը:
Տիկին Թամարայի մյուս երկու որդիներն էլ՝ Վաչեն ու Խորենը, նույնպես ավարտել են պետական համալսարանը, և երկուսն էլ աշխատում են: Մեկ տարի առաջ վերջապես նրանք կարողացան դուրս գալ հանրակացարանից, դժվարությամբ, բայց գնեցին բնակարան:
Իրոք երջանիկ է տիկին Թամարան իր որդիների հաջողություններով ու ձեռքբերումներով: Նրանք են իրեն ապրելու ուժ տվել, տալիս: Նա այսօր իր որդիների մեջ տեսնում է ընտանիքի հորը՝ Արամին:
-Նրանք այնքան նման են իրենց հորը,- ասում է նա,- նույնքան բարի, նույնքան ազնիվ, մաքրահոգի, առողջ մտածելակերպի տեր ու աշխատասեր: Շնորհակալ եմ նրանց, որ ոչ մի անգամ խնդիրներ չստեղծեցին ինձ համար, ավելին, ուժ տվեցին, թևեր տվեցին, որ ինքս էլ օգնեմ իրենց:
Քամին մեղմ շոյում է գերեզմանաքարին դրված ծաղիկների թերթերն ու տխուր մի պատմություն պատմում՝ Արամ Բաղրամյանի պատմությունը, մի մարդ, որ անմնացորդ, անվերապահ էր սիրում իր հայրենիքն ու ուզում էր, որ այդ հայրենիքում իր որդիները խաղաղ ու անհոգ լինեն, որ նրանք միշտ կապույտ երկնքի ներքո ապրեն, որ նրանց երազները երբեք չխամրեն ….
ԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ
զորամասի զինծառայող