ԼՈՒՍԱԲԱՑԸ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
-Անդո՛, հարամ ուտես, դու էդքան վախկո՞տ ես, որ ճանճից է՞լ ես վախենում,- պապի ձայնն էր՝ մի քիչ սրտնեղած, մի քիչ զայրացած, մի քիչ ձեռ առնող: – Անդո՛, դու տղամարդ ես, ախր: Տղամարդը ճանճից չի վախենա, ճանճն ի՞նչ է՝ մեղր տվող, կյանքն իր Ստեղծողի կամքով մարդու համար գրավ դրած միջատ, ու դու վախենո՞ւմ ես դրանից:
Գիտեր, որ երազ է տեսնում, երազում՝ իր վրա հարձակվող մեղուներ: Չէ, ավելի շատ ոչ թե մեղուներին էր տեսնում, այլ լսում էր նրանց ձայնը: Ծնված օրից գիտեր, որ մեղուների բզզոցն էլ տարբեր երանգներ է ունենում: Նրանք աշխատանքի ժամանակ ուրիշ կերպ են բզզում, գազազած ժամանակ՝ ուրիշ: Ու հիմա նրանց բզզոցը գազազած էր: Ասես Անդոն խանգարել էր նրանց աշխատանքը, կարծես Անդոն ափաշկարա գողացել էր նրանց բերած նեկտարը, և գազազել, կատաղել էին:
Հասկացել էր, որ քունն արդեն հարամվել է, բայց աչքերը չէր բացում: Պառկել էր հողատնակում ու աչքերը փակ ոչ այն է երազի հետ էր, ոչ այն է՝ արթուն: Իր կողքին պառկած-քնածը Արտաշն էր, ու սերժանտը նրան էր արթնացնում:
-Վեր կաց,- ասում էր,- ա՛յ տղա, քո հերթն է: Վեր կաց:
Անդոն լրիվ սթափվեց: Նայեց ժամացույցին: Դիրքից գալուց ու քնելուց ընդամենը մի ժամ էր անցել, բայց ինքը հագեցել էր քնից: Ասենք՝ քնից չէր հագեցել, պապն էր արթնացրել: Գուցե քնած տեղում թշնամու արձակած գնդակների բզզոցը մեղվի բզզոցի տե՞ղ է դրել: Բայց, ախր, հողատնակում գնդակների ձայնը համարյա չի լսվում: Բայց ի՞նչ իմանաս՝ քնած մարդու ուղեղն ինչ և ինչպես է զգում: Գուցե թե երազի մեջ լսողությունը սրվում է, բոլոր զգայարանները քնում են՝ լսողությունը մի քիչ արթուն է մնում ու…
Մեկ ուզում էր սերժանտ Կարոյին ասել, թե ինքն արդեն արթնացել է ու կարող է գնալ, Արտաշի փոխարեն հերթապահել, մեկ էլ իրեն զսպեց, քանի որ Կարոն կարգ ու կանոնի սիրահար էր ու, միևնույն է, թույլ չպիտի տար.
-Չէ՛, ախպեր, ամեն մեկը թող իր փոխարեն հերթապահի,- պիտի ասեր արագ-արագ, բառերը բերանից շտապով դուրս շպրտելով:
Այնքան արագ է խոսում, նույնիսկ ինքնաձիգի կրակոցն այդքան արագ չի լինում: Դեռ առաջին օրերին արագախոսության համար տղաներն անունը Կարկուտ էին դրել ու հիմա հազարից մեկ էին Կարո ասում: Բայց մարդու թերությունը թող արագախոսությունը լինի միայն: Կարոն լավ տղա է, հասնող, թուրքի դեմ հաստատ կանգնող, հայրենի հող ու ջրի սիրահար: Կարոն էր, որ դիմացի բարձր գագաթի անունը Անդրանիկ դրեց: Ժամանակին մեր ապուպապի դրած անունը թուրքերը ջնջել, իրենց խելքին ու երևակայությանը հարիր «Էշակ մեյդան» էին դրել: Թե երբվանից՝ չգիտի, հավանաբար էս վերջին մի քանի տարիներին էին այդպես ասել: Բայց չգիտես ինչու՝ նրանց դրած անունը կպչում-մնում է:
Երբ մեր դիրքերն առաջ բերեցին ու բարձրացան սարի գագաթը, Կարոն նայեց թուրքի՝ արդեն ներքևում մնացած հենակետին, նայեց դիմացը իր ողջ վեհությամբ բարձրացող սարին ու ծթծթացրեց. «Ձեզ մարդ ասողին ինչ եմ ասել՝ Իշակ մեյդան: Իշակը դուք եք: Հայի սարի անունը փոխել եք քիչ է, հետն էլ՝ ձեր խելքի չափով»: Հետո դարձավ տղերքին ու. «Էսօրվանից, չէ՛, հենց էս պահից էս սարի կորած անունը վերականգնում եմ: Ես չգիտեմ, մեր նախնիներն ինչ անուն են տվել էս հպարտ սարին, բայց հիմիկվանից էս սարի անունը «Անդրանիկ» է: Ո՞վ է դեմ,- իբրև քվեարկության դրեց,- դեմ, ձեռնպահ չկա: Անցավ միաձայն: Ծիծաղեցին բոլորը, և արդեն քանի ամիս՝ սարը նորից հայկական անուն ունի: Անունը դնելու պահին ո՛չ Կարոն, ո՛չ ինքը, ո՛չ էլ տղերքից որևէ մեկը չհիշեց, որ իր անուն էլ է Անդրանիկ: Ինքը ոչ միայն աշխարհի, այլև իր համար Անդո էր:
Իսկ Կարոն իրոք լավ տղա է: Կարոն կարող է ընկերոջ փոխարեն դիրք պահել: Կարող է ինքը չքնել, վատ զգացող զինվորի տեղը կանգնել, բայց որ բոլորի փոխարեն ինքը հերթապահի՞, ո՞նց կլինի: Դրա համար էլ կարգուկանոնը նրա համար ամեն ինչից կարևոր է:
-Ախպեր ջան,- արագ-արագ ասում է ամեն անգամ,- բանակում չէ, որ հանգստյան տանն էլ կարգ ու կանոն չեղավ, թող ու փախիր:
Ու հիմա բզում է քունը հաղթահարել չկարողացող Արտաշի կողը.
-Ա՛յ տղա, վեր կաց:
Արտաշը վերջապես, քունը հաղթահարելով, ոտքի կանգնեց: Անդոն ձայնից գուշակեց, թե նա ինչպես դուրս եկավ, մոտեցավ հողատնակի կողքին՝ սյան վրա ամրացված լվացարանին ու սթափվելու համար չփչփացնելով լվացվեց: Հետո Արտաշի ու Կարոյի նկատմամբ հետաքրքրությունը կորավ, ու փորձեց էլի քնել: Երբ լավ քնում ես, հետո դիրքում կանգնելը հեշտանում է: Ճիշտ է, աչքերդ հսկում են թշնամուն, ականջներդ տարածքի ձայնին են լինում, բայց միտքդ պարապ ու անսանձ՝ թռչում է՝ ուր կամենա: Շատ է եղել, երբ դիրքում կանգնած, զգացել է, թե թշնամու գնդակն ինչպես է բզզոցով անցել ականջի կողքով: Առաջին անգամ վախեցել էր, բայց հիմա արդեն աշխատում է, որ նախ դիպուկահարը չտեսնի իրեն, և եթե տեսնի էլ՝ չկարողանա խոցել: Թող կրակի որքան ուզում է: Կարելի է նաև պատասխանել, բայց դատարկ հաչոցին պատասխանելը տղամարդու բան չէ: Լինում է, և շատ հաճախ, որ թուրքը կրակում է սեփական վախը հաղթահարելու համար, և Անդոն ու ընկերները դրան բանի տեղ չեն դնում:
Բայց հիմա երազում պապին էր տեսել, նրա ձայնը լսել ու քունը չէր տանում: Պապը… Մեղվապահ ու աշխատավոր պապը խելքամաղ է լինում ամեն մի մեղվի համար: Ինքը համարյա մեղր չի ուտում, մի քիչ համտես է անում ու բավարարվում է: Ամբողջ կյանքում կերել է, ամբողջ կյանքում շնչել է մեղրի, մոմաթերթի, մեղրահացի բույրը և հագեցել է:
«Չլինի՞ պապիս բան է պատահել»,- մտածեց ակամա, հետո ինքն էլ մերժեց էդ միտքը: Պապը խոստացել է, որ չի մեռնի, մինչև թոռը բանակից չվերադառնա:
«Հա՛,- բանակ ճանապարհելու օրը ասել էր պապը,- չեմ մեռնի, մինչև բանակից չգաս,- ու Անդոն կատակել էր,- դե որ էդպես է, ուրեմն ես բանակից չեմ զորացրվի»…
Չէ՛, պապին դժվար թե բան պատահած լինի: Երազ էր՝ Վախեցի Հրոյի նման անժամանակ եկել, մեղր էր ուզում իրենից: Հրոն կանգնել էր մեղվանոցի մոտ ու ժպտում էր անընդհատ: Ասենք չէր ժպտում: Դեմքի մկանները շարժվում էին իրենից անկախ, ու նայողին թվում էր, թե նա մշտապես ժպտում է: Ինքը Հրոյին չէր սիրում: Պատճա՞ռը: Ինքն էլ մի կարգին չգիտեր այն ժամանակ, բայց հիմա հասկացել է: Հրոն թեև չափահաս էր արդեն, բայց տկարամիտ էր, ինքը՝ երեխա և ամեն անգամ ինքնահաստատման համար մի բան սարքում էր իր գլխին: Կամ մի բան էր ասում, որն ինքը չէր հասկանում, կամ մի բան էր անում, որ ինքն իրեն վատ զգա, և ծիծաղում էր: Երեխայի նկատմամբ իր գերազանցությունը հաստատելով լավ էր զգում:
Պապը հասկանում էր իր զայրույթը, հաճախ մխիթարում էր՝ ոչինչ, բայց Անդոն փոքրուց չէր սիրում Հրոյին: Անդոն էդ վիրավորանքները չէր մոռացել նույնիսկ տարիներ անց: Իսկ Հրոն եկել, գարնան գլուխ կանգնել էր մեղվանոցի մոտ ու մեղր էր ուզում: Չէր հասկանում, որ մեղուները նոր են ձմեռանոցից հանել:
-Մեղր որտեղի՞ց,- չորել էր ինքը,- դու չգիտե՞ս, որ դեռևս ծաղիկ չկա, ու մեղուն տարվա էս ժամանակ բերք չի բերում:
-Մեկ է, ժլատ եք,- մտքինը չէր թաքցրել Հրոն,- որ մի տոննա մեղր էլ ունենաք՝ չեք տա:
Քիչ էր մնացել քարը վերցներ ու, նրա տարիքը հաշվի չառնելով, խփեր գլխին, երբ պապը դուրս էր եկել տնակից:
-Ի՞նչ ես ուզում, Հրո,- առաջ էր եկել ժպտալով:
-Թոռիցդ մի քիչ մեղր եմ ուզում, ասում է՝ չկա:
-Արի,- ժպիտը չէր իջել պապի դեմքից,- դու տարիքով մարդ ես, խելքդ էրեխի խելքին ես դրել: Մեղր ես ուզում՝ ինձ ասա:
Անդոն զարմացած նայել էր պապին: Հիմա, ի՞նքն է անխելքը, թե՞ Հրոն, որ չի հասկանում ու տարվա էս եղանակին մեղր է ուզում: Պապը աչքով էր արել՝ իբր դու հանգիստ մնա: Մտել էր մառան ու դուրս էր եկել մի շրջանակ ձեռքին: Անցած տարվա շրջանակ էր, վրան՝ մեղր:
-Արի,- ժպտացել էր Հրոյին,- արի կտրեմ, կեր:
Հրոն նստել, առաջն էր քաշել կտրատած մեղրահացն ու կերել էր՝ առանց մեղր ու մեղրամոմ զանազանելու: Անդոն հետաքրքրությամբ սպասել էր, տեսնի՝ երբ է հագենալու, երբ է զզվելու, երբ է ետ քաշվելու, բայց Հրոն կերել էր մինչև վերջ: Հետո բերանը սրբել, վեր էր կացել, գլխին էր քաշել մի մեծ բաժակ սառը ջուր ու.
-Աստված մեկդ հազար անի,- ասելով, թողել հեռացել էր:
Ու երբ Հրոն անհետացել էր, պապը մեղմ հանդիմանել էր իրեն.
-Ա՛յ բալա, ես էլ կարծում էի՝ դու խելացի տղա ես: Ախր, Հրոյի ծալը պակաս է: Ախր, նրա շատ վեջը չէ՝ տարվա որ եղանակն է: Տեսել է՝ մեղուները բզզում են, գիտի մեղվանոց է՝ մեղր է ուզում: Չտաս՝ ինչ իմանաս մտքովն ինչ կանցնի: Մեկ էլ տեսար՝ գիշերով եկավ, մեղվափեթակները շուռ տվեց կամ ջուր բերեց լցրեց փեթակների մեջ…
-Գլուխը քարին կտա,- զայրացավ ինքն այն ժամանակ,- կբռնեմ, կսատկացնեմ:
-Բա եղա՞վ: Երբ անխելքն ու խելացին կռվում են, բոլոր պարագաներում մեղավորը խելացին է:
…Անդոն նորից ձգմգվեց պառկած տեղում և հասկանալով, որ այլևս քնել չի կարողանալու, վեր կացավ տեղից: Ավելի լավ է վեր կենա, դուրս գա հողատնակից ու իր սիրած տեղից այգաբացը դիտի: Սիրում է դիտել ամռան լուսաբացը: Այստեղ այն բոլորովին ուրիշ տեսք ու համ ունի: Նախ «Անդրանիկ» սարի գագաթին գունատվում է երկինքը, հետո… Բայց մինչև լուսաբաց դեռ ահագին ժամանակ կա: Էլի պիտի սպասես, մինչև տեսնես, թե ինչպես է ոսկեգույն ներկվում նախ երկնքի մի հատվածը, հետո սարի գագաթը, իսկ հետո հիանաս սարի թիկունքից դուրս ելնող արևը տեսնելով: Կլոր, դեղնավուն կամ արնակարմիր…
Տեսնես մարդն ինչո՞ւ է այդքան սիրում արևը, տեսնես ինչու՞ են արևածագի հետ ցրվում, վերանում մռայլ մտքերը, գիշերը տեսած հաճախ անիմաստ ու ահ բերող երազները:
Կանգնեց հողատնակի մոտ, նայեց արևելք: Ցայգալույսին մի պահ ավելի է մթնում երկինքը, գետինը սևանում է, կարծես կենտրոնանալով սպասում, թե երբ է դուրս գալու արևը: Անդոն կանգնել էր հողատնակի մոտ, ուզում էր առաջ գնալ, բայց սիրտը մի տեսակ անհանգիստ էր: Ինչի՞ց, չէր հասկանում: Ու իր անհանգստությունը ենթագիտակցորեն կապում էր երազի հետ:
«Երա՞զ չես տեսել, թե՞ մեղուներ չես տեսել»,- ինքն իրեն ձեռ առավ ու սրտապնդեց մտքում, հետո որոշեց՝ հենց լույսը բացվի՝ զանգի տուն: Չնայած երեկ էր զանգել, ու ասել էին՝ ամեն բան լավ է, բայց ինքն իրեն հանգստացնելու համար նորից պիտի զանգեր: Մտածեց մեղվանոց զանգել: Գիտեր, որ պապն այս ժամին քնած չի լինի, բայց հետո միտքը փոխեց՝ հազար բան կարող է մտածել ծերունին, կարող է անհանգստանալ: «Թող լուսանա» ,- համոզեց ինքն իրեն ու մի քանի քայլ առաջ գնաց:
Նախ ականջին հասավ պահածոյի տուփերի զնգզնգոցը: Հատուկ ձևով կախել էին խրամատի վրա, խորամանկ թակարդ սարքել, որ եթե բան է, ինչ-որ անծանոթ գա, կպչի դրանց, իրենք թիթեղի ձայնից իմանան, որ տարածքին անընտել մեկն է մոտենում: Ուրեմն պահածոյի տուփերը զնգզնգացին: Դա տարօրինակ ձայն չէր: Քամին օրը հազար անգամ նվագում է պահածոյի տուփերի՝ մարդու ականջին այդպես էլ սովորական չդարձող և մշտապես տհաճ ու անընտել մնացող ծնծղան: Բայց հիմա քամի չկար: Արևն իր ամենօրյա ծննդյան արտորանքի մեջ էր: Աշխարհում ամեն ինչ լուռ էր: Թռչունները, քամին, բարակ, փետրավոր ամպերը, սարերը լուռ ու համբերատար՝ սպասում էին արևի ծննդին: Փորձեց բանի տեղ չդնել պահածոյի տուփերի ծլնգոցը: Ուզեց ականջի հետև գցել ու հիանալ արևածագով, բայց աչքի պոչով, իրենից անկախ խրամատի ծայրին ինչ-որ ստվեր տեսավ: Իրենք սովորաբար խրամատի այդ մասում հազվադեպ են լինում, ու տղաներից որևէ մեկը դժվար թե այդտեղ լիներ: Միայն ինքն է սիրում այս ժամին կանգնել այստեղ ու հիանալ նորելուկ արևով:
Չէ, երևի աչքին է երևում: Կանգնեց տեղում և այս անգամ տեսավ զինվորական կոշիկի ծայրը: Կոշիկն արագ անհետացավ: «Չէ՛, սա արդեն տեսիլք չէ»,- զգուշացավ,- թշնամի՞ է: Եկել է գաղտուկ, եկել է ցայգալույսի թմրությունից օգտվելով, ուզում է վնա՞ս տալ:
«Զգույշ, Անդո տղա,- ինքն իրեն զգուշացրեց,- կարող է եկել են՝ գերի տանեն»:
Մի քանի քայլ առաջ գնաց, քայլեց կատվի զգուշությամբ: Եթե օտար մեկը կա, թող չիմանա, որ իրեն տեսել են, իսկ եթե չէ, ավելորդ զգուշությունը երբեք ոչ մեկին չի խանգարել: Այդ մասում խրամատը ոլորվում էր և մի պահ, միայն մի պահ ծածկում դիմացից եկողին: Կանգնեց մեջքը հողե պատին հենած: Ափսոս, որ մոտը զենք չկա: Ախր, ի՞նչ իմանար, ախր, ինքը գնում էր լուսաբացը դիտելու: «Անդո տղա,- ինքն իրեն խրատեց,- սահմանապահը նույնիսկ քնելիս չպիտի մոռանա զենքի մասին»:
Թուրքի հետախույզը ոտնաթաթերի վրա քայլելով առաջ էր գալիս զգույշ: Ամեն ինչից երևում էր, որ իրեն չի տեսել: Մեջքին կարճկոթ ինքնաձիգ էր, ձեռքին՝ դաշույն:
«Դու ե~ս,- մտքում ասաց այնպես, ասես հազար տարվա ծանոթ էր հանդիպածը,- օգտվում ես լուսաբացի թմրությունի՞ց: Չի~ հաջողվի, չի հաջողվի ինձ քնած բռնացնել, պապս երազ եկավ ու արթնացրեց ինձ: Ո՞վ գիտե՝ այս ժամին աչքերն աղոթարան հառած աղոթեց ինձ ու ընկերներիս համար»,- մտածեց ակամա, իսկ շուրթերը իրենից անկախ ձայն տվեցին.
-Դիրք, տագնա~պ,- գոռաց թշնամու ականջի տակ ու բռնեց նրա կոկորդից:
-Ես քեզ մերկ ձեռքերով էլ կխեղդեմ,- ասաց՝ ինքն իրե՞ն, թե՞ թշնամուն, ու նորից գոռաց,- տագնա~պ…
Ականջի պոչով լսեց, թե իր ձայնն ինչպես տարածվեց խրամատով, մտավ հողատնակ ու այնտեղից դուրս բերեց տղաներին, իսկ իր ուշք ու միտքը ասկյարն էր: Բռնել էր նրա կոկորդից ու սեղմում էր: Ասկյարը, որ առաջին պահ անսպասելիությունից շշմել էր, գտավ ինքն իրեն ու դաշույնով հարվածեց դեմքին: Անդոն բաց չէր թողնում նրա կոկորդը, հասկանալով, որ եթե թողնի, դանակի հաջորդ հարվածը սրտին է ուղղվելու:
-Ես քեզ կխեղդեմ,- մտքու՞մ, թե՞ բարձրաձայն ասում էր Անդոն,- կխեղդեմ, քանի որ դու հյուր չես եկել, այլ մեղր գողացող աքիսի նման մտել ես մեղվանոց: Դու Հրոն ես, չես հասկանում, որ մեղուն արդար բան է, մեղվի քրտինքին թույն խառնել պետք չէ… Պետք չէ ուրիշի արդարը հարամել… Դու չես հասկանում, որ աշխատող մեղվափեթակի մեջ մի փոր մեղրի համար ջուր լցնելը դաժան բան է: Մեղք է, հասկանու՞մ ես, մեղք է աշխարհի ու աշխարհն Ստեղծողի նկատմամբ…
Ասկյարը կարողացավ խռխռոցի հետ դանակի էլի մի քանի հարված հասցնել: Ճիշտ է, նրա հարվածներն այլևս նախկին ուժն ու ճշգրտությունը չունեին, բայց Անդոն զգում էր, որ ինքն էլ է թուլանում: Խրամատի վրա տարածվել էր տղաների ձայնը և կրակոցների աղմուկը: Մահու ու կենաց կռիվ էր, որ ձգվում էր հավերժության չափ երկար տևող մի քանի րոպե: Անդոն զգում էր, թե թուրքն ինչպես է թուլանում իր ձեռքերի մեջ:
Նախ կրակոցի ձայնն առավ, հետո տեսավ Կարկուտի հայտնվելը, ապա զգաց, թե իր հակառակորդն ինչպես է տապալվում գետնին: Հասկանում էր, որ թուրքը մեռել է, բայց մատները չէին հասկանում: Թշնամու կոկորդը բռնած ինքն էլ ընկավ նրա վրա:
-Թո՛ղ,- նրա դաստակները բռնեց Կարոն,- թո՛ղ, արդեն իր պապի մոտ է գնացել:
Նստեց խրամատի հատակին՝ մահացած թուրքի մոտ ու նոր զգաց, թե ինչպես են ուժերը լքում իրեն: Արյուն էր հորդում բերանից: Դեմքից ու հատկապես բերանից հոսող արյունը արագ ներծծվում էր հողի մեջ: «Տեսնես էս արդար լուսաբացն ինչո՞ւ արյունով լվացիր,- սպանված ասկյարին էր դիմում մտքում,- ի՞նչ ունես իմ խրամատում, ի՞նչ ես կորցրել իմ հողի վրա: Դու մեր ու հեր չունե՞ս, սիրած աղջիկ չունե՞ս: Բանակ գալուց առաջ պապիդ խոստում չե՞ս տվել: Թե՞ քո պապն իր նախնիների սովորությամբ քեզ էլ է սովորեցրել ուրիշի ունեցվածքին տեր կանգնել»…
-Վիրավո՞ր ես,- պպզելով նրա դեմքը զննեց ու հարցրեց Կարոն:
Ուզեց պատասխանել, տեսավ՝ չի կարողանում: Հաստատ բերանի ու լեզվի հետ ինչ-որ բան էր կատարվել: Թուրքի առաջին իսկ հարվածը ուղղված էր եղել կոկորդին, ինքը խույս էր տվել և դանակը ծակել, մտել էր բերանը, վնասելով լեզուն ու երակը:
Անդոն այդքանը պատմել չէր կարողանում ու Կարոյին ցույց էր տալիս բերանը: Տեսնում էր, որ Կարոն իրեն նայելով կամաց-կամաց գունատվում է, տեսնում էր, թե տղաներն ինչպես են հավաքվում իր շուրջն ու ամեն մեկն աշխատում է ուրախությունը կիսել իր հետ.
-Անդո ջան, մի անհանգստացիր, թշնամին փախել է: Սա չհաշված, երկու հոգու էլ մեր դիրքերի ներքևի մասում՝ փախչելու ժամանակ ենք վերացրել,- ժպտալով պատմում էր Արթուրը: Արտաշը ինչ-որ բան էր ասում, որ ինքը չէր հասկանում:
Տեսնում էր, թե Կարոն ռացիայով ինչպես է իրար խառնված զեկուցում, որ թուրքին ետ են շպրտել, որ վիրավոր կա, որի արյունը կտրել չեն կարողանում, որ եթե ժամանակին օգնության չհասնեն… և համոզված էր, որ ինքը մեռնել չի կարող: Չի կարող մի պարզ պատճառով՝ պապը սպասում է, որ իր հարսանիքին պարի: Մայրն էլ է սպասում, հայրն էլ, քույրն ու եղբայրն էլ, բայց իր համար այսօր գլխավորը պապն էր:
-Անդո ջան, լսիր ինձ,- իրեն հավաքելով ժպտում էր Կարկուտ Կարոն,- դու քեզ մի կորցնի, լսիր ձայնս, ուշադիր ինձ նայիր, ուշքդ վրադ պահիր… Հիմա քեզ դիրքերից ներքև կիջեցնենք, բժիշկները շուտով տեղ կհասնեն…
Ասում էր մի տեսակ հևալով, ասում էր՝ բերանով ագահորեն օդ կուլ տալով: Անդոն տեսնում էր, որ Կարոն իր փրկվելուն չի հավատում, բայց ասել չէր կարողանում, որ ինքը չի մեռնելու, եթե նույնիսկ ամբողջ արյունն իր երակներից հոսի, միևնույնն է ապրելու է: Չի մեռնելու:
Նա ագահորեն կուլ էր տալիս սեփական արյունը, որ մի քիչ հողի, մի քիչ ժանգահամ ուներ, աշխատում էր ուշքը վրան պահել, որ արյունը թոքերը չլցվի, և աչքերով անհամբերությամբ ինչ-որ բան էր փնտրում: Նրան պատգարակով ներքև իջեցնելու աճապարանքի մեջ տղաները չէին հասկանում, թե Անդոն ինչ է փնտրում աչքերով:
Հանկարծ նրա դեմքի վրա ու աչքերի մեջ ծաղկեց ժպիտը. սարի թիկունքից դուրս էր եկել արևը՝ մեծ, գեղեցիկ ու զարմանալի, իսկ արևի կողքին կանաչ-կարմիր ծիածանն էր, որ ծնվել էր լեռների գագաթների վրա նստած ցողի կաթիլների և լույսի խաղից: Եվ նորածին արևը շատ նման էր իրենց դասարանցի Մարիի շեկ ու գեղեցիկ գլխին: Մարին ժպտում էր խրախուսող, Մարին ժպտում էր հասկացող, և Անդոն որոշեց, որ հոսպիտալից դուրս գրվելուց հետո անպայման գնալու է նրան տեսության:
21-ը օգոստոսի 2014թ.
ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Հոգևոր-մշակութային