Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԼԻԲԱՆԱՆԸ ԿՐԵԼ Է ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ…»



Աշխարհն այսօր ավելի հաճախ է խոսում Մերձավոր Արևելքում ծավալվող նոր իրողությունների մասին: Եթե նախկինում միջազգային լրահոսի առաջին հորիզոնականներում «արաբական հեղափոխություններն» էին, ապա այժմ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում իսլամիստ ծայրահեղականների գործողություններն են, որոնք իրենց խորը ազդեցությունն են թողնում տարածաշրջանի երկրների՝ այդ թվում Լիբանանի վրա, որտեղ վերջերս իտալական զորակազմում իր խաղարար առաքելությունն է իրականացնում հայ խաղաղապահների դասակը: Թե ինչպիսի՞ իրավիճակ է Լիբանանում և ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած այս երկիրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության պայմաններում, ներկայացնում է արաբագետ, տարածաշրջանային խնդիրների հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

-Ինչպե՞ս եք գնահատում Մերձավոր Արևելքի այսօրվա իրավիճակը՝ մասնավորապես Լիբանանում: Արդյո՞ք անհրաժեշտություն կար, որ ՄԱԿ-ը խաղաղապահ ուժեր ուղարկի այդ երկիր:

-Մերձավոր Արևելքը մշտապես եղել է մեր մոլորակի ամենաթեժ տարածաշրջաններից մեկը՝ ակտիվ գործունեության հարթակ լինելով միջազգային հանրության տարաբնույթ կառույցների համար, իսկ այսօր, առավել քան երբևէ, այս տարածաշրջանում ծավալվող գործընթացներն ունեն, հիրավի, գլոբալ նշանակություն: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի խաղաղապահների գործունեությանը, ապա միավորված ազգերի ուժերի ժամանակավոր մանդատը Լիբանանում (UNIFIL) գործում է դեռևս 1978 թ.-ից: Խաղաղապահ առաքելության գործառույթների շրջանակն այն ժամանակ ներառում էր Լիբանանի հարավային հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման գործընթացի դիտարկում, իսրայելա-լիբանանյան հակամարտության գոտում խաղաղության և անվտանգության վերականգնում և այլն. իսրայելական բանակն այդ տարածքները զբաղեցրել էր 1978 թ. մարտի 14-21-ն ընկած ժամանակահատվածում: Հարավային Լիբանանից իսրայելական զորքերը դուրս բերվեցին միայն 2000 թ., մինչդեռ 2006 թ. հուլիս-օգոստոս ամիսներին բռնկված իսրայելա-լիբանանյան երկրորդ պատերազմը նոր հրամայականներ առաջադրեց նաև շրջանը հսկող խաղաղապահների համար՝ անհրաժեշտություն ստեղծելով ընդլայնելու խաղաղապահ ուժերի թվաքանակը (ներկայում մինչև 15 հազար) և գործառույթները: Արդեն ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ 2006թ. օգոստոսի 11-ի բանաձևի դրույթների համաձայն՝ խաղաղապահ առաքելությունը ներկայում նաև փորձում է կանխել լիբանանյան «Հըզբոլլահ» շիա արմատական կազմակերպության զինված ստորաբաժանումների և Իսրայելի միջև զինված բախումները, արգելափակել ահաբեկչական տարրերի գործունեությունն այդ տարածքներում:

-Վերջերս իտալական ստորաբաժանումների կազմում Լիբանան մեկնեցին նաև հայ խաղաղապահները: Ինչո՞վ է սա կարևորվում մեզ համար:

-Ինչ վերաբերում է հայ խաղաղապահների տեղակայման հարցում իմ տեսակետին, ապա, ըստ իս, դա միանշանակ դրական երևույթ է պետությունների միջազգային ընտանիքում աստիճանաբար իր տեղն ամրապնդող մեր երկրի համար: Նման առաքելություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով՝ ՀՀ-ը փաստում է աշխարհում խաղաղության և անվտանգության հաստատման գործում ոչ միայն իր սեփական կայուն դիրքորոշումը, այլև գործուն դերակատարությունը: Մյուս կողմից, թեկուզեւ փոքրաթիվ, բայց այնուամենայնիվ հայ խաղաղապահների ստորաբաժանման տեղակայումը Լիբանանում այդ երկրի համար նման ճակատագրական պատմափուլում նաև կարևոր հոգեբանական գործոն է լիբանանահայ ստվար համայնքի համար, որը երկրում առավել հաճախակի դարձած միջհամայնքային բախումների համատեքստում իր թիկունքում կզգա հայրենակից զինծառայողների շնչառությունը:

-Երեք տարի առաջ, երբ սկիզբ առավ սիրիական ճգնաժամը, միջազգային փորձագետները կանխատեսում էին, որ այդ իրադրությունն իր բացասական ազդեցությունը կունենա նաև Լիբանանի վրա: Համակարծի՞ք եք արդյոք այս մոտեցմանը, և որքանո՞վ է այն այսօր արդիական:

-Բնականաբար, համակարծիք եմ, քանի որ ինքս էլ բազմիցս նման տեսակետ եմ արտահայտել: Ըստ էության, Լիբանանը սիրիական ճգնաժամի հենց սկզբից ուղղակիորեն կրել է ներսիրիական գործընթացների ուղղակի ազդեցությունը. լիբանանա-սիրիական սահմանը վերածվել է տարանցիկ գոտու՝ Սիրիայի տարածք վարձկանների, սպառազինության տեղափոխման, ապա՝ նույն այդ վարձկանների պատսպարման համար, միջհամայնքային բախումներ, ահաբեկչական տարրերի ակտիվացում, ներքաղաքական խորը ճգնաժամ և այլն: Հատկապես վերջինի ազդեցությամբ՝ Լիբանանի ներկայիս վարչապետը 2013 թ. ապրիլից մոտ մեկ տարի շարունակ չէր կարողանում կառավարություն ձևավորել, այս տարվա մայիսից երկիրը նախագահ չունի, քանի որ քաղաքական ուժերն արդեն ավելի քան տասն անգամ ձախողել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը, երկրորդ անգամ երկարաձգվել է խորհրդարանի գործունեության ժամկետը, որը սպառվել էր դեռեւս 2013 թ.:

-Սիրիական ճգնաժամի սկզբից մինչ օրս միլիոնավոր փախստականներ ապաստան են գտել Լիբանանում: Կա՞ արդյոք լարվածություն՝ կապված այս խնդրի հետ:

-Պաշտոնական տվյալներով՝ փախստականների թիվը հայտարարվում է 1.1 մլն, մինչդեռ իրական ցուցանիշները շատ ավելի են: Այս հանգամանքը, անխոս, լրջագույն հետևանքներ ունի 10 հազար ք/կմ-ից մի փոքր ավելի տարածք և մոտ 5 մլն բնակչություն ունեցող երկրի համար: Սիրիացի փախստականների հետ կապված բազմաբնույթ խնդիրները այնպիսի ծավալներ են ընդունել, որ Լիբանանի իշխանություններն արդեն բացեիբաց բարձրաձայնում են փախստականների նոր հոսքեր ընդունելուց հրաժարվելու մասին:

-Ըստ ձեզ, մոտ ապագայում ի՞նչ ճակատագիր կարող է բաժին հասնել Լիբանանին «Իսլամական պետության» գործողությունների արդյունքում:

-Լիբանանի ճակատագիրն ուղիղ համեմատական է այն իրավիճակին, որն առկա է և սպառնում է այդ երկրի արևելյան և հյուսիսային հարևան Սիրիային, նաև Իրաքին, և որքան խորանա ճգնաժամն այդ երկրներում, այնքան դրա ազդեցությունն ավելի աղետաբեր կլինի Լիբանանի՝ բավականաչափ փխրուն իրավիճակի համար: Ինչ վերաբերում է «Իսլամական պետությունից» բխող սպառնալիքներին, ապա այս դեպքում դրանք ևս առավել ընդհանրական են: Կարելի է նշել, որ իսլամական ծայրահեղ արմատական տարրերը Լիբանանում առավելապես գործում են Սիրիայում «Ալ-Քաիդայի» ճյուղավորում հանդիսացող «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական կառույցի դրոշի ներքո:

Մի բան ակնհայտ է, ինչպես արդեն նշեցի, հատկապես հաշվի առնելով հարևան երկրում՝ Սիրիայում ակնկալվող զարգացումները, Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացները, կարելի է կանխատեսել, որ իրավիճակը Լիբանանում հազիվ թե կայունանա, առավել հավանական են հակառակ միտումները:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Տարածաշրջան


18/12/2014