Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ



Ձմեռ էր, ցուրտ: Հեռացել էր սահմանային գծից, խորացել թշնամու թիկունքը: Անհրաժեշտ տեղեկություններ հավաքելով` պատրաստվում էր հետ վերադառնալ: Ոտքերը թրջվել էին, ամբողջ մարմինը` սառել: Կեսգիշերն անց էր, երբ հասավ ռազմաճակատի գծին: Թշնամու բլինդաժից երևում էր վառարանի ծխնելույզը, ու հետախույզը որոշեց ներս մտնել, չորացնել թաց շորերն ու մի փոքր հանգստանալ:

Խաղաղ գիշեր էր: Անաղմուկ ներս մտավ ու առաջացավ դեպի արդեն հանգչող վառարանը: Փայտի մի քանի կտոր ավելացրեց, կրակը թեժացրեց ու սկսեց չորացնել թաց շորերը: Փայտե մահճակալներին խռմփացնում էին ադրբեջանցի զինվորները: Որոշ ժամանակ անց զգաց, որ ննջում է. «Քնով կընկնեմ, լույսը կբացվի ու, ավելորդ գլխացավանքի մեջ կընկնեմ»,- անցավ Յուրայի մտքով ու կամաց սկսեց հագնել ճտքավոր կոշիկները: Լուսադեմն արդեն մոտ էր, երբ նորից բացվեց բլինդաժի դուռը, և հետախույզը ձուլվեց մթությանը: Արդեն սահմանային մեր հատվածում հետախույզը զեկուցում էր իր սիրելի հրամանատարին` Ագոյին` Արկադի Կարապետյանին, իր բերած կարևոր տեղեկությունները: Սա պատերազմական մի դրվագ էր ազատամարտիկ-հետախույզ Յուրա Միքայելյանի կյանքից: Անցել են երկար ու ձիգ տարիներ, և Յուրա պապը բանակ է ճանապարհում իր անվանակից թոռանը: Թոռը, որը իր մանկության ու պատանեկության տարիներին շատ է լսել պապի պատմությունները` արդեն կայացրել է իր որոշումը. «Պա՛պ, ես հետախույզ եմ դառնալու»:

Եվ դարձավ… Վերջերս պապ ու թոռ նորից հանդիպեցին, և այս անգամ թոռն էր պապին ծանոթացնում հետախույզի մասնագիտական գաղտնիքներին` սահմանային իր ծառայության վայրում: Պապը ուշիուշով հետևում-ծանոթանում էր բոլոր «թաքստոցներին» և «գաղտնի ճանապարհներին», որոնք աննկատ հսկվում էին գիշերային ժամերին: Դա այն օրերին էր, երբ հակառակորդի դիվերսիոն խմբերը ստացան արժանի հակահարվածներ: Յուրա պապը ուրախ էր, հպարտ, որովհետև թոռան մասին նաև գովեստի խոսքեր ասացին հրամանատարները` գնդապետ Կ. Սերոբյանը, կապիտան Ս. Վիրաբյանը: Հետախուզական դասակի հրամանատարի տեղակալ, սերժանտ Յուրա Միքայելյանը պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով, զորամիավորման հրամանատարի կողմից արժանացել շնորհակալագրի:

-Ավարտելով ԵՊՀ տնտեսագիտական բաժինը, թոռս անվճար ընդունվեց գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրա, սակայն տարկետում ձևակերպեց և մեկնեց ծառայության,- պատմում է պապը:

Հետո լսելով սերժանտ Յուրա Միքայելյանի, կրտսեր սերժանտներ Հարություն Ֆահրադյանի, Շահեն Մանուկյանի, շարքային Վանուշ Գևորգյանի` հետախույզին բնորոշող մեկնություններն ու նրանց պատկերացումները հայրենիքի մասին, զորամաս հերթական այցելության մեկնած ՂՊՎ միության նախագահ Յուրա Միքայելյանը, մարտական ընկերները` Արագած Մկրտչյանը, Գարիկ Եղիազարյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Մարտին Մուրադյանը անանձնական հպարտություն ապրեցին:

Հրաժեշտին սերժանտ Յ. Միքայելյանը, դիմելով իր պապ Յուրա Միքայելյանին և նրա մարտական ընկերներին, ասաց.

-Հավատացեք, որ մենք չենք արատավորի մեր պապերի, ավագ եղբայրների, մեր զորամասի նահատակների սուրբ անունները: Կլինենք ձեր հայրենանվեր գործի արժանի շարունակողները: Երբ զորամասում մեր երդման արարողությունն էր, հիշում եմ, պապս ելույթ ունեցավ և այսպիսի խոսքեր ասաց. «Հայաստանը երկիր դրախտավայրն է, և դուք եք այսօրվանից դրախտի դռների պահապանները»: Եվ վստահ եղեք, որ ես ու իմ ընկերները պաշտպանելու ենք Հայաստան աշխարհի դարպասները…»:

Գ. ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #49 (1067) 18.12.2014 – 24.12.2014, Բանակ և հասարակություն


18/12/2014