ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ
Անտարակույս, միջավայրն իր ազդեցությունն է թողնում մարդու հոգեկերտվածքի, դաստիարակության, մտածողության ու համոզմունքների ձևավորման վրա: Մեր ազգային բանակի կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ զորամասերում հիմնականում արմատավորվել է ազգային-պետական մտածողությունը: Վստահ կարելի է պնդել, որ տասնութ-քսան տարեկան զինվորները մեր պատկերացրածից շատ ավելի հասուն են, կիրթ, չափված – ձևված: Եվ նրանք մեր հայրենիքի սահմանները պաշտպանում են վստահորեն, հարկ եղած դեպքում՝ անձնազոհորեն:
Երբ առաջնագծից վերադարձանք զորամաս, որոշեցի հանդիպել հետախուզական վաշտի զինծառայողներին, որոնց մասին լավ խոսքեր շատ էի լսել:
Ավագ սպա կապիտան Ն. Մնացականյանի ղեկավարությամբ վաշտի խմբերից երեքը ձեռնամարտի հնարքներ էին կատարելագործում: «Կռվում» էին գրեթե ինքնամոռաց, առանց իրար խնայելու:
-Ոչինչ, թող կոփվեն, պարապմունքը որքան իրական լինի, այնքան լավ,- ասաց կապիտանը:
Դադարի պահին նա ներկայացրեց զինվորներից շարքայիններ Գևորգ Տիգրանյանին, Արսեն Օհանջանյանին, Համլետ Գաբրիելյանին, Իշխան Գրիգորյանին, եֆրեյտոր Արգիշտի Գալոյանին:
-Մեր ուղղությամբ կրակոցներ, դիվերսիոն գործողությունների փորձեր շատ են լինում, հատկապես գիշերային ժամերին, այդ պատճառով էլ հաճախակի ենք ուժեղացնում պաշտպանությունը, մեկ անգամ չէ, որ այս տղաները, մարտի բռնվելով, հակառակորդին ստիպել են փախչել,- ասաց կապիտան Ն. Մնացականյանը:- Մի անգամ էլ նրանց դարանակալել և զգալի կորուստներ են պատճառել շարքայիններ Նելսոն Համզոյանը, Արթուր Առաքելյանը, Տիգրան Ավետիսյանը և Էրիկ Ամիրխանյանը: Արդեն հակառակորդի հետ բախումները դարձել են սովորական, դրանից մեր զինվորների փորձն է հարստանում, նրանք մարտական մկրտություն են ստանում, տեսնում են, թե թշնամին իրենից ինչ է ներկայացնում:
Կապիտանը շատ մեծ փորձ ունի: Նա 1992թ. տասնյոթ տարեկանից է մասնակցել պատերազմին, երկու անգամ վիրավորվել է, կրկին շարք վերադարձել, ու ամենևին էլ պատահականություն չէ, որ այժմ հետախույզների հետ է աշխատում:
-Թշնամին առաջնագծում դիպուկահարներ է պահում համապատասխան զենքերով, ինչո՞ւ ձեր զորամասն էլ նման զենքեր չի տանում առաջնագիծ,- հարցնում եմ նրան:
-Առանց այդ հատուկ զենքերի էլ մեր զինվորներն իրենց առաջադրանքներն ամբողջությամբ են կատարում: Ունեցել ենք և ունենք զինվորներ, որոնք սովորական ինքնաձիգով երկնքի թռչուններին էլ են խփում, պարզապես մեր հրամանատարությունը հարգում է առաջնագծում դիպուկահարներ չպահելու միջազգային կառույցների առաջարկ-պահանջներն ու բանակցություններում ձեռք բերած պայմանավորվածությունները: Այս պայմաններում մենք կրակելու, հակառակորդին կենդանի ուժի կորուստ պատճառելու խնդիր չենք դնում ու միայն պատասխան, պատժիչ գործողությունների ենք դիմում:
♦♦♦
Հետախույզների պարապմունքին հետևում էին հրաձգային վաշտի մի խումբ զինվորներ:
-Երեկ ենք մարտական հերթափոխը հանձնել ու զորամաս վերադարձել,- ասաց շարքային Սուրեն Խասանամյանը:- Սովորաբար հենց առաջնագծից վերադառնում ենք, հանձնում ենք զենքերը, ուսապարկերը և միանգամից գնում բաղնիք: Հետո հրամանատարի որոշմամբ մեկ կամ երկու օր հանգստանում, լիցքաթափվում ենք ու դրանից հետո նոր սկսում մարզվել ու պարապել: Մինչև հաջորդ հերթափոխ պարտադիր կրակային պատրաստության գործնական պարապմունքներ ենք անցկացնում: Մեր զորամասում բոլորն էլ ձգտում են միմյանցից հետ չմնալ, ինչպես պետք է՝ մասնակցել սահմանի պահպանությանը:
-Առաջ ինձ թվում էր, թե հիվանդ եմ, ու մարտական հերթապահության չէի գնում, բայց բժիշկները հետազոտեցին, ու պարզվեց, որ հիվանդ չեմ, ուղղակի հոգեբանական խնդիր ունեմ, դրանից հետո ինքս եմ ուզում, որ ինձ անպայման ներգրավեն մարտական հերթապահության մեջ, ես ինչու պիտի ընկերներիցս հետ մնամ,- մոտենալով ասաց զինվորներից մեկը:
Նա հենց այն զինվորն էր, որի մասին քիչ առաջ ինձ պատմում էր հոգեբան սպա մայոր Է. Աղասյանը:
Այո՛, այստեղ սահմանի պաշտպանությանը մասնակցելը պատասխանատվության և պատվի հարց է:
♦♦♦
Սեպտեմբերի երկուսին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կապիտան Հայկ Խալաթյանին պարգևատրեց «Արիության համար» մեդալով: Պաշտպանության բանակի սպան այդ պարգևին արժանացել էր այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին ադրբեջանական դիվերսիոն գործողությունների խափանմանը մասնակցելու, թշնամուն արժանի հակահարված հասցնելու ու կենդանի ուժի զգալի կորուստ պատճառելու համար:
-Հուլիսի 27-ին գրոհեցին իմ պաշտպանության ուղղությամբ, դա ոչ թե դիվերսիոն գործողություն էր, այլ հարձակում: Մենք հարձակման սպասում էինք և զբաղեցրել էինք կրակակետերը: Իրենք կարողացել էին մոտենալ և մտնել խրամատ: Բացահայտեցինք և դիմավորեցինք կրակահերթերով: Ճողոպրեցին՝ տալով երկու զոհ: Հաջորդ հարձակումը եղավ օգոստոսի երկուսին՝ գիշերվա ժամը երկուսին: Ինձ հետ էին զինվորներից Մասիսը, Համլետը, Էդմոնը, ևս երկու պայմանագրային: Ներթափանցումը նկատել էի և սպասում էի, որ մոտենան: Երբ պահը եկավ, դիմավորեցի գնդացրային կրակահերթով: Ձախողվելով՝ նրանք թաքնվեցին, բայց ես զգացի, որ կրակահերթը շատ արդյունավետ էր եղել: Հետո թողեցինք, որ իրենց զոհերին և վիրավորներին տանեն: Փորձագետների ճշտումներով՝ հակառակորդը տվել էր յոթ զոհ և տասնմեկ վիրավոր: Նրանց հաջորդ հարձակումը մեր և հարևան զորամասի պաշտպանության հատման կետում էր: Ես սպասում էի, թե որտեղից կարող են հարձակվել, և կրակի համար թիրախներ էի որոշել: Հարձակվեցին բավական մեծ խմբով. այս անգամ նրանց կանխեցինք նռնականետերով: Արձակեցինք կրակահերթ, և ամեն ինչ վերջացավ: Նահանջեցին` ռազմադաշտում թողնելով զոհեր, վիրավորներ, մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Նույնիսկ անհասկանալի է, թե ինչու էին այդքան շատ զինամթերք վերցրել, հավանաբար ծրագրերն ու ախորժակները անհամեմատ մեծ էին եղել:
Ահա այսպես ներկայացրեց հուլիս-օգոստոսյան տեղային մարտերը դրանց անմիջական մասնակիցը և վստահեցրեց, որ միշտ այսպես է լինելու, որովհետև պաշտպանության բանակի զինվորն իր տեղում է՝ աչալուրջ և զգոն:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ