ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ
1859թ. ռուսների կողմից Շամիլի պարտությունից հետո հազարավոր մուսուլման չերքեզներ (թուրքերի կողմից կովկասյան լեռնականների հավաքական անվանումն է) և նրանց ցեղակից ուբիխներ, ադիգեներ, շապսուղներ, նատկուաջիներ, մոշոշներ, թեմիրգոներ, կաբարդիններ, բշեդուխաներ, լեզգիներ, չեչեններ, ինգուշներ, օսեր և այլք Կովկասից գաղթեցին Անատոլիա և Սիրիա… Նրանց թիվը Թուրքիայում, ըստ Ֆ. Լուշանի, 20-րդ դարի սկզբներին հասել էր 1 միլիոնի (տես` Ф. Ф. Лушан ‘’Народы, расы, языки, Ленинград, 1925г. стр. 62-65), իսկ ըստ ռուսական պաշտոնական վիճակագրության, ինչպես վկայակոչում է Դ. Ն. Երեմեևը (տես` Դ. Ն. Երեմեև «Թուրքերի ծագումը», էջ 225), XIX դ. երկրորդ կեսին Թուրքիա են գաղթել մինչև 1,8 մլն. չերքեզներ, որոնցից մեծ թվով զոհեր եղան վերաբնակեցման ծանր ու անսովոր պայմանների պատճառով, և 1875-1876թթ. մնացել էին մոտ 1 միլիոն, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 400 հազար մարդ: Իսկ այժմ, ինչպես տեսնում ենք Wikipedia-ում, Թուրքիայի չերքեզների թիվը կազմում է 6,5 միլիոն (որոշ տվյալներ կան 7 միլիոնի կամ Թուրքիայի բնակչության 10%-ի մասին):
Գերմանացի նշանավոր անթրոպոլոգ Ֆ. Լուշանին շատ է հետաքրքրել չերքեզների անթրոպոլոգիան, նրանց ծագումը: Ֆ. Լուշանը գտնում է, որ իրենից առաջ կովկասյան լեռնականների մասին լավ ուսումնասիրություն է կատարել ազգությամբ գերմանացի, բայց ռուսական ծառայության գեներալ Ֆ. Էրկերտը` իր 18 հատորանոց «Անթրոպոլոգիական արխիվ»-ում: Ֆ. Էրկերտը կովկասյան այդ ցեղերի մարդկանց ուսումնասիրության ժամանակ նրանց մարդաբանական տիպը համարում է «հրեական», որին իր անհամաձայնությունն է հայտնում Ֆ. Ֆ. Լուշանը: Նա դեմ է արտահայտվում նաև հանրահայտ գրականության մեջ եղած այն տեսություններին, ըստ որոնց՝ ևս կովկասյան ժողովուրդների տիպը «հրեական» է համարվում: Նրանցից ոմանք գտնում են, որ Դաղստան կատարված արաբական արշավանքների հետևանքով է այդ տիպը տարածվել Կովկասում: Իսկ ըստ ոմանց էլ` «լեռնային հրեաների» միջոցով է այդ տիպը առաջացել:
Նա, ընդդիմանալով կովկասյան ժողովուրդների «հրեական ծագման» տեսություններին, գրում է, որ նախասկզբնական շրջանում Կովկասի զգալի մասը բնակեցվել է հայ քրիստոնյաներով, որոնք միայն XVI հարյուրամյակում (1570թ. սկսած) ստիպողաբար իսլամին են անցել: Այժմ նրանց սերունդներն են, որ դարձել են ամենախանդոտ մուսուլմաններ և աչքի են ընկնում որպես իսլամի «առյուծներ»: Նրանք, տեղափոխվելով Սիրիա և Անատոլիա, հանդիպեցին հարազատ ռասայի բնակչության, որոնց անվանում ենք Արմենոիդներ կամ արմենոիդական, որոնցից նաև սկիզբ են առնում ժամանակակից հրեաների մեծ մասը: Այս կապակցությամբ հետաքրքիր է Ֆ. Լուշանի վերոհիշյալ գրքի 57-րդ էջը, որտեղ կարդում ենք. «Հրեաները մարմնական տեսանկյունից (соматически) պատկանում են առաջավոր ասիացիներին, այլ ոչ թե սեմիտներին: Նրանք հայերի մերձավոր ազգակիցներն են, մի ժողովրդի, որը խոսում է արիական լեզվով` այդ բառի ամենանեղ իմաստով…»:
Հայերի` Կովկաս շարժվելու մասին Պարիս Հերունին (տես` Պ. Հերունի, «Հայերը և հնագույն Հայաստանը», Երևան, 2006թ. էջ 213), «Հայերը Կովկասում և Սև ծովի ափերին» բաժնում գրում է. «Մինչև մեծ ջրհեղեղը հայերը Մեծ Հայքի կենտրոնից տարածվել էին դեպի հյուսիս և ապրում էին Վիրքում, Կոլխիդայում, Հյուսիսային Կովկասում և Սև ծովի ափերին»:
Ինչպես տեսնում ենք, այս գաղթն ավելի շատ վաղ անցյալում է տեղի ունեցել, քան Ֆ. Լուշանի նկարագրած ժամանակաշրջանինը…
Այս փաստը խոսում է այն մասին, որ քրիստոնյա հայերը Կովկաս գաղթելով` հանդիպել են իրենցից նվազագույնը 11-12 000 տարի առաջ այնտեղ տեղափոխված իրենց հայ ցեղակիցներին (Մեծ ջրհեղեղը, ըստ Պ. Հերունու, տեղի է ունեցել մ.թ.ա. 10 հազարամյակ առաջ):
Թերևս, զարմանալիորեն պարզվում է, որ հայերիս գենետիկորեն ամենամոտ ժողովուրդը չեչեններն են…
Կովկասյան այս ժողովրդի ծագումնաբանությամբ հետաքրքրվող գիտնականները եկել են այն եզրակացության, որ նրանք սերում են հայերից: (Տես` А. Ф. Назарова, В. О. Асланишвили, С. М. Алхутов. ’’Генетика и антропология народов Кавказа и проблема происхождения европеоидиков’’. Резюме):
Նրանք գտնում են, որ կովկասյան բնակչությունը գենետիկորեն, մարդաբանական հատկանիշներով ծագում է հնագույն եվրոպոիդ առանձնյակներից, որոնք գաղթել էին Առաջավոր Ասիայի ընդարձակ տարածությունները…
Ըստ նրանց, հայերի և չեչենների ծագումնաբանության նույնությունները այժմ բացատրելի է, քանի որ արդեն հայտնի է խուրիտա-ուրարտական և վայնախական (նախական) լեզվական ընտանիքների ընդհանրության մասին… Հայերը Առաջավոր Ասիայի եվրոպոիդների հետնորդներն են, որ հնում ապրել են արդի Հայաստանի տարածաշրջանում, որտեղ եղել է «Ուրարտու» պետությունը…
Չեչեններն իրենց հնագույն պատմությունը կապում են խեթերի, խուրիտների, ուրարտացիների հետ:
Իսկ Ն. Կ. Մառը Վրաստանի լեռնականների` խևսուրների, փշավների մեջ տեսնում է վրացիացած չեչենական ցեղերին: Ի դեպ, եթե չեմ սխալվում, իմ կարծիքով, չեչենական ծագում ունեն նաև դուշեթցիները (թուշերը):
Ըստ հայտնի պատմաբան Ս. Ջամարզաևի, ինչպես գրում է Խ. Ումխաևը, ժամանակակից նախերի (չեչենների) և Կովկասի մյուս բնիկ էթնոսների (վրացիներ, աբխազա-ադիգներ, ավարներ, լակեր, դարգիններ, լեզգիներ և այլք) նախնիները նեոլիթի ժամանակներից մինչև մ. թ. ա. II հազարամյակի կեսերը զբաղեցրել են ողջ Կովկասը, Առաջավոր Ասիան, ի դեմս խուրիտական ցեղերի (կամ գենետիկորեն նրանց ցեղակից ժողովրդի) կազմել են մեկ էթնոմշակութային, լեզվական ընդհանրություն:
Այս կապակցությամբ Գ. Մելիքաշվիլին գրում է, որ հնում Ադիգեյա- չեչենալեզգիական ցեղերը տարածված էին ոչ միայն Կովկասյան գլխավոր լեռնաշղթայից դեպի հյուսիս, այլև նրանից հարավ` Անդրկովկասում և ավելի հարավ (ինչ դժվար է «Հայկական լեռնաշխարհ» ասելը… Ս. Ա.): «Անդրկովկասից հարավ մենք հանդիպում ենք մի շարք անվանումների, որոնք ապշեցուցիչ մոտիկություն (նմանություն) ունեն ավելի ուշ վկայված ադիգեյա-չեչենա-լեզգիական միջավայրի անվանումներին»,- գրում է Գ. Մելիքաշվիլին:
ԱՐՏՅՈՒՇ ՍԱՆՈՍՅԱՆ
պատմական գիտ. թեկնածու