«ԲԺՇԿԻ ԿՅԱՆՔՆ ԱՆՎԵՐՋ ԿՌԻՎ Է ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ…»
Հարցազրույց բժիշկ-ազատամարտիկ, «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Տարոն Տոնոյանի հետ
Հերթական շտապ վիրահատությունից հետո նա հոգնաբեկ վերադարձավ աշխատասենյակ` շարունակելու մեր ընդհատված զրույցը:
-Լա՛վ է, վիրահատությունը հաջող անցավ, հիվանդը կապրի,-հետո խորհեց,-բժշկի կյանքն անվերջ կռիվ է կյանքի համար,-շեշտեց,-մարդու՛ կյանքի համար,-ապա հանդարտվեց,-լավ, թողնենք փիլիսոփայելը, ինչի՞ց սկսենք: Անցյալը փորփրել չեմ սիրում, բայց ձեզնից` լրագրողներիցդ, ազատվել կլինի՞…Ինչի՞ց սկսենք…
-Ավելի ճիշտ` որտեղի՞ց: Իհարկե, բժիշկ, սկսենք Ձեր ակունքներից:
-Իմ նախնյաց արմատները Էրգրում են, Սասնո Գելիգուզան հայտնի շենից: Արմենակ պապս եղեռնից մազապուրծ` այնտեղից է գաղթել: Նրա աչքի առջև հորը թուրքերը դաժանորեն սպանել են, ինքը փրկվել է: Պապիս հոր անունը Տոնե է եղել: Հետագայում Արմենակ պապս իր երեք որդիներին գրել է իր հոր անունով` Տոնոյան, որպեսզի չկորչի իր հոր անունը, իսկ մյուս երեք տղաները շարունակել են մեր տոհմիկ ազգանունը` Սահակյան: Արմենակ պապիցս, որին գյուղացիները կրճատ Մինո էին ասում, իսկ մենք` Բաբո, հիշատակ մի լուսանկար էր մնացել: Ընդհանրապես, սասունցիները սիրում են անունները կրճատել` հիմնականում շեշտը դնելով անվան բաղաձայների վրա` Գրբոն Գաբրիելն է, Ըռքոն` Առաքելը, Գրգոն` Գրիգորը… Ինձ թվում է` Սասնա լեռներում այդ կրճատ անունների արձագանքը ավելի լսելի էր մերոնց համար, իսկ թշնամիներին վախ էր ներշնչում…
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը այդ նկարով պապիս քանդակեց Լեռնարոտի իր տան մուտքին, թանկ հիշատակ է: Խոստովանեմ, Արմենակ-Մինո պապիս կերպարը ինձ շատ է ոգեշնչել: Ի դեպ, պապս իր ժամանակին նաև բարերարություններ է արել: Հիմա բարերարները մի եկեղեցի են կառուցում, չեն մոռանում իրենց անունը փորագրելով «հավերժացնել»: Երբ մեր հիվանդանոցում մատուռ կառուցեցինք, շինարարն ասաց` ի՞նչ գրենք: Ասացի` ոչ մի բան: Կարևորը գործն է, կյանքում բարի հետք թողնելը: Առիթը եղել է, ծնողներիս էլ երախտագիտությամբ հիշատակեմ: Արտաշես հայրս ողջ կյանքում շինարար է եղել, մայրս` Ալվարդը, բուժքույր: Երեք եղբայր ենք. մեծ եղբայրս` Սասունը, գործարարությամբ է զբաղվում, փոքր եղբայրս` Արտակը, գնդի հրամանատար է: Ինքս էլ, կարելի է ասել, բազմազավակ հայր եմ` ունեմ երկու աղջիկ և երկու տղա: Աղջիկներս բուհում են սովորում, տղաներս դեռ դպրոցական են: Այսքանը բավական չէ՞ իմ ակունքների և ճյուղերի մասին:
-Բժի՛շկ, Ձեր հրաշագործ (թույլ տվեք այդ բառն օգտագործել) ձեռքերի մասին հիվանդները երախտագիտության ջերմ խոսքեր ասացին: Իսկ նրանք գիտե՞ն, որ Դուք Արցախյան հերոսամարտի մասնակից եք` սկզբում որպես ազատամարտիկ, իսկ հետո` վիրաբույժ, որ տասնյակ վիրավորների կյանք է փրկել:
-Հիմա այդ ամենը պատմություն է: Արցախը վտանգի մեջ էր, և մեզնից յուրաքանչյուրն իր չափով պետք է մասնակցեր նրա ազատագրմանը: Ես էլ հազարավորներից մեկն էի: Ծնվել եմ Պռոշյանում: Ավարտում էի բժշկական ինստիտուտը, երբ սկսվեց Արցախյան շարժումը: 1990թ.-ի հունվարին «Սասունցիներ» ջոկատով, Աֆոյի (քիմիական գիտությունների թեկնածու Ալֆրեդ Ներսիսյան) հրամանատարությամբ մեկնեցինք Մեղրի, իսկ ամիսներ անց արդեն մասնակցեցինք մարտական գործողություններին Ղարաբաղի մի շարք թեժ կետերում: Բժշկի իմ մասնագիտությունը «հիշեցրին», երբ անհրաժեշտ եղավ շտապ վիրահատել ծանր վիրավորված մեր զինակիցներից մեկին: Այնուհետև արդեն ստիպված էի ավտոմատը փոխարինել վիրաբուժական գործիքներով… Այդպես մինչև պատերազմի հաղթական ավարտը. ընդհանրապես, իմ բժիշկ ընկերները նույնպես մեծ ավանդ ունեն հաղթանակի գործում, քանի՜- քանի՜ զինվորների կյանք նրանք փրկեցին:
-Գուցե հիշատակե՞ք նրանցից մի քանիսին…
-Գևորգ Գրիգորյանին ինչպե՞ս չհիշատակեմ. Գետաշենում վիրավորվել էր, գերի ընկել, բայց հաջողվել էր փախչել ու նորից շարք վերադառնալ, բարդ վիրահատություններ կատարել: Ասում էր` հինգ երեխա ունեմ, հաղթենք` տուն վերադառնամ, տիրություն անեմ: Վերադարձավ: Հիմա Մասիսի հիվանդանոցում է աշխատում: Գիրք է գրել Արցախյան կռիվների մասին: Մասնակցել է «Կիլիկիա» նավով ճանապարհորդությանը: Թոքային վիրաբույժ Սամվել Ամատունուն ինչպե՞ս չհիշատակեմ: Այդպես էլի քանի՜-քանի՜ ազատամարտիկ-բժիշկների, անեստեզիոլոգ Սուրենին, միկրովիրաբույժ Արարատին, Թորոսին, Ղազարոս Ամիրյանին, Սարգիս Գաբրիելյանին, Վահե Բաղդասարյանին` մեր Վահեին, Կաքավաձոր գյուղից էր: Հայրը մահացել էր, մայրն էր ու եղբայրը, որ շատ համեստ է: Մայրը ուսուցչուհի էր: Սկզբում, երբ Վահեին ասում էինք, որ բուժսարքավորումները, դեղերը վերցնի` նեղանում էր, ձեռքը մեկնում էր ավտոմատին` նախ ազատամարտիկ, հետո նոր բժիշկ. այսպես էր մտածում մեր Վահեն: Ինչ նվիրյալ էր, ինչ բժիշկ-ազատամարտիկ, ափսոս, մոռացվում են Վահեի նման տղաները: 20 տարեկան էր Վահեն, սակայն մեկ ու կես տարում նա դարձավ 40-ից 50 տարեկան հասուն այր: Այսպես էր պատերազմը:
-Իսկ հաճա՞խ եք միմյանց հանդիպում:
-Մենք մի գեղեցիկ ավանդույթ ունենք. ամեն Նոր տարուց առաջ հավաքվում ենք Երևանում, մի սեղանի շուրջ, հիշում անցած ժամանակները, ուրախ և տխուր դիպվածները, հարգում զոհվածների հիշատակը, խմում հաղթանակի ու հաղթողների կենացը: Իմ հրամանատարներ Աֆոյի, Ժիրայր Սեֆիլյանի, Արթուր Աղաբեկյանի կենացը: Հիմնականում այստեղ` «Երևան»-ում ենք հանդիպում, որտեղ աշխատանքի անցա 1996թ.-ին ու մինչև հիմա այստեղ եմ` արդեն շուրջ 20 տարի:
-Ես գիտեմ, որ Ձեր ղեկավարած կենտրոնում պարբերաբար ազատամարտիկների բուժօգնության օրեր եք կազմակերպում:
-Այդպես է, 2009 թվականից ամեն տարի՝ մայիս ամսին, թեև մեր դռները բաց են նաև մյուս օրերին: Ամեն տարի ավելի քան 600 ազատամարտիկի բուժօգնություն ենք ցուցաբերել: Դա մեր սուրբ պարտքն է: Չեմ ուզում առանձնացնել որևէ մեկին, բայց ուզում եմ գովեստի խոսքեր ասել մեր ողջ անձնակազմի, մեր կենտրոնի բոլոր բժիշկների հասցեին: Ազատամարտիկներին պետք է հոգածությամբ շրջապատել: Նրանք են հաղթանակը կոփել, բայց, չէի ասի, թե նրանք արժանի ուշադրության կենտրոնում են: Իսկ պատերազմը դեռ չի ավարտվել…
-Ասացիք, որ Ձեր ազատամարտիկ ընկերը` Գևորգը, գիրք է գրել: Մի տարօրինակ հարց. Ձեզ գրքի բարեկամ համարու՞մ եք… Խոսքը ոչ մասնագիտական, այլ գեղարվեստական գրականության մասին է:
-Ինչու՞ տարօրինակ… միշտ էլ, մանկությունից ի վեր, ժամանակ գտել եմ ընթերցանության համար: Իմ սեղանի գրքերից են նշանավոր սասունցի հայրենակցիս` Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», «Խոդեդանը», Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն», «Մարութա սարի ամպերը», մյուս ճանաչված հայրենակցիս` Վրեժ Իսրայելյանի գրքերը: Եվ ոչ միայն նրանց… Սիրելի գրքերը շատ են: Ուրիշ հետաքրքրություններ էլ ունենք` արվեստ, գրականություն, մշակույթ: Շատ եմ սիրում ամեն առավոտ ունկնդրել «Մեր մեծերի ձայնը»` Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ, Համո Սահյան… Հանրային ռադիոյով հենց այդպիսի հաղորդում կա… միշտ լսում եմ…
Պատերազմական տարիներից ուզում եմ հիշել իմ դասարանցի Մնացական Բաղդասարյանին, որը դպրոցում չէր փայլում իր առաջադիմությամբ, գուցե ընդամենը լսել էր, թե ով է Գևորգ Չաուշը, Անդրանիկը, Արաբոն, Վարդան Մամիկոնյանը: Հիմա այլ կերպ եմ մտածում` գիտեր, չգիտեր, և առհասարակ` ի՞նչ է հայրենասիրությունը: Մնացականը զինվորագրվել էր մահապարտներին: Ֆիզուլիում ես հանդիպեցի նրան: Ավա՜ղ, նա էլ զոհվեց Մարտակերտում: Ու ես հաճախ եմ խորհում` ի՞նչ է հայրենասիրությունը: Ասում են, որ Մոնթեն մինչև Լիբանան գալը հայերեն չգիտեր:
Եվ հետո նա դարձավ մեր լեգենդներից, մեր ազգային հերոսը: Ի վերջո, որտե՞ղ է հայրենասիրության գաղտնիքը: Միգուցե այն փոխանցվում է գենետիկ հիշողությա՞մբ: Ճիշտ է, սակայն ժամանակին է բացահայտվում այդ «գենետիկ հիշողություն» կոչվող հիվանդությունը: Այնպես որ, պետք չէ բողոքել ներկա երիտասարդ սերնդից, առավել ևս սահմանային վերջին դեպքերը հենց դա են հաստատում…
-Եղավ պատերազմ և հաղթական ավարտ, բժիշկ-ազատամարտիկը վերադարձավ պատերազմից:
-Պատերազմից հետո եկել եմ, «մոռացել եմ» կռիվը ու ամեն ինչ սկսել եմ նորից: Աշխատանքի եմ անցել հենց այս հիվանդանոցում (1996 թ.): Տարիների ընթացքում քայլ առ քայլ առաջացել եմ: Համբերությունը նույնպես արժանիք է, որը աստիճանաբար մարդուն հասցնում է իր նպատակին: Ի վերջո, չպետք է մոռանանք, որ բժշկի կյանքը անվերջ կռիվ է մարդու կյանքի համար: Պատերազմն էլ է այդպես` հրամանատարի խղճին, նրա հոգում միշտ կռիվ է իր զինվորի կյանքի, նրա ապրելու համար: Նա ամեն մի մարտից հետո, տուն վերադարձին պիտի կարողանա նայել իր զինվորների մայրերի, քույրերի, երեխաների աչքերի մեջ: Իմ հրամանատար Աֆոն` Ալֆրեդ Ներսիսյանը, այդ առումով յուրահատուկ մարտիկ էր, գիտնական-ֆիդայի: Իր անունի ու փառքի համար նա չէր ուզում, որ մեկնումեկի մատը փուշ մտնի: Հասկանալով անգամ, որ պատերազմ է, և պետք է նաև զոհեր լինեն հանուն հայրենիքի, նա ոչ մի անգամ չշտապեց հաղթանակի հասնել րոպե առաջ` խնայելով այդ պահերին ևս մի զինվորի կյանք: Դա գիտնական-սասունցու հաշվարկ էր, զարմանալի, տարօրինակ շատերի համար, որովհետև սասունցիներից կազմված ջոկատի ամեն մի անդամ այնքան դյուրաբորբ էր, այնքան էր շտապում շուտ հանդիպել իր թշնամուն, իր պապերի վրեժը լուծել, որ դա նաև հակառակ, անհաշվենկատ քայլերի կարող էր տանել, և հրամանատար Աֆոն մեկ էլ որոտում էր` Յարխուշտա… Ու այսպես կարող էր մեկ էլ պարի թունդ պահին լսվեր Աֆոյի մյուս հրամանը` Ի զե՛ն… Եվ ֆիդայիներով նետվում էինք մարտի` ճիշտ ժամանակին և վճռական պահին: Այսպես էր մեր հրամանատար Աֆոն, որի մասին դեռ շատ պիտի գրվի և խոսվի: Նա մեր ապրող կենդանի լեգենդներից է: Այնպես որ, բոլոր նրանք, որոնց տրված է պահպանելու մարդկային կյանքը` պիտի կարողանան աստվածային այդ պարգևը պաշտպանել…
Բժիշկ-ազատամարտիկ, բժիշկ-գիտնական, բժշկական գործի հիանալի կազմակերպիչ Տարոն Տոնոյանի հետ մեր զրույցը դեռ կշարունակվեր, եթե հերթապահ բուժքույրը ներս չմտներ և չհայտներ, որ նոր հիվանդ են բերել` ծանր վիճակում:
-Կներե՛ք, մի ուրիշ անգամ զրույցը կշարունակենք,- «ցտեսություն» ասաց և արագ դուրս եկավ աշխատասենյակից:
Բժիշկը գնաց շարունակելու իր անվերջ կռիվը մարդու կյանքի համար:
Վարդգես ԽԱՆՈՅԱՆ
Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ