ՁԳՏԵԼՈՒ ԵՆՔ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ
Փոխգնդապետ Սամվել Պողոսյանի հրամանատարությամբ մարտական առաջադրանք կատարող զորամասը 2014 թվականին Գլխավոր ռազմական տեսչության կողմից ստուգման ենթարկվեց երկրորդ անգամ, ինչը զինված ուժերում հազվադեպ երեւույթ է…
«Հայ զինվորի» հարցերին պատասխանում է զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Կ. Սարգսյանը:
-Պարոն փոխգնդապետ, ինչո՞վ կբացատրեք Գլխավոր ռազմական տեսչության՝ զորամասը երկրորդ անգամ անակնկալ ստուգման ենթարկելու փաստը, ինչո՞վ կբացատրեք այդ «առանձնահատուկ ուշադրությունը»:
-Որևէ առանձնահատուկ բան չկա, պարզապես մենք առաջին ստուգման ժամանակ` հունիսին, «անբավարար» գնահատական ստացանք, ինչը մեզ համար շատ տհաճ էր: Անակնկալ էր, բայց փաստ: Մեզ քննությունը «վերահանձնելու» հնարավորություն տրվեց, և մենք բաց չթողեցինք այն: Դրանից հետո մեզ հատկացված ողջ ժամանակահատվածում մենք ամեն ինչ արեցինք, որ բացահայտված թերությունները վերացնենք: Ի դեպ, երկրորդ ստուգայցն էլ մեզ համար անակնկալ կատարվեց, խոսքը ժամանակի մասին է: Երկրորդ հնարավորությունը բաց չթողեցինք և գնահատվեցինք «բավարար»: Այս գնահատականը, սակայն, մեր հնարավորությունների սահմանը չէ. մենք արժանի ենք ավելի բարձր գնահատականի և առաջիկայում ապացուցելու ենք: Վերադառնալով Գլխավոր ռազմական տեսչության երկրորդ ստուգայցին՝ ասեմ, որ զորամասը նշված ժամկետում բերվեց մարտական պատրաստության բարձր աստիճանի, բոլոր ստորաբաժանումները դուրս բերվեցին կենտրոնացման շրջաններ, սահմանված ժամկետում զինկոմիսարիատների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ կատարվեց համալրում, բացվեցին անձնակազմի ընդունման կետեր: Տրված ժամանակահատվածում համալրումն ավարտեցինք ամբողջությամբ: Այնուհետև ստորաբաժանումներն իրենց մարտական կիրառման շրջաններից իջեցվեցին մշտական տեղակայման վայրեր, որտեղ էլ, համաձայն հաստատված պլանի և դասացուցակի, ստորաբաժանումներից ընդունվեցին քննություններ հրամանատարական, մարտավարամասնագիտական, շարային, կրակային, ֆիզիկական պատրաստություն և այլ առարկաներից:
– Կարծում եմ՝ ցանկացած դրական գնահատականի համար պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, թե տվյալ զորամասում ինչպիսի՞ն է կարգապահության վիճակը:
-Կարգապահությունը մեր զորամասում բարձր և ամուր հիմքերի վրա է: Բանակ թափանցել փորձող փողոցային հոռի բարքերի դեմ տարել և շարունակում ենք տանել անողոք պայքար: Այս հարցում զգալի, ես կասեի՝ մեծ առաջընթաց կա: Դեպքերի, պատահարների թիվը խիստ նվազել է: Չունենք զորամասն ինքնակամ լքած զինվոր, չեմ էլ հիշում, թե երբ ենք ունեցել վերջին անգամ:
-Ստուգման արդյունքում հատկապես ո՞ր ստորաբաժանումներն աչքի ընկան, որո՞նց Դուք կառանձնացնեիք:
-Իրենց լավագույն կողմերով դրսևորեցին մայոր Դավիթ Տռուզյանի, մայոր Վահան Սարգսյանի ստորաբաժանումները: Լավ և գերազանց գնահատականներ ստացավ կապի վաշտը, ինչպես նաեւ լավ արդյունքներ ցուցաբերեցին մի շարք ստորաբաժանումներ:
-Գաղտնիք չէ, որ զորամասը նաև մարտական առաջադրանք է կատարում: Այս առումով՝ ինչպիսի՞ն է իրավիճակը:
-Զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում բավականին մեծ ճակատով, անչափ բարդ տեղանքային և կլիմայական պայմաններում: Ապահովումը գերազանց է, անձնակազմն էլ պատրաստ է ցանկացած առաջադրանքի կատարմանը:
-Ի՞նչ կասեք ձմեռային ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքների մասին:
-Թևակոխել ենք ձմեռային նախապատրաստական փուլի վերջին շրջանը: Բոլոր փաստաթղթերը, հրամանները, ուսումնական բազան թարմացվում են, սպառազինությունը, ռազմական տեխնիկան նախապատրաստում ենք, անցկացնում ենք պարապմունքներ ցածր և միջին օղակների հրամանատարների հետ, պահակապետերի հավաքներ ենք անցկացնում, ուսուցանում, դասավանդում` նախապատրաստելով ծառայության: Եթե կան սպաներ, որ ընդգրկված չեն եղել պահակային ծառայության մեջ, հետները պարապմունքներ ենք անցկացնում, քննություններ ընդունում, գնահատում, որից հետո լավագույններին ընդգրկում ենք պահակային ծառայության մեջ: Տարաբնույթ հավաքներ ենք անցկացնում տարբեր տեսակի մասնագիտություն ունեցող զինծառայողների հետ: Մինչև ձմեռային փուլի մեկնարկը նաև շարային ստուգատես ենք անցկացնում, համոզվելու, որ անձնակազմը ամբողջովին պատրաստ է ձմեռային փուլին, որն էլ սկսում ենք հատուկ միտինգով:
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր