ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հայկական Գևորգյան մարտարվեստի շարժումներն ու հնարքները հայոց տառերի տեսքով են. շարժում` ինչպես որ հայոց գիրն է, միտք` ինչպես խաղաղասեր մեր քրիստոնյա հավատքը և էություն` ինչպես հայի հոգեկերտվածքը: Սա հայկական մարտարվեստի առանցքն է, և մեր ազգային մարտարվեստը արդեն մեր երկրի սահմաններից դուրս է գալիս, ճանաչում ստանում:
Հայկական մարտարվեստը ուսուցանվում է «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնում, որի հիմնադիրը ազատամարտիկ, հայկական մարտարվեստի ուսուցիչ Գևորգ Գևորգյանն է: Երկու տասնամյակ ուսումնասիրելով աշխարհի մարտարվեստների փորձը, նա ստեղծեց մարտարվեստի հայկական տեսակը, որում, բացի մարտարվեստի հնարքներից ու շարժումներից, նաև մտքի արագությունը, ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունն ու մարտիկին բնորոշ խաղաղասիրությունն է: Հայկական Գևորգյան մարտարվեստի համբավը հայտնի է նաև ՀՀ սահմաններից դուրս (Չեխիա, Խորվաթիա, Բելառուս, Ռումինիա, Ուկրաինա, Մոլդովա, Նորվեգիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Վրաստան, Չինաստան, ԱՄՆ, Վիետնամ, Էստոնիա, Գերմանիա, Լեհաստան):
-Հայկական մարտարվեստը մարտ վարելու հայկական արվեստն է: Չէր կարող Տիգրան Մեծ ունեցած ժողովուրդը, բազմաթիվ պատերազմների միջով անցած ժողովուրդը, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը չունենար բարձրակարգ մարտարվեստ: Կարծում եմ, որ արժե աշխարհին ներկայացնել մեր ազգային մարտարվեստը,- ասում է Գևորգ Գևորգյանը:- Մինչ օրս Գևորգյան մարտարվեստի դպրոց են եկել շուրջ յոթ տասնյակ օտարերկրացիներ, բայց հերթական այցը առանձնահատուկ էր նրանով, որ ամբողջ ընտանիքով են Հայաստան եկել` հայկական մարտարվեստը սովորելու նպատակով:
Լեվ Կազակովը իր էստոնացի կնոջ՝ Պիրետ Հառի և զավակների՝ Մարկի և Թինայի հետ Հայաստան են ժամանել Ուկրաինայից:
Լեվ – Տասը օր է` այստեղ ենք: Մինչ Հայաստան գալը, մենք եղել ենք Տիբեթում, Ուկրաինայում զբաղվել ենք յոգայով: Համացանցում գտանք Գևորգյան մարտարվեստի դպրոցի մասին հոլովակներ, դրանք մեզ դուր եկան, հետաքրքրեցին: Այնուհետև կապ հաստատեցինք Գ. Գևորգյանի հետ և եկանք Հայաստան: Վարժությունները, որոնք սկզբում կատարում էինք, մարտարվեստի ոճի մեջ չէին, դրանք ավելի շուտ մարմնամարզությանը բնորոշ տարրեր էին: Թեև ցանկություն ունեինք ծանոթանալու նաև մարտական վարժաձևերին: Գործողությունների ընդհանուր համակարգը շատ հետաքրքիր է, և այն տարբեր տարիքի մարդկանց համար է: Չնայած համացանցի միջոցով արդեն որոշակի պատկերացում ունեինք մարտարվեստի դպրոցի մասին, սակայն այստեղ մենք տեսանք ու սովորեցինք ավելին, ավելի խորացված մակարդակով: Վարժությունները ոչ այնքան ֆիզիկական են, որքան հոգեկան համակարգն ամրապնդող: Դպրոցում ստեղծված են մարզվելու բոլոր պայմանները: Մենք շատ գոհ ենք:
Պիրետ – Այստեղ յուրաքանչյուրը գտնում է իրենը, մեկը ֆիզիկապես է մարզվում, մյուսը՝ հոգեպես: Մենք հասկացանք, որ մարզումներին մեր երեխաները կարող են մասնակցել այնպես, ինչպես և մենք: Ինձ թվում է, որ մարզումներն ինձ տալիս են ներքին ուժ, հանգստություն և ինքնավստահություն: Հասկացա, որ եթե երկար մարզվես, ապա կհասնես այդ ամենին:
Լեվ – Ծանոթանալով պրն. Գևորգյանի մարտարվեստի ոճին, կարծում եմ, որ այն պետք է ուսուցանվի ու հասանելի լինի նաև բանակում, քանի որ այդ տեխնիկայի յուրացումը անհրաժեշտ կլինի զինծառայողներին:
Ինչպես հայտնեցին մեր հյուրերը, թեև առաջին անգամ են Հայաստանում, սակայն վստահ են, որ վերջինը չի լինելու:
-Այս օրերին հասցրել ենք տեսնել միայն գիշերային Երևանը, երբ պարապմունքներից հետո զբոսնում ենք քաղաքում: Հաջորդ անգամ, երբ գանք, նախատեսել ենք շրջել Հայաստանով,- զրույցի ավարտին հայտնեցին ամուսինները:
Նանե ՍԻՄՈՆՅԱՆ
Խորագիր՝ #03 (1072) 29.01.2015 – 4.02.2015, Բանակ և հասարակություն