ԹՈՒՐՔԻԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՆԿ ԿՈՒՆԵՆԱ
Թուրքիան ստեղծել է Altay մարտական հիմնական տանկի նախատիպը: Երկրի պաշտպանության նախարարի խոսքով այն հասարակությանը կներկայացվի մայիսի 10-ին IDEF-2011 սպառազինությունների ցուցահանդեսում, որը կանցկացվի Ստամբուլում:
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 500 միլիոն դոլար: Առաջին տանկերը զորքեր կմտնեն հավանաբար 2015թ.: Թուրքական տանկի ստեղծման մասին պահմանագիրը ստորագրվել է 2007թ. երկրի ռազմական արդյունաբերության քարտուղարության և թուրքական Otokar ընկերության միջև: Հետագայում Otokar-ը հարավկորեական Hyundai Rotem ընկերության հետ պայմանագիր է կնքել նոր տանկի համատեղ նախագծման շուրջ: Վերջինս հաղթող է ճանաչվել հայտարարված մրցույթում, քանի որ համաձայնվել է Թուրքիային հանձնել K-2 Black Panther տանկում օգտագործված տեխնոլոգիաները: Որոշ տվյալներով նոր Altay-ը 60 տոկոսով փոխառել է K-2-ի տեխնոլոգիաները:
Հեռանկարում Altay-ը պետք է փոխարինի այսօր թուրքական բանակում եղած գերմանական Leopard 1/A և 2/A, ամերիկյան M48 և M60 տանկերին: